Սբ. Բեռնարդոս, « Մարիամը կույս և մայր »

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), II, 1 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).

 


[...] Մարիամը պարծենում է ծնած լինելով, բայց կհամարձակվեի ասել, որ ո՛չ թե ինքնին ծնած լինելով, այլ՝ Նրա համար, ում ծնել է։ Աստված, – որովհետև Աստծուն է, արդարև, որ նա ծնել է, – որ հետո տալու էր Իր Մորը մի եզակի փառք երկնքում, կամեցավ նաև երկրի վրա կանխավ զարդարել նրան նույնքան եզակի մի շնորհով. այն շնորհով, որի զորությամբ նա անասելի կերպով հղացավ՝ անաղարտ մնալով, և ծնեց՝ մնալով անեղծ։ Անկասկած, միայն այսպիսի ծնունդն էր պատշաճ Աստծուն. ծնվել ոչ ա՛յլ կերպ, քան կույսից։ Եվ միայն այսպիսի ծնունդն էր պատշաճ Կույսին. ծնել ոչ ա՛յլ ոք, քան Աստծուն։ Ուստի մարդկանց Արարիչը, մարդ դառնալու համար կարիքն ունենալով ծնվել մարդուց, կարիքն ունեցավ բոլոր կանանց միջից ընտրել, մանավանդ թե՝ կարիքն ունեցավ ստեղծել այսպիսի մի մայր, որին համապատասխան էր նկատում Իրեն և վստահ էր, որ Իրեն հաճո կլիներ։ Այսպիսով կամեցավ, որ կույս լիներ [Իր Մայրը], որպեսզի նրանից՝ անարատից անարատ ծնվեր Նա, որ լվանալու էր բոլորի արատները։ [...] Կամեցավ, որ խոնարհ լիներ Մայրը, որ ծնելու էր Իրեն՝ սրտով հեզ ու խոնարհին, տալով բոլորին այս առաքինությունների անհրաժեշտ ու փրկարար օրինակը։ Պարգևեց Կույսին մայրություն, նրան կուսության ուխտը ներշնչելուց և խոնարհության առաքինությամբ նրան զարդարելուց հետո։ [...]