Սբ. Բեռնարդոս, « Անձն իմ մեծարում է Տիրոջը »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Ուսուցումների Երրորդ Հավաքածու »ից, 127 (Sententiarum series tertia).

 


[...] «Անձն իմ մեծարում է Տիրոջը». խոսքերով, գործերով, ներքին տրամադրությամբ։ Նրան մեծարում է փառաբանելով, սիրելով, քարոզելով։ Նրան մեծարում է միաժամանակ ձև և նյութ տալով փառաբանությանը, սիրելուն և մեծարելուն։

«Անձն իմ մեծարում է Տիրոջը», որովհետև մեծասքանչ կերպով մեծարվել է Նրա՝ մեծագործություններ գործողի կողմից։ Նախևառաջ, [անձս] մեծասքանչ կերպով ստեղծվել է Նրա պատկերով ու նմանությամբ. բայց հետո, հանձինս Ադամի, թշվառորեն տձևացել է. այժմ, է՛լ ավելի մեծասքանչ, է՛լ ավելի փառավոր և է՛լ ավելի հիանալի կերպով վերսին ձևավորվել է Տիրոջ անձում։

«Անձն իմ մեծարում է Տիրոջը»։

Բոլոր արարածները փառաբանում են Նրան. բայց է՛լ ավելի, ուրիշ որևիցէ արարածից վեր, իմ հոգին է, որ մեծարում է Նրան։ Իրոք, ուրիշ ոչ մի արարածի մեջ Տերը չկատարեց այնքան մեծասքանչ գործեր, որքան իմ հոգու մեջ։ Բայց Նա Տերն է. ինչպես Ինքը կամեցավ, այնպես էլ եղավ։

«Անձն իմ մեծարում է Տիրոջը»։

Նրան է, որ պետք է մեծարես, ո՛չ թե՝ ինքդ քեզ։ Ով մեծարում է ինքն իրեն, անարգում է Աստծուն, [ուրանալով փաստը, որ Նրանից է ստացել] այն ամենը, որ իր մեջ [բարի] է, և հետևաբար՝ [իրականում] չի մեծարում, այլ՝ ստորացնում է ինքն իրեն։

Քո գործը ինքդ քեզ խոնարհեցնելն է. Աստված Ինքն է, որ պետք է բարձրացնի ու փառավորի քեզ։ [...]

«Աստված Իր հայացքն ուղղեց Իր խոնարհ աղախնու վրա»։ Մարիամը երբեք չէր համարձակվի և ո՛չ իսկ բարձրացնել իր հայացքը դեպի Նա, եթե Նա Ինքը չբարեհաճեր առաջինը ուղղել Իր հայացքը նրա վրա։

Նախևառաջ ողորմածորեն մեր վրա ուղղեց Իր հայացքը, որովհետև մեր թշվառությունը մեզ չափազանց արհամարհելի էր դարձրել։ Եվ ի նկատի առ, որ Մարիամը չի գոհանում ասելով. «Իր հայացքն իմ վրա», կամ «Իր խոնարհ աղախնու վրա», կամ «իմ խոնարհության վրա ուղղեց», այլ՝ աստվածային ողորմությունը խոնարհվեց։ [...]