Սբ. Հովհան Դամասկացի, « Երկինք վերափոխված Աստվածամայրը օրհնություն է աշխարհի համար »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Հովհան Դամասկացու (676-749) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման մասին Քարոզ »ից, 1, 10-13.

 


[...] Կյանքի աղբյուրը կյանքի բերվեց անցնելով մահվան ընդմիջով։ Նա, որ մայրանալու պահին հակառակվել էր բնության օրենքներին, այժմ ենթարկվում է այդ օրենքներին, մահվանը հանձնելով իր անարատ մարմինը։ Արդարև, երբ կմերկանանք այս մահկանացու հանդերձանքից, պետք է զգեստավորվենք անապականությամբ (հմմտ. 1Կր 15, 53), քանի որ բնության Տերն Ինքն էլ չկամեցավ ազատվել մահվան փորձառությունից։ Մարմինն, իսկապես, մահանալով՝ մահով հաղթում է մահվանը. ապականության միջոցով ձեռք է բերում անապականությունը. մի խոսքով, իր մահը դարձնում է հարության աղբյուր։ Տիեզերքի Արարիչն Իր իսկ ձեռքերով ընդունում է այն սուրբ հոգին, որի մեջ մարմնացյալն Աստված հաստատել էր Իր օթևանը։ Տերը հարկ եղած պատիվն է ընծայում նրան, ում – հակառակ արարած լինելու նրա բնությանը – Նա, մարդկանց նկատմամբ Իր անսպառ բարեգթությամբ, ընտրեց որպես Մայր, փրկության ծրագրի համաձայն, մարմնանալով և ընդունելով մարդկանց հետ համատեղ կյանքը։ Հրեշտակային դասերը, ինչպես որ բնական է ենթադրել, ուշադիր դիտում էին, մինչ սպասում էին, որ դու թողնես մարդկանց։ Ինչպիսի՜ զմայլելի մահ, քանի որ հարթում է ճանապարհդ առ Աստված։ [...]

Ի՞նչ կերպ, ուրեմն, պետք է անվանենք խորհուրդը, որին դու մասնակցում ես։ «Մահ» անվա՞մբ, թերևս։ Եվ սակայն, թեև քո սուրբ ու երանելի հոգին բաժանվեց, բնության օրենքների համաձայն, քո առանձնաշնորհյալ ու անարատ մարմնից, և սա հանձնվեց օրինավոր թաղման, այն, սակայն, չմնաց մահվան մեջ ու չքայքայվեց ապականության մեջ։ Մարմինը նրա, ով երկնած լինելով հանդերձ պահպանեց կուսությունը, վերապահվեց, ի հեճուկս մահվան, այնպես՝ որ չքայքայվեց, այլ ընդհակառակն՝ փոխակերպվեց մի է՛լ ավելի փառահեղ ու աստվածային տապանակի, մահվան իշխանությունից ազատ և սահմանված տևելու հավիտյանս հավիտենից։ Այն նույն կերպ, արդարև, ինչպես արևը, թեև օժտված է մեծապայծառ ու անընդմեջ լույսով, երբ հազիվ թե ծածկվում է լուսնի ետևում, թվում է, թե անհետանում է և մթագնում և խավարի է փոխակերպում իր լուսավորությունը, մինչդեռ իրականում բնավ չի զրկվում դրանից, այլ շարունակում է անդադար պարունակել լույսի մի աղբյուր, և մանավանդ թե՝ ինքն իսկ լույսի մի անսպառելի աղբյուր է, որովհետև Աստված՝ իր Արարիչը, իրեն այսպիսին է ստեղծել. միևնույն ձևով, [ո՜վ Մարիամ], դու նույնպես ճշմարիտ լույսի մշտնջենավոր աղբյուր ես, ինքնին կյանքի անսպառելի գանձ, օրհնության արգասավոր ակունք, մեր բոլոր բարիքների պատճառն ու ծագումը։ Եվ թեև մահը մի որոշ ժամանակով թաքցրեց քո մարմինը, այդուհանդերձ քեզնից բխում են ճաճանչափայլ լույսի, անմահ կյանքի ու իրական երջանկության ջինջ ու անսպառ աղբյուրներ, շնորհի գետեր, բուժիչ վտակներ, մի անվերջ օրհնություն։ « Դու », արդարև, « նման ես խնձորենու անտառի ծառերի մեջ, [...] քո պտուղը քաղցր է » հավատացյալների « քիմքի համար » (Երգ 2, 3)։ Քո սրբազան Վերափոխումն, ուստի, չենք անվանի «մահ», այլ ավելի շուտ՝ «ննջում», կամ՝ «ճամփորդություն», կամ ավելի ճշգրիտ կերպով՝ «ժամանում»։ Մարմնին հրաժեշտ տալով, իրոք, գնում ես լավագույն իրականությունների մեջ ապրելու։

Հրեշտակները հրեշտակապետերի հետ իրենց ձեռքերի վրա կրեցին քեզ։ Անմաքուր ոգիները սարսափեցին, տեսնելով, թե ինչպես ես բարձրանում երկինք։ Օդը օրհնվեց քո անցնելուց, եթերը քեզ հպվելով սրբագործվեց։ Երկինքն ուրախությամբ ընդունեց քո հոգին։ Երկնային զորություններն ընդառաջ ելան քեզ սրբազան երգերով ու տոնական թափորով, մոտավորապես այս խոսքերն ասելով. « Ո՞վ է սա, որ առաջ է գալիս արշալույսի նման, գեղեցիկ ինչպես լուսինը, ընտիր ինչպես արևը » (Երգ 6, 9)։ Որքա՜ն գեղեցիկ ես, որքա՜ն հեզ ու անուշ։ « Դաշտերի ծաղիկ ես, ինչպես շուշանը փշերի մեջ » (հմմտ. Երգ 2, 1). « դրա համար աղջիկները սիրում են քեզ. հավաքվում են քո բուրմունքից հրապուրված » (հմմտ. Երգ 1, 2)։ Թագավորը մտցրեց քեզ Իր սենյակը, ուր Իշխանությունները հսկում են քո հանգիստը, Պետություններն օրհնում են քեզ, Գահերը տոն են կազմակերպում քո համար, Քերովբեներն ապշած են մնում բերկրանքի ու հիացմունքի գերառատությունից, Սերովբեները գովերգություններ են երգում քո համար, որ եղար իսկապես Տիրոջ Մայրը։ Եղիայի նման չէ, արդարև, որ բարձրացար երկինք (հմմտ. 4Թգ 2, 1), ո՛չ էլ Պողոսի նման հափշտակվեցիր մինչև երրորդ երկինք (հմմտ. 2Կր 12, 2)։ Այլ մանավանդ թե, հասար մինչև Որդուդ արքայական գահը, ուրախությամբ Նրա վրա սևեռելով քո իսկ աչքերը և վայելելով մի արտակարգ ազնվականություն ու վեհություն, դու, որ անարտահայտելի բերկրանք եղար հրեշտակների ու երկնային բոլոր զորությունների համար, անվերջ ուրախություն նահապետների, անասելի զվարթություն արդարների, մշտատև ցնծություն մարգարեների, օրհնություն աշխարհի համար, ո՜վ սրբացնողդ ամեն ինչի, հանգիստդ հոգնատանջ եղածների, մխիթարությունդ արտասվողների, դարմանդ հիվանդների, նավահանգիստդ փոթորկի մեջ ալեկոծվողների, ներումդ մեղավորների, սփոփանքդ վշտահարների, արագահաս օգնությունդ բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։

Հոգիդ, իրոք, չիջավ դժոխք և մարմինդ չտեսավ ապականություն (հմմտ. Սղմ 15, 10)։ Քո մարմինը, անարատ ու որևէ ապականությունից զերծ լինելով, չթողնվեց երկրի վրա, այլ՝ դու, ո՜վ Թագուհի, Տիրուհի ու Իշխանուհի, Աստծո ճշմարիտ Մայր, վերափոխվեցիր դեպի երկնային արքայական օթևանները։ Երկինքը դեպի իրեն ձգեց նրան, որի մեծությունը առավել գերազանց է, քան երկինքներինը։ [...]