Սբ. Բեռնարդոս, « Մարիամը սիրուց խոցված »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Քարոզներ Երգ Երգոցի շուրջ » աշխատությունիցից, XXIX, 8 (Sermones super Cantica Canticorum).

 


[...] Նետ է Աստծո Խոսքը, կենդանի և ազդու, երկսայրի որևէ սրից ավելի ներթափանցող, որի մասին ասում է Փրկիչը. «Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ՝ սուր»։

Եվ ընտիր նետ է նաև Քրիստոսի սերը, որը ո՛չ միայն հարվածեց Մարիամի հոգուն, այլ՝ կտրեց անցավ նրա մի ծայրից մյուսը, որպեսզի կուսական կրծքում դատարկ չմնար և ո՛չ իսկ նվազագույն մի մաս, այլ՝ սիրեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, բոլոր ուժերով, և լիուլի լցվեր շնորհով։

Նրա միջով անցավ՝ հասնելու համար մեզ, և որպեսզի այդպիսով Իր լիությունից մենք բոլորս ստանայինք [Իր աստվածային սիրո շնորհները]. և [Մարիամը] դառնար Մայրը սիրո, որի Հայրը Աստված-Սերն է, ծնելով և արևի մեջ հաստատելով Իր տապանակը, որպեսզի կատարվեր Գրությունը, որ ասում է. «Քեզ լույս դարձրեցի ժողովուրդների համար, որպեսզի իմ փրկությունը տանես մինչև երկրի ծայրերը»։

Սա իրականացավ Մարիամի միջոցով, ով ո՛չ [այր մարդու] մարմնից, ո՛չ էլ [իր] մարմնի զորությամբ որպես տեսանելի ծնեց Նրան, ում ընդունել էր իբրև անտեսանելի։

Նա իր ամբողջ էության մեջ ստացավ սիրո մի լայն ու ընդարձակ ու քաղցր վերք։ Ես ինձ երջանիկ կնկատեմ, եթե գոնե երբեմն մի թեթև ծակոց անգամ զգամ այդ սրի ծայրից, որպեսզի իր սիրո ամենափոքրիկ վերքն անգամ ստանալով՝ հոգիս կարողանա ասել. «Խոցված եմ սիրուց» (հմմտ. Երգ 2, 5)։ [...]