Սբ. Բեռնարդոս, « Ամենամեծ արժեքը խոնարհությունն է »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), I, 6.9 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).

 


[...] Այդ ի՜նչ ես ասում, ո՜վ կույս, այդքան հպարտությամբ։ Մարիամը, մոռանալով իր կույս լինելը, պարծենում է միմիայն իր խոնարհությամբ, մինչդեռ դու, արհամարհելով խոնարհությունը, ինքդ քեզ շողոքորթում ես կուսությամբդ։ Մարիամն ասում է. Աստված «տեսավ Իր աղախնու խոնարհությունը»։ Ով արտասանել է այս խոսքերը, բոլորից գերիվեր սուրբ Կույսն է, ողջախոհ Կույսը, աստվածասեր Կույսը։ Մի՞թե քո մեջ ավելի ողջախոհություն կա, քան իր մեջ։ Մի՞թե իրենից ավելի աստվածասեր ես։ Քո ամոթխածությունը մի՞թե ավելի ընդունելի է, քան Մարիամի ողջախոհությունը, այն աստիճան, որ սա քեզ բավական լինի, միայնակ, առանց խոնարհության, հաճո լինելու Աստծուն, երբ Մարիամի ողջախոհությունը բավական չեղավ իրեն։

Որքան ավելի ես պատվի արժանի՝ կուսության եզակի պարգևի համար, այնքան ավելի մեծ անարգանք ես անում ինքդ քեզ, եթե քո մեջ ապականում ես նրա գեղեցկությունը՝ նրան հպարտություն խառնելով։ Ուստի, քեզ ավելի ձեռնտու է կույս չլինել, քան թե կուսությանդ պատճառով գոռոզանալ։ Կուսությունը բոլորինը չէ, բայց շա՜տ ավելի քչերինն է կուսությանը միացած խոնարհությունը։

Եթե, հետևաբար, կարող ես միայն զմայլվել Մարիամի կուսությամբ, շտապի՛ր նմանվել նրա խոնարհությանը, և սա բավական է քեզ։ [...]

Պատվեցեք ու մեծարեցեք, ամուսիններ, մարմնի անեղծությունը եղծելի մարմնի մեջ. և դուք, նվիրյալ կույսեր, զմայլվեցեք կույսի արգասավորությամբ. և դուք բոլորդ, մարդիկ, նմանվեցեք Աստծո Մոր խոնարհությանը։

Դուք, սուրբ Հրեշտակներ, հարգանք մատուցեք ձեր Թագավորի Մորը, դուք, որ երկրպագում եք մեր Կույսի Որդուն, Նրան, ով միաժամանակ մեր և ձեր Թագավորն է, որ նորոգեց մեր մարդկային զարմը։ [...]