Սբ. Օգոստինոս, « Մարիամի երանության պատճառը »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Հովհաննու Ավետարանի Մեկնություն » աշխատությունից, 10, 3.

 


[...] Այն անգամ, որ Հիսուսին – մինչ Նա խոսում էր Իր աշակերտների հետ – տեղեկացրեցին, որ դրսում Իր մայրն ու եղբայրները սպասում էին, Նա ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները։ Եվ, ձեռքն իր աշակերտների կողմը պարզելով, ասաց. Ահա՛ իմ եղբայրները, որովհետև յուրաքանչյուր ոք, որ կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, ինձ եղբայր է, քույր և մայր» (Մտթ 12, 46-50)։ Մարիամը նույնպես, հետևաբար, որովհետև կատարեց Հոր կամքը։ Այս բանը Աստված գովեց նրանում, այսինքն՝ ո՛չ թե իր մարմնից Որդու մարմինը ծնած լինելու փաստը, այլ՝ Հոր կամքը կատարած լինելը։ Ուշադրություն դարձրեք այս հանգամանքին։

Մինչ ամբոխը լիակատար հիացման մեջ էր Տիրոջ հանդեպ, ի տես հրաշքների ու սքանչելագործությունների, որոնք բացահայտում էին, թե ի՛նչ էր թաքնված Նրա մարմնում, ինչ որ մեկը, խանդավառությամբ բռնված, գոչեց. «Երանի՜ այն արգանդին, որ կրեց քեզ։ Իսկ Հիսուսը. «Ավելի երանի՜ նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը և պահում են այն» (Ղկս 11, 27)։ Կարծես ուզում էր ասել. իմ մայրը նույնպես, որին դուք երանելի եք անվանում, երանելի է, որովհետև պահում է Աստծո խոսքը, ո՛չ որովհետև իր մարմնում Բանը (*) մարմնացավ և բնակվեց մեր մեջ. որովհետև պահեց Աստծո Բանը, որի միջոցով ստեղծվեց և որն իր մեջ մարմնացավ։ Թող որ չպարծենան, մարդիկ, մարմնական զավակներով. թող որ ցնծան, ավելի շուտ ու ավելի շատ, եթե այդ զավակները հոգով միացած են Աստծուն։ [...]

 


(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։