Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ, « ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԸ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Է »

 

 

 

 

 

 

 

 

 

«Եկեղեցին դատապարտում է մեղքը, որովհետև պարտավոր է ասել ճշմարտությունը. ''Սա մեղք է''։ Բայց միաժամանակ գրկում և իր կրծքին է սեղմում մեղավորին, որն ընդունում է իր մեղավոր լինելը, մոտեցնում է նրան, նրան խոսում է Աստծո անսահման ողորմության մասին»։ Սա մի մեջբերում է Ֆրանցիսկոս Պապի մի քանի օր առաջ հրատարակված գրքից, որը մի գիրք-հարցազրույց է կաթողիկե հայտնի լրագրող Անդրեա Թորնիելլիի հետ և կոչվում է «Աստծո անունը Ողորմություն է» (Պիեմմե Հրատարակչատուն, 2016թ.)։

Սա մի շա՜տ գեղեցիկ գրություն է, որտեղ Ֆրանցիսկոս Պապը կարողանում է հստակ կերպով ցույց տալ, որ Աստծո անսահման ողորմությունը չի հակասում Նրա նույնքան անսահման արդարությանը, ինչպես նաև Եկեղեցու յոթ խորհուրդներից Ապաշխարության խորհրդին, որն Արևմտյան Եկեղեցին շատ գեղեցիկ կերպով անվանում է նաև Կրկին Հաշտության խորհուրդ։ Ֆրանցիսկոս Պապը նաև ցույց է տալիս, որ Աստծո ողորմությունը չպետք է շփոթվի կեղծ ''բարեսրտության'' հետ, որի նպատակն ու արդյունքը մարդու գիտակցության սոսկ թմրեցումն է, որովհետև ո՛չ թե բուժում, այլ՝ պարզապես քողարկում, թաքցնում է նրա վերքերը, թողնելով առանց խնամքի։ Դա, իրականում, բարեսրտության դիմակ հագած դաժանություն է։

Աստված ողորմած է, որովհետև ամեն բան ներում է միայն այն դեպքում, երբ մարդու հոգում կա մեղքի գիտակցությունը, այսինքն՝ սեփական սխալներն անթաքույց կերպով տեսնելը և զղջալը այն բանի համար, որ կատարել ենք ընտրություններ կամ քայլել ենք ճանապարհներով, որոնք հակառակվում են մեր սեփական երջանկությանը (ինչպես արդեն գրել էր «Ողորմության Դեմքը» կոնդակում)։ Այո՛, ճիշտ այսպես, որովհետև մեղքը դա սեփական երջանկության ճանապարհին սայթաքելն ու ընկնելն է, դա մի սխալ է սեփական կյանքի համար, դա սեփական երջանկության ժխտումն ու կործանումն է, առավել կամ նվազ չափով։ Եվ երկրորդ հերթին միայն մեղք է Աստծո դեմ, քանի որ Նա մեզ ստեղծել է, որպեսզի լիակատար, ամբողջական կերպով երջանիկ, բերկրալի լինենք։ Չպետք է մեղքից խուսափենք այն պատճառով, որ այդպես ''վշտացնում կամ դժգոհություն ենք պատճառում Աստծուն'', ինչպես որոշ քրիստոնյաներ սխալմամբ ասում են ուրիշներին, հատկապես երեխաներին։ Ո՛չ, այլ՝ որովհետև վնաս ենք հասցնում ինքներս մեզ, նախևառաջ, հեռանալով մեր բարիքից, և մեր իրական բարիքից հեռանալով է, որ հեռանում ենք Աստծուց։

«Երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի դարձի եկած մի մեղավորի համար, քան իննսունիննը արդարների, որոնք դարձի գալու կարիքը չունեն», կարդում ենք Ղուկասի Ավետարանում (15, 7)։ «Տիրոջը հետևելով», բացատրում է Ֆրանցիսկոս Պապը, «Եկեղեցին կանչված է Իր ողորմությունը տարածելու բոլոր նրանց վրա, ովքեր խոստովանում են իրենց մեղավոր լինելը, գիտակցում են իրենց կատարած վատ կամ մինչև իսկ չար գործերը, զգում են, որ կարիքն ունեն ներման։ Եկեղեցին աշխարհում չի գտնվում դատապարտելու համար, այլ՝ հնարավոր դարձնելու համար հանդիպումը այն անճառելի սիրո հետ, որ է Աստծո ողորմությունը»։

Մեծապես ուսուցողական է նաև Սրբազան Քահանայապետի խորհրդածությունը մեղավորի և այլասերվածի միջև գոյություն ունեցող տարբերության մասին։ «Այլասերումը դա մեղքն է, որը որպես այդպիսին ճանաչվելու և մեզ խոնարհ դարձնելու փոխարեն բարձրացվում, պանծացվում, վերածվում է համակարգի, դառնում է մտային կաղապար, ապրելակերպ», բացատրում է Ֆրանցիսկոս Պապը։ «Մեզ այլևս չենք զգում իբրև ներման ու ողորմության կարիքն ունեցող անձինք, այլ՝ արդարացնում ենք ինքներս մեզ և մեր արարքները։ Զղջացած մեղավորը, որն հետո կրկին ու կրկին ընկնում է մեղքի մեջ, իր տկարության պատճառով, վերստին ներում է ստանում, եթե խոստովանում է, որ ողորմության կարիքն ունի։ Այլասերվածը, մինչդեռ, նա է, ով մեղանչում է, բայց չի զղջում. նա է, ով մեղանչում է և քրիստոնյա լինել է ձևացնում, և իր երկակի կյանքով գայթակղեցնում է ուրիշներին։ Այլասերվածը չի ճանաչում խոնարհությունը, չի նկատում իրեն որպես օգնության կարիք ունեցող, մի երկակի կյանք է վարում։ Այլասերվածը հոգնում է ներում հայցելուց և ի վերջո կարծում է, թե դրա կարիքն այլևս չունի։ Մարդը մի ակնթարթում չի այլասերվում. դա մի երկարատև վայրէջք է, որի մեջ մարդն ինքնակամ կերպով խորասուզվում է, և որը չի նույնանում պարզապես մի շարք մեղքեր գործած լինելու հետ»։

Հնարավոր է, որ մարդ մեղավոր լինի, բայց ո՛չ այլասերված։ Դրա ավետարանական օրինակը Զակքեոսն է, այդ մեծ մեղավորը, որի սիրտը սակայն այլասերված չէր, ուստի կարողացավ դարձի գալ, երբ Հիսուսը որոշեց հյուրընկալվել իր տանը։ «Իր մեղավոր սրտում ուներ ինչ որ մի բան, որն իրեն փրկում էր այլասերումից։ Բաց էր ներման դիմաց, իր սիրտը զգում էր, տեսնում էր սեփական տկարությունը, և ահա սա՛ եղավ այն բացվածքը, որի միջով ներս մտավ Աստծո զորությունը»։

Ֆրանցիսկոս Պապը բազմաթիվ անգամներ կրկնել է, որ Եկեղեցին պետք է «Ելքի Եկեղեցի» լինի, այսինքն՝ մի Եկեղեցի, որ ելնում, դուրս է գալիս սեփական փակվածությունից, գնում է փնտրելու, գտնելու, հանդիպելու բոլոր ''Զակքեոսներին'', դիտելով նրանց որպես վիրավոր, իրենց ներաշխարհում վերքեր կրող մարդիկ, մինչ աշխարհը բավարարվում է զանազան պիտակներ փակցնելով, և հենց այս նոր հայացքն է, սեփական կյանքի, սեփական գոյության վրա այս նոր հայացքն է, որ նրանց համար հնարավոր է դարձնում սեփական մեղքի ճանաչումն ու դարձը։

«Մեղավորը, իրեն որպես մեղավոր խոստովանելով», եզրակացնում է Ֆրանցիսկոս Պապը, «որոշակի կերպով ընդունում, խոստովանում է, որ այն, ինչին հարել է, կամ դեռ հարում է, կեղծ է։ Այլասերվածը, մինչդեռ, թաքցնում է այն, ինչը որ համարում է իր ճշմարիտ գանձը, այն, ինչը որ իրեն ստրկացնում է, և իր մոլությունը զգեստավորում է բարեկրթության դիմակով, ջանալով արտաքուստ միշտ լավ տպավորություն թողնել»։