Սբ. Օգոստինոս, « Մարիամի որդին ըստ մարմնի, Մարիամի Տերը ըստ վեհության »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Հովհաննու Ավետարանի Մեկնություն » աշխատությունից, 8, 9.

 


[...] Ինչո՞ւ, ուրեմն, [Կանայի հարսանիքի ժամանակ] Որդին ասաց Մորը. « Ի՞նչ կա իմ ու քո միջև, ո՜վ կին։ Իմ ժամը տակավին չի հասել » (Հվհ 2, 4): Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Աստված էր և մարդ. որպես Աստված, չուներ մայր. որպես մարդ, ուներ։ Հետևաբար, [Մարիամը] Մայրն էր Նրա մարմնի, Մայրն էր Նրա մարդկության, Մայրն էր Իր տկարության, որը Նա ստանձնեց մեր համար։ Բայց հրաշքը, որ Նա պատրաստվում էր կատարել, գործն էր Իր Աստվածության, ո՛չ թե Իր տկարության. դա կատարեց որպես Աստված, ո՛չ թե որպես տկար ծնված մարդ։ Բայց « Աստծո տկարն առավել հզոր է, քան մարդկային ողջ կարողությունը » (1Կր 1, 25)։ Իր Մայրն Իրենից մի հրաշք է խնդրում. Հիսուսը, մի աստվածային գործ կատարելու պահին, կարծես չի ընդունում [Իրեն ծնած] մարդկային ծոցը, գրեթե ասելով. Իմ այն մասը, որ գործում է այս հրաշքը, այն դու չես ծնել, դու չես ծնել Իմ աստվածային բնությունը. բայց, քանի որ ծնել ես Իմ տկարությունը, այն ժամանակ քեզ կընդունեմ, երբ Իմ այս տկարությունը կախված կլինի խաչից։ Արդարև, սա են նշանակում « Իմ ժամը տակավին չի հասել » խոսքերը։ Այդ ժամանակ կընդունի Իր Մորը, Նա, որ նրան անշուշտ միշտ էլ ճանաչել էր։

Նրանից ծնվելուց առաջ արդեն, նախասահմանման մեջ ճանաչել էր նրան որպես Իր Մայրը. նրան – որպես Աստված – ստեղծելուց առաջ, որից – որպես մարդ – ստանալու էր գոյությունը։ Բայց ինչ որ մի պահի, խորհրդավոր մի ծրագրի համաձայն, չի ընդունում նրան, իսկ մի ուրիշ պահի, որը դեռ չէր հասել, ընդունում է նրան, կրկին այդ խորհրդավոր ծրագրի համաձայն։ Ընդունելու էր նրան այն ժամանակ, երբ այն, ինչը որ նա ծնել էր, մահանում էր։ Արդարև, մահանում էր ո՛չ թե այն, ինչը որ Մարիամի միջոցով մարմնացել ու մարդացել էր, այն այն, ինչը որ Մարիամը ծնել էր. ո՛չ թե աստվածային բնությունն էր մահանում, այլ՝ մարմնի տկարությունը։ Այդ պատասխանով, հետևաբար, Տերը կամենում է զանազանել, հավատացյալների հավատքի մեջ, թե ո՛վ է Ինքը, և թե ինչպե՛ս է եկել։ Եկել է մի կնոջ միջոցով, որն Իր համար Մայր է. Նրա, որ երկնքի ու երկրի Աստվածն է ու Տերը։ Որպես աշխարհի Տեր, Տերը երկնքի ու երկրի, Նա անշուշտ Տերն է նաև Մարիամի. որպես երկնքի ու երկրի Արարիչ, Արարիչն է նաև Մարիամի. սակայն, որպես – ինչպես ասվել է – « ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ » (Գղտ 4, 4), Մարիամի որդին է։ Նա, միաժամանակ, Մարիամի Տերն է և Մարիամի որդին, միաժամանակ Մարիամի Արարիչն է և Մարիամից ծնվածը։ Մի՛ զարմացիր, որ Նա միաժամանակ որդի է և Տեր. կոչվում է Մարիամի որդի այնպես, ինչպես որ կոչվում է Դավթի որդի, և [իրոք] Դավթի որդին է, որովհետև Մարիամի որդին է։

Լսեցե՛ք Առաքյալի հստակ վկայությունը. « Մարմնով ծնվեց Դավթի տոհմից » (Հռմ 1, 3)։ Բայց Նա նաև Դավթի Տերն է։ Դավիթն ինքն է, որ դա ասում է։ Լսի՛ր. « Ասաց Աստված իմ Տիրոջը. նստի՛ր իմ աջ կողմում » (Սղմ 109, 1)։ Հիսուսն Ինքը հիշեցրեց այս վկայությունը հրեաների դիմաց, և սրանով նրանց լռության մատնեց։ Ինչպես որ Ինքը, հետևաբար, միաժամանակ Դավթի Տերն է ու որդին, – Դավթի որդին է ըստ մարմնի, Դավթի Տերն է ըստ աստվածության, – նմանապես Մարիամի որդին է ըստ մարմնի, և Մարիամի Տերն է ըստ Իր վեհության։ Եվ քանի որ նա մայրը չէր Իր աստվածության, իսկ հրաշքը, որը նա հայցում էր, պետք է աստվածության գործը լիներ, դրա համար էլ պատասխանեց. « Ի՞նչ կա իմ ու քո միջև, ո՜վ կին »։ Մյուս կողմից, սակայն, որպեսզի դու, Մարիամ, չկարծես, թե քեզ ուրանում է որպես մայր, հավելեց. « Իմ ժամը տակավին չի հասել ». այդ ժամանակ քեզ կընդունեմ, երբ տկարությունը, որի մայրն ես դու, գամված կլինի խաչին։

Տեսնենք, թե արդյոք ճի՞շտ է այս ամենը։ Տիրոջ խաչելությունը պատմելիս, այդ նույն ավետարանիչը, որ ճանաչում էր Տիրոջ Մորը և որպես այդպիսին էր նրան ներկայացրել մեզ նաև այդ հարսանիքի [պատմության] մեջ, այսպես է ասում. « Խաչի մոտ կանգնած էր Հիսուսի մայրը, և Հիսուսն ասաց մորը. Կին, ահա՛ քո որդին։ Իսկ հետո ասաց աշակերտին. Ահա՛ քո մայրը » (Հվհ 19, 25-27)։ Հանձնում է մորը աշակերտին. հանձնում է մորը, նա, որ մահանում էր նրանից առաջ, և որ հարություն էր առնելու նրա մահանալուց առաջ. Նա՝ մարդը, մի մարդու է հանձնում ու վստահում մարդկային էակին։ Սա մարդկային բնությունն է, որը Մարիամը ծնել էր։ Արդեն հասել էր ժամը, որի մասին նախապես ասել էր. « Իմ ժամը տակավին չի հասել »։ [...]