Սբ. Բեռնարդոս, « Գեղեցիկ է այս միությունը կուսության և խոնարհության »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), I, 5 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).

 


[...] «Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց»։ Ո՞ւմ մոտ։ «Մի Կույսի, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ»։

Ո՞վ է այս Կույսը այսքա՜ն արժանի պատվի, որ ողջույն է ստանում մի հրեշտակից, և այսքա՜ն խոնարհ, որ նշանվել էր մի արհեստավորի հետ։ Գեղեցիկ է այս միությունը կուսության և խոնարհության, և Աստծուն մեծապես սիրելի է այն հոգին, որի մեջ խոնարհությունը թանկարժեք է դարձնում կուսությունը, և կուսությունը հանդիսանում է խոնարհության զարդը. իսկ ինչպիսի՜ երբևէ մեծարանքի ու պատվի արժանի կարող է լինել նա, ում մոտ արգասավորությունը պանծացնում է խոնարհությունը, և երկունքը նվիրագործում է կուսությունը։

Դու լսում ես, որ խոսվում է մի կույսի և մի խոնարհի մասին. եթե չես կարող նմանվել խոնարհի կուսությանը, նմանվի՛ր կույսի խոնարհությանը։

Կուսությունը գովասանքի արժանի առաքինություն է, բայց խոնարհությունն առավել հարկավոր է։ Խոնարհության մասին է ասվել. «Եթե մեկն այս մանկան նման չդառնա, երկնքի արքայություն չի մտնի»։ Ուստի, կուսությունը վարձատրվում է, իսկ սա – խոնարհությունը – պահանջվում է։ Կարող ես փրկվել առանց կուսության, բայց չես կարող՝ առանց խոնարհության։ Խոնարհությունը կարող է հաճելի լինել [Աստծուն], երբ արտասվում է կորցրած կուսության համար. բայց առանց խոնարհության, համարձակվում եմ ասել, որ Աստծուն հաճելի չէր լինի նույնիսկ Մարիամի կուսությունը։ «Ո՞ւմ վրա կհանգչի իմ Հոգին», ասում է Նա, «եթե ոչ նրա, ով խոնարհ է ու խաղաղասեր»։ Նրա վրա, ով խոնարհ է, – ասում է, – ո՛չ թե՝ նրա վրա, ով կույս է։

Եթե Մարիամը խոնարհ չլիներ, Սուրբ Հոգին չէր հանգչի նրա վրա։ Եթե չհանգչեր նրա վրա, նրան չէր արգասավորի. ինչպե՞ս կարող էր Կույսը հղանալ Սուրբ Հոգուց առանց Նրա միջամտության։ Ուստի ակնհայտ է, որ նրան Սուրբ Հոգուց հղանալ տալու համար Աստված «տեսավ Իր աղախնու խոնարհությունը», ինչպես ինքն իսկ ասում է. տեսավ նրա խոնարհությունը, ո՛չ թե կուսությունը։ Եվ թեև Սուրբ Հոգուն հաճելի եղավ իր կուսությամբ, այդուամենայնիվ՝ Կույսը հղացավ իր խոնարհությամբ։ Հարկավոր է եզրակացնել. անկասկած խոնարհությունն է, որ հնարավոր դարձրեց, որ կուսությունը հաճելի լինի Աստծուն։ [...]