ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ ԵՎ ԿԱԹՈՂԻԿԵ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐ ՄԻՇԵԼ ԴԵՆԵՔԵՆԸ

 

 

 

 

 

 

 

Ֆրանսիական (դժբախտ ու եղերական) Հեղափոխությունից 200 տարի անց կարծես թե նոր ու թարմ օդ է սկսել տարածվել հիվանդագին լաիկությամբ մինչ օրս տառապող Ֆրանսիայում։ Երկրի մեծությամբ երկրորդ համալսարանի՝ Ստրասբուրգի Համալսարանի նախագահ (ռեկտոր) է ընտրվել աստվածաբան, Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու քահանա Հայր Միշել Դենեքենը։ Ստրասբուրգի Համալսարանում ուսանում է մոտ 50.000 ուսանող, իսկ դասախոսների ու գիտաշխատողների թիվը 4.000-ից ավելի է (իսկ տարեկան հաշվեկշիռը գերազանցում է 500 միլիոն եվրոյի ցուցանիշը)։

Հայր Միշել Դենեքենը ծնվել է 1957 թվականին և ավարտել է Ստրասբուրգի Համալսարանի աստվածաբանության և գերմանիստիկայի ֆակուլտետները։ 2001-2009 թվականներին եղել է Ստրասբուրգի Համալսարանի Կաթողիկե Աստվածաբանության Ֆակուլտետի դեկանը (Faculté de théologie catholique de Strasbourg), իսկ 2002-2007 թվականներին տնօրենն է եղել Ստրասբուրգ 2 Համալսարանի Մշակութային Ձեռնարկների Ծառայության (Service de l'action culturelle de l'Université Strasbourg II)։ 2013 թվականին ընտրվել է ADUEIS-ի տնօրեն (Association pour le Développement des liens Université-Entreprises dans les Industries de Santé - Համալսարանի և Առողջապահության ոլորտի արդյունաբերական ձեռնարկությունների միջև զարգացման ուղիների Ընկերակցություն)։ Ապա դառնալով Ստրասբուրգի Համալսարանի փոխնախագահը, 2016 թվականի Դեկտեմբերի 13-ին ընտրվել է նախագահ (ռեկտոր)։ Այս պաշտոնը նա կվարի մոտակա 4 տարիների ընթացքում։

Հայր Միշել Դենեքենը աստվածաբանական և ա՛յլ բնույթի բազմաթիվ հատորների ու հոդվածների հեղինակ է։ Նրա օգտին քվեարկել են ընտրողներից 29ը, մինչ 9 հոգի քվեարկել է նրա մրցակցի օգտին, իսկ 1ը ձեռնպահ է մնացել։ Աթեիստական և իսլամական որոշ կազմակերպություններ բողոքել են այս ընտրության դեմ, օրինակ՝ Իսլամ Ուսանողների Միությունը և Կոմունիստ Ուսանողների Միությունը (հետաքրքիր համադրություն կազմելով)։ Կարևորագույն կազմակերպություններ, մինչդեռ, անվերապահորեն արտահայտվել են ի պաշտպանություն այս ընտրության, օրինակ՝ Ֆրանսիայի Համալսարանների Ռեկտորների Ներկայացուցչական Մարմինը (CPU) և Ստրասբուրգի Ուսանողների Ֆեդերատիվ Ընդհանուր Միությունը (AFGES)։

Ինչպես իրավացիորեն գրել է ֆրանսիական պարբերականներից մեկը, ով ընդդիմացել է Հայր Միշել Դենեքենի ընտրությանը, ո՛չ թե պաշտպանել է ազատությունն ու պետության լաիկության սկզբունքը, այլ ընդհակառակը՝ հարձակում է գործել այդ սկզբունքների դեմ։ «Ցանկանում էին նպաստել սեկոլարիզմի ներխուժմանը՝ լռեցնելու համար կրոնական որևէ կարծիք, խոչընդոտելով ազատ արտահայտվելու իրավունքին»։ Բարեբախտաբար, այդպես չստացվեց, և մաղթում ենք, որ սա լավ առիթ լինի ֆրանսիական ողջ հասարակության բարեփոխման համար. այնքան էլ լավ բան չէ 200 տարի ետ մնալը։