Աստուածաշնչեան Աստղացոյց 2015-ի համար

 

 

 

 

 

 

Իւրաքանչիւր տարուայ սկզբին միշտ միեւնոյն պատմութիւնն է. հեռուստատեսութեամբ, լրագրերում, ձայնասփիւռով տառացիօրէն ռմբակոծւում ենք աստղաբաշխական գուշակութիւններով։ Բայց քանի որ միակ ճշմարիտ մարգարէութիւնը գտնւում է Աստուածաշնչում, որոշեցինք ձեզ ներկայացնել Աստուածաշնչեան կանխատեսումներն այս նոր տարուայ համար։
 
Եթէ ծնուել էք Յունուարի 1-ից մինչեւ Դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատուածում, ուրեմն գտնւում էք Աստծոյ շնորհի ազդեցութեան ներքոյ, որն «յայտնուեց որպէս բոլոր մարդկանց փրկութեան միջոց» (Տիտոս 2, 11)։
 
ԲԱԽՏ. Առաւօտեան աստղը Յիսուս Քրիստոսն է, որովհետեւ մեր Աստծոյ գթառատ ողորմութեան շնորհիւ մեզ ի վերուստ կ'այցելի արեգակը, որ ծագելու է նրանց վրայ, ովքեր նստած են խաւարի ու մահուան ստուերների մէջ (Ղուկաս 1, 78-79)։
 
ՍԷՐ. Ձեր երջանկութիւնը կայանում է Աստծոյ կողմից սիրուած լինելու եւ փոխադարձաբար Նրան սիրելու մէջ, որովհետեւ «ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն, եւ ո՛չ էլ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծոյ սիրուց, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մէջ» (Հռոմէացիներին 8, 39)։
 
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ. «Տէրը պահպանելու է քեզ ամէն չարիքից, պահպանելու է քո կեանքը։ Տէրը պահպանելու է քո մուտքն ու ելքը, այժմ եւ յաւիտեան» (Սաղմոս 121, 7-8)։
 
ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ. «Հաստատ է այս խօսքը. ''Եթէ Նրա հետ մահանում ենք, Նրա հետ էլ կ'ապրենք''» (2 Տիմոթէոս 2, 11). «Ոչնչի համար մի՛ մտատանջուէք, այլ՝ որեւէ կարիքի մէջ ձեր խնդրանքները ներկայացրէք Աստծուն աղօթքներով, աղաչանքներով ու երախտագիտութեան մատուցմամբ» (Փիլիպեցիներին 4, 6)։
 
ՓՈՂ. «Իմ Աստուածը կը լիացնի ձեր բոլոր կարիքներն ըստ Իր հարստութեան, մեծաշուք փառքով ի Քրիստոս Յիսուս» (Փիլիպեցիներին 4, 19), «քանի որ սովորել եմ բոլոր իրավիճակներում ինքս ինձ բաւական լինել» (Փիլիպեցիներին 4, 11)։
 
ԼՈՒՐԵՐ. «Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր։ Զգոյշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ» (Մատթէոս 24, 6)։ «Մինչ այդ, Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում, ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24, 14)։
 
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ. «Բայց մենք գիտենք, որ ամէն բան գործակցում է նրանց բարիքին, ովքեր սիրում են Աստծուն եւ ովքեր կանչուել են Նրա ծրագրի համաձայն» (Հռոմէացիներին 8, 28)։ «Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ հակառակ կը լինի մեզ» (Հռոմէացիներին 8, 31)։
 
Այս ուսուցումները ենթակայ չեն ո՛չ լուսնի, ո՛չ աստղերի, ո՛չ էլ մոլորակներից որեւէ մէկի ազդեցութեանը։ Իւրացրէք դրանք, դրանք դարձրէք ձերը, ամէնուր եւ ամէն պարագայի։
Գնացէք եւ ապրեցէք Տիրոջ խաղաղութեամբ ու բերկրանքով։
 
 
Հեղինակ՝ Հայր Անտոնիո Ֆեգհալի