Սբ. Բեռնարդոս, « Հասել է ժամանակը, երբ ամեն անպատվություն պետք է ջնջվի »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), II, 3 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).

 


[...] Ուրախացի՛ր, ո՜վ հայր Ադամ, և առավել ևս դու, ո՜վ մայր Եվա, բերկրանքով լցվիր։ Դուք, որոնցիցդ բոլորը ծնվեցին և որոնց պատճառով բոլորը մահացան, մանավանդ թե (և սա ավելի ցավալի է) դուք, որ մեզ կյանքը տալուց առաջ արդեն մեզ մահը տվեցիք, երկուսդ էլ մխիթարվեցեք այս դուստրն [ունենալով], և ինչպիսի՜ դուստր։ Եվ թող որ ավելի մխիթարվի նա, ումից առաջին հերթին ծնունդ առավ չարիքը և ում անպատվությունն տարածվեց բոլոր կանանց վրա։ Արդարև, հասել է ժամանակը, երբ ամեն անպատվություն պետք է ջնջվի և տղամարդն այլևս ոչինչ չունենա հանդիմանելու կնոջը. այն տղամարդը, որը մինչ անխոհեմորեն փորձում էր արդարացնել ինքն իրեն, չվարանեց անգութ կերպով մեղադրել կնոջը, ասելով. «Կինը, որին դու տվեցիր ինձ, նա ինձ տվեց ծառի պտուղը, և ես կերա»։ Ուստի, Եվա, շտապի՛ր Մարիամի մոտ. դու՝ մայր, շտապի՛ր դստեր մոտ. և թող որ դուստրը պատասխան տա մոր փոխարեն, թող որ դուստրը ջնջի մոր անպատվությունը, թող որ հորը վճարի մոր պարտքը, որովհետև, ահա՛, եթե տղամարդն ընկավ կնոջ պատճառով, այժմ կրկին ոտքի չի կանգնեցվում, եթե ոչ՝ կնոջ միջոցով։ [...]