Ռաբբուլաս Եդեսացի, « Ողջո՜ւյն քեզ, ո՜վ նավ, որ մարդկանց բերում ես նոր կյանքը »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռաբբուլաս Եդեսացու (350-436) « Ծիսական շարականներ » աշխատությունից, 1-5.

 


[...] Ողջո՜ւյն քեզ, Մարիամ, Աստծո ամբողջովին սուրբ Մայր, ողջ աշխարհի սքանչելի ու մեծափայլ գանձ, շողացող լույս, Անըմբռնելիի բնակարան, գոյություն ունեցող ամեն ինչի Արարչի մաքուր տաճար։ Ողջո՜ւյն քեզ, որովհետև քո միջոցով մեզ ավետարանվեց Նա, ով ջնջեց աշխարհի մեղքերը և փրկեց այն։ [...] Ինչպե՞ս կարող ենք գովաբանել քեզ, ո՜վ խոնարհ, քեզ, որ ամբողջովին սուրբ ես, քեզ, որ բոլոր հավատացյալներին պարգևում ես օգնություն և ուժ։ Մենք բոլորս այս աշխարհում դեպի վեր ենք նայում և փրկության հույսը ակնկալում ենք քեզնից, ո՜վ խոնարհ։ Ամրապնդիր մեր հավատքը և խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին։ Սրա համար մենք հավատացյալներս քեզ գովաբանում ենք որպես քերովբեական գահ և որպես Աստծո օթևան ժամանակի մեջ։ Աղոթիր և մեր բոլորիս համար աղերսիր, որպեսզի մեր հոգին փրկվի գալիք զայրույթից։

Ո՜վ մաքրագույն Մայր, օգնիր մեզ՝ խեղճերիս, ինչպես որ սովոր ես վարվել։ Դու տեսնում ես, թե ինչպես ենք մենք՝ երկրի զավակներս, մոտենում վախճանին ու մոլորվում։ Մեր համար հայցիր, ուստի, շնորհը քո բարեխոսությամբ, ո՜վ մաքուր և սուրբ Կույս։ Անդադար աղաչիր մեր համար, որպեսզի մեր չարությունը չկործանի մեզ և հայացքդ մեր վրա ուղղիր, ո՜վ օրհնյալ, մինչ աղոթում ես քո Միածնին, քեզնից դուրս ելած Որդուն, որպեսզի մեր հանդեպ գութ ունենա հանուն քո սուրբ աղոթքների։ Ողջո՜ւյն քեզ, ո՜վ նավ, որ մարդկանց բերում ես նոր կյանքը։ Ողջո՜ւյն քեզ, ո՜վ սուրբ վեմ, որի վրա բնակվելու իջավ արքայից Արքան։ Ողջո՜ւյն քեզ, ո՜վ խոնարհ Կույս, Աստծո Մայր։ Խնդրում ենք, օրհնյա՜լ. խնդրում ենք, երանելի՜։ Քո Միածնին, քեզնից դուրս ելած Որդուն մեր համար ներկայացրու քո բոլոր աղաչանքները, որպեսզի մեր հանդեպ գութ ունենա հանուն քո սուրբ աղոթքների։

Ո՜վ Սրբուհի, Միածնիդ առաջ բարեխոսիր մեղավորների համար, որոնք քո մեջ ապաստան են փնտրում։ Որովհետև բոլոր պատիժները, որոնք հարվածեցին նախորդ սերնդին, պատրաստ են մեր համար և հարվածում են մեզ։ Տե՛ս, թե ինչպես է ապականողը լարել իր աղեղը և նետերը լարի վրա է դրել հարվածելու համար, ինչպես որ սովորել է անել։ Տե՛ս այս բոլոր նախազգուշացնող նշանները երկնքում և երկրի վրա, և հարվածները, որ սեղմում են սիրտը։ Սրա համար ապաստանում ենք քո մոտ, որպեսզի կարողանանք աղաղակել Որդուդ, ասելով. «Դու, որ պատժում ես հպարտ սրտերը, ո՜վ Քրիստոս. Դու, որ հարվածում ես ու բուժում. ուղղիր մեզ Քո ողորմությամբ և մեզ Քոնը դարձրու Քո շնորհով. ներողամտությունդ գործի դիր և ողորմիր մեզ»։ [...]