ԴԵՅՎԻԴ ԲՈՈՒԵՅ. «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐԻՆ ԿՈՐՑՐԵԼ ԷԻ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՊԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ»

 

 

 

 

 

 

 

Աշխարհահռչակ երգիչ Դեյվիդ Բոուեյի մահն այս օրերին բոլոր լրատվամիջոցներում ներկա նորությունն է։ Բոլորը – արդարացիորեն – հիշում են, թե որքանով է «Սպիտակ Դուքս»ի էկլեկտիկ ոճը ազդեցություն թողել բազմահազար երգիչների վրա, այն աստիճան, որ «Rolling Stone» ամսագիրը մինչև օրս ապրած 100 լավագույն երգիչների ցանկում նրան է հատկացրել բավական պատվաբեր 23րդ տեղը։

«Երգարվեստի մի անձնավորություն, որ երբեք սովորական չի եղել», մեկնաբանել է «Osservatore Romano» օրաթերթը։ Երգչի անձնական կյանքում, սակայն, երբեք չեն պակասել չափազանցությունները, հատկապես սեռային գետնի վրա (բիսեքսուալ ուղղությամբ) և թմրանյութերի հեղեղը։ Էլթըն Ջոնը պատմել է, որ Բոուեյը «առատաձեռն էր», «մեծ քանակի կոկային էր տրամադրում, երեկույթներ էր կազմակերում երեք կամ չորս հոգու համար, և նպաստում էր այլասերման ընդհանուր մթնոլորտ ստեղծելու գործին։ Բայց չափազանց զգայուն էր և երկար ժամանակ չէր կարողանում դիմանալ այդ ամենին»։

Ամեն անգամ տեսնում ենք, սակայն, թե ինչպես նրանք, ովքեր աշխարհային մտայնությամբ ապրող մարդկանց աչքին «բախտավոր են», – հարուստները, հայտնիները, հզորները, ամբողջական սերունդների համար իբրև կուռք ծառայած անձնավորությունները, – սեփական կաշվի վրա, սեփական փորձառությամբ ապա համոզվել են, որ ինչ էլ ուզում ես արա, ինչի էլ ուզում ես հասիր, միևնույնն է՝ երբեք բավական չէ։ Ինչ էլ անելու լինես, կա միշտ «ուրիշ» մի բանի կարիքը, ինչ և ինչքան էլ ունենաս, միևնույնն է՝ երջանկությունը չի հասնում լինելու լիակատար, այնպես՝ որ սկսում ես փնտրել այն արհեստականորեն ու հուսահատորեն, տրվելով մինչև իսկ ծայրահեղությանն ու թմրանյութին։ «Quid animo satis?», ինքն իրեն հարցնում էր Սուրբ Օգոստինոսը. «Ի՞նչը կարող է բավարարել մարդկային հոգուն»։ Բոուեյին, այնպես՝ ինչպես Մայքըլ Ջեկսընին կամ Ֆրեդդի Մերկուրիին, բավական էր ձեռքի մի թափահարություն, որպեսզի միլիոնավոր երկրպագուներ ուշագնաց լինեին իրենց առաջ. և սակայն, դա անգամ չէր բավականացնում և նրանց ապրած կյանքերը, որոնց բնորոշ հատկանիշը եղել է բարոյական օրինազանցությունը, իմաստի որոնման մի աղաղակ են, մի իմաստ, որն իսկապես կկարողանա իրագործել մարդու էական պահանջները։ Այդ «ինչ որ մի բան»ը, որ կարող լինի պատասխանելու իրագործման այն անսահման կարիքին, որին իրենց մարդկային ''հաջողությունները'', ողբերգական կերպով, գոհացում չէին տալիս, այլ ընդհակառակն՝ ավելի էին խորացնում անբավարարության այդ զգացումը։

Մենք, քրիստոնեական մեր փորձառությամբ, «ինչ որ մի բան»ի մասին խոսելուց ավելի խոսում ենք Ինչ Որ Մեկի մասին, միակը, որ կարող է անսահմանությունը ներածել մեր՝ սահմանափակ արարածներիս մեջ։ Ճիշտ ինչպես Սուրբ Օգոստինոսի պարագային, որն Աստծուն դիմելով ասում էր. «Մեզ Քո համար ես ստեղծել, ո՜վ Տեր, և մեր սիրտն անհանգիստ է, քանի դեռ չի հանգստանում Քո մեջ» (Խոստովանություններ, 1, 1, 1)։ Այս բանի շուրջ որոշակի կանխազգացումներ հավանաբար ունեցել է նաև ինքը՝ Դեյվիդ Բոուեյը։ Լոնդոնյան Ուեմբլիյ մարզադաշտում կազմակերպված համերգի ժամանակ, բազմահազար հանդիսատեսների առաջ ծունկի եկավ ու «Հայր մեր» աղոթքն արտասանեց ՁԻԱՀ-ի զոհերի համար։ Ապա այսպես մեկնաբանեց իր այդ ժեստը. «Ես գովազդ փնտրող անձ չեմ, երբեք ժողովրդականություն վայելող արվեստագետ չեմ եղել և չեմ կարծում, թե երբևէ ''հեշտ'' ընտրություններ եմ կատարել։ Փաստ է, որ իմ երգերից շատերը դասական աղոթքի միևնույն կառուցվածքն ունեն և որպես այդպիսիք, թերևս, կարող են համարվել։ Ինձ դա մի բնականոն ժեստ թվաց։ Աղոթքներ են ինքս ինձ գտնել կարողանալու համար»։

«Բայց աղոթքներ են ուղղված ո՞ւմ», հարցրեց լրագրողը։ «Անձամբ ես երբեք չեմ թաքցրել, որ մի անսասան հավատք ունեմ Աստծո գոյության հանդեպ, թեև չեմ ճանաչում Իր Անունը, – այսինքն, թե Բուդդա է կամ Հիսուս, – և չգիտեմ, թե ի՛նչ է կամենում ինձնից։ Աղոթքի սրտաբուխ ժեստը ծնվում է պարզապես իմ անդադար որոնումներից՝ գտնելու Աստծո հետ ունեցածս բարակ կապը։ Գիտակից եմ, որ հուսահատության պահերին (թմրանյութերի և ինքնասպանության մտքի) պինդ չէի բռնել Աստծո հետ այդ ուղղակի կապի թելը։ Այդ կապը կորցնելն իրոք հավասարազոր է հուսահատված անձ լինելուն» (մեջբերված է. G. Mattei,“Anima Mia”, Piemme 1998)։ «Ավելի հաճախ եմ դիմում Նրան և որքան ավելի եմ ծերանում, այնքան ավելի է Նա դառնում իմ գոյության հենակետը», ասել է վերջերս։

Այս օրերին ականատես ենք լինում լրատվամիջոցների կողմից հետմահու առասպելականացմանը, որն այլևս սովորական է դարձել դատարկաբան լրագրողների համար։ Մենք, մինչդեռ, կամենում ենք հիշել իրեն այս խոսքերով, որոնցով ներկայանում է որպես մի մարդ բոլորի նման, որի գլխավոր գործն այս կյանքում – բոլորի նման – իր սեփական կյանքի հետ հաշվի նստելն է, իմաստի ու երջանկության իր կարիքով, իր հետևողական ու անհետևողական արարքներով, իր երաժշտությամբ և իր ծայրահեղություններով, «Աստծո հետ ուղղակի կապը» փնտրելու իր ցանկությամբ, չհուսահատվելու համար։ Ճամփորդության մեր ընկերներից մեկը, մի խոսքով, որն իր ապրած կյանքով տալիս է մի մեծ վկայություն, ասելով. «Այստեղ չէ երջանկությունը»։

 

Ահա համերգի ժամանակ «Հայր մեր»ն աղոթելու տեսագրությունը.