Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, « Մարիամը հայեցողության տիպար »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի (1920-1978-2005) « Պսակ Կուսին Մարիամու » Կոնդակից, 10-11.13 (Rosarium Virginis Mariae).

 


[...] Հանձինս Մարիամի, Քրիստոսի հայեցողությունը գտնում է իր անգերազանցելի տիպարը: Որդու դեմքը նրան պատկանում է հատուկ տիտղոսով։ Նրա արգանդում կազմավորվեց այդ դեմքը, ստանալով նրա հետ նաև մարդկային նմանություն, որն հիշեցնում է նրանց հոգևոր սերտ կապը, որն անշուշտ շատ ավելի մեծ է։ Քրիստոսի դեմքի հայեցողությանը ոչ ոք նույնքան հարատևությամբ նվիրված չէ, որքան Մարիամը։ Մարիամի սրտի աչքերը որոշակի կերպով կենտրոնանում են Հիսուսի վրա Ավետումից իսկ սկսած, երբ Հիսուսին հղանում է Սուրբ Հոգու ներգործությամբ. հաջորդ ամիսների ընթացքում սկսում է զգալ Նրա ներկայությունը և գուշակել Նրա դիմագծերը։ Երբ վերջապես լույս աշխարհ է բերում իր Որդուն Բեթղեհեմում, իր մարմնական աչքերը նույնպես քնքշանքով ուղղվում են Նրա դեմքին, մինչ իր Որդուն խանձարուրներով փաթաթում և դնում է մսուրի մեջ (հմմտ. Ղկս 2, 7)։

Այդ վայրկյանից սկսած, պաշտողական հիացմամբ միշտ հարուստ, Մարիամի հայացքը երբեք չէր բաժանվելու Նրանից։ Երբեմն լինելու էր հարցումնալի հայացք, ինչպես տաճարի ներսում Հիսուսին կորցնելու պատմության մեջ. «Որդյակ, ինչո՞ւ այս բանը արեցիր մեզ» (Ղկս 2, 48). լինելու էր, ամեն պարագայի, խորաթափանց հայացք, ընդունակ՝ կարդալու Հիսուսի ներաշխարհից ներս, մինչև կարողանալը նշմարել Նրա ծածուկ զգացումները և գուշակել Նրա ընտրությունները, ինչպես Կանայում (հմմտ. Հվհ 2, 5). ուրիշ անգամներ լինելու էր ցավագին հայացք, հատկապես խաչի դիմաց, ուր մի անգամ ևս լինելու էր, որոշակի իմաստով, «ծննդկանի» հայացք, քանի որ Մարիամը չէր սահմանափակվելու Միածնի չարչարանքներին և մահվանը բերած իր մասնակցությամբ, այլ՝ ընդունելու էր նաև նոր որդուն, որն իրեն վստահվելու էր հանձինս սիրելի աշակերտի (հմմտ. Հվհ 19, 26-27). Զատկի առավոտյան լինելու էր լուսաշող հայացք, հարության բերկրանքի համար, և, ի վերջո, հրավառ հայացք, Հոգեգալստյան օրը տեղի ունեցած Հոգու հեղման զորությամբ (հմմտ.Գրծ 1, 14)։

Մարիամը ապրում էր աչքերը Քրիստոսի վրա սևեռած և գանձում էր Նրա խոսքերից յուրաքանչյուրը. «Այս ամենը պահում էր իր սրտում և խորհրդածում էր դրանց շուրջ» (Ղկս 2, 19; հմմտ. 2, 51)։ Հիսուսի վերաբերյալ հիշատակները, Մարիամի հոգու խորքում դրոշմված, նրան ընկերակցել են ամեն տեսակ իրավիճակներում, առաջնորդելով մտովին վերապրելու Որդու հետ միասին անցկացրած տարիների զանազան պահերը։ [...] Եվ այժմ էլ, երկնային Երուսաղեմի ցնծալի նվագների մեջ, շնորհակալության և փառաբանության իր ունեցած պատճառները մնացել են անփոփոխ։ Դրանք են, որ ներշնչում են հաղորդում պանդուխտ Եկեղեցու հանդեպ տածած նրա մայրական հոգածությանը. Եկեղեցու, որի ներսում Մարիամը շարունակում է զարգացնել և տարածել ավետարանչուհու իր «պատմվածքի» որտայնը։ Մարիամը քրիստոնյաներին անդադար ներկայացնում է իր Որդու «խորհուրդները», փափագելով, որ լինեն նրանց հայեցողության առարկան, որպեսզի հնարավորությունն ունենան սանձազերծելու իրենց ողջ փրկարար ուժը։ [...]

Մարիամի գործադրած հայեցողությունը նախևառաջ նշանակում է վառ պահել հիշողությունները։ Սակայն, այս բառը հարկավոր է հասկանալ հիշողության աստվածաշնչյան իմաստով (zakar), որը սեփական կյանքում ներկա է դարձնում գործերը, որոնք Աստված կատարել է փրկության պատմության ընթացքում։ Աստվածաշունչը պատմությունն է փրկարար իրադարձությունների, որոնք իրենց գագաթնակետին հասնում են հանձինս Իր՝ Քրիստոսի։ Այդ իրադարձությունները միայն և լոկ «երեկ» չեն. փրկության նաև «այսօր»ն են։ Այս այժմեացումը իրագործվում է հատկապես Ծեսի մեջ. այն, ինչ Աստված կատարել է դարեր առաջ, չի վերաբերվում միմիայն իրադարձությունների ականատես վկաներին, այլ՝ շնորհի իր պարգևով հասնում է բոլոր ժամանակների մարդկանց։ Սա վավերական է, որոշակի իմաստով, այդ իրադարձությունների նկատմամբ ունեցած նաև մյուս բոլոր բարեպաշտ մերձեցումների համար. «հիշել», հավատքի և սիրո հոգեկան տրամադրվածությամբ, նշանակում է բացվել շնորհի առաջ, որը Քրիստոս շահեց մեր համար Իր կյանքի, մահվան և հարության խորհուրդներով։

Այս իսկ պատճառով, մինչ Վատիկանյան Երկրորդ Ժողովի հետ միասին հաստատում ենք, որ Ծեսը, որպես Քրիստոսի քահանայական պաշտոնի գործադրում և հասարակական պաշտամունք, «գագաթնակետն է, դեպի ուր է ձգտում Եկեղեցու գործունեությունը, և, միաժամանակ, աղբյուրն է, որից բխում է իր ողջ ուժը», հարկավոր է նաև մտաբերել, որ հոգևոր կյանքը «չի սպառվում Սրբազան Ծեսին բերված մասնակցությամբ միայն։ Քրիստոնյան, հասարակաց աղոթքին կանչված լինելով հանդերձ, պետք է ամփոփվի նաև իր սենյակից ներս, ծածուկ աղոթելու համար Հորը (հմմտ. Մտթ 6, 6). ավելին, հարկավոր է անդադար աղոթել, ինչպես ուսուցանում է Առաքյալը (հմմտ. 1Թղ 5, 17)»։ [...] Իսկապես, խորհուրդից խորհուրդ առաջ գնալով խորասուզվել Փրկչի կյանքից ներս, որպես արդյունք ունի փաստը, որ այն ամենը, ինչ Քրիստոս գործեց և Եկեղեցին այժմեացնում է, խորապես յուրացվում է քրիստոնյայի կողմից և կաղապարում է նրա կյանքը։ [...]