Շուէդիա. բողոքական պատուելի Լարս Էքբլադը դարձի է գալիս Կաթողիկէութեան

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանրական Եկեղեցի վերադարձած շուէդացի բողոքական (լութերական) հովիւ Լարս Էքբլադի դէպքը յատկանշական է մի խնդրի վերաբերեալ, որը ուժգին տարածում է գտնում Եւրոպայի լութերական եւ ընդհանրապէս բողոքական երկրամասերում, այսինքն՝ հիմնականում Հիւսիսային Եւրոպայի երկրներում։

Արդարեւ, Առաքելական Աւանդութիւնից աստիճանական հեռացումը, – որին սկիզբ տրուեց Լութերով, դարերի ընթացքում խորացուեց բողոքականութեան հարիւրաւոր ճիւղերի միմեանցից բաժան-բաժան լինելով, եւ այսօր գտնւում է ծայր աստիճան մասնատուած վիճակում, – Հիւսիսային Եւրոպայի բազմաթիւ երկրներում ստեղծեց հաւատքի առումով անապատացման մի վիճակ։ Ընդհանրական Եկեղեցուց բաժանուածութեամբ այսօր առաւել քան երբեք իրականանում է Յովհաննէսի Աւետարանի խօսքը. «Ով չի մնում Իմ մէջ, որթատունկից կտրուած ճիւղի նման դէն է նետւում եւ չորանում է» (հմմտ. Յվհ 15, 6)։ Իրօք, Հիւսիսային Եւրոպայի եկեղեցական համայնքներն այլեւս արմատապէս ապակրօնականացուած են։

Լութերական եւ ընդհանրապէս բողոքական համայնքների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Տասնվեցերորդ դարում խզեցին Առաքելական Յաջորդականութիւնը. Գերմանիայում սկսեցին եպիսկոպոսներ ''ձեռնադրել'' Հռոմի կողմից ձեռնադրութիւն չստացած ''հովիւները'', Անգլիայում Եղիսաբէթ թագուհին էր ''ձեռնադրում'' եպիսկոպոսներին, այդպիսով ընդհատելով իրական Ձեռնադրութեան պարգեւաշնորհը, որը Յիսուսի կողմից տրուել է Առաքեալներին եւ Ընդհանրական Եկեղեցում անխափան շարունակուել է մինչեւ մեր օրերը։ Եւ սա այնքան ակնյայտ է, որ մինչեւ օրս էլ բողոքական եւ անգլիկան բազմաթիւ ''հովիւներ'' ձեռնադրութիւն են խնդրում Օրթոդոքս Պատրիարքներից, որպէսզի այդպիսով գոնէ որոշ չափով հիմնաւոր եւ վաւերական դարձնեն իրենց գործունէութիւնը։ Լարս Էքբլադի պատմութիւնն իսկապէս խորհրդանշական է այն բազմաթիւ ոչ-ընդհանրական քրիստոնեաների համար, որոնք սրտանց փնտրում են Աստծուն։

Շուէդիայի լութերական եկեղեցում 40 տարի ծառայելուց յետոյ, այժմ արդէն նախկին-հովիւ Լարս Էքբլադը կասկածներ չունի. «Կարծում եմ, որ իւրաքանչիւր ոք, ով լսում է Տիրոջ ձայնը եւ տրամադիր է հետեւելու այդ ձայնին, ի վերջոյ կը վերադառնայ Ընդհանրական Եկեղեցի»։ Եւ հէնց այն է, ինչ կատարեց նաեւ անձամբ ինքը։

Անցած տարուայ ամառուայ ընթացքում Լարս Էքբլադը լրջօրէն խորհրդածեց իր կատարելիք քայլի շուրջ եւ Սեպտեմբեր ամսին իր որոշման մասին տեղեկացրեց իր լութերական եպիսկոպոս Էրիկ Նորդինին։ Նոյեմբեր ամսուայ վերջաւորութեան արտասանեց իր վերջին քարոզը այն եկեղեցում, որն իր լութերական ծուխն էր հանդիսացել 1977 թուականից ի վեր։ Ինչին հետեւում է սպասման մի ժամանակաշրջան։ «Քրիստոսի Խաչը վերջնական նպատակակէտն է իւրաքանչիւր մարդու, ով փնտրում է Աստծուն։ Ստոկհոլմի կաթողիկէ եպիսկոպոսը տեղեկացուել է իմ որոշման վերաբերեալ եւ տուել է իր համաձայնութիւնը», բացատրում է Էքբլադը, պատասխանելով իրեն ուղղուած հարցերին։ «Կեանքիս ընթացքում զրուցել եմ կաթողիկէ բազմաթիւ քահանաների հետ, ե՛ւ Շուէդիայում, ե՛ւ նրա սահմաններից դուրս։ Նրանցից ոչ ոք ինձ չի ասել. ''Պէտք է գաս մեր մօտ''։ Այն, ինչը նրանք ինձ ասում էին, հետեւեալն է. ''Ականջ դիր խղճիդ ձայնին եւ հետեւիր նրան''։ Նրանցից ոչ ոք ինձ դարձի բերելու փորձ չի արել։ Նրանցից մէկը մի օր ինձ ասաց. ''Չենք կարող առաջարկել քեզ ոչինչ, քան միայն՝ Քրիստոսի Խաչը. սա՛ է բոլորիս վերջնական նպատակակէտը''։ Մարտահրաւէրի նման է հնչում, ձեզ չի՞ թւում»։

Էքբլադը աստուածաբանական շատ տուեալներ չի տալիս իր դարձի դրդապատճառների վերաբերեալ, բայց ակնյայտ է, որ խօսքը վերաբերւում է մի ամբողջ կեանքի ընթացքում հասունացուած որոշման, որը լիովին համապատասխանում է Քրիստոսի փափաքին՝ տեսնելու Իր բոլոր հետեւորդներին միաբան, միասիրտ, պահպանելով Առաքելական Յաջորդականութիւնը։ «Ես անձամբ ճանաչում եմ Շուէդիայի (բողոքական) Եկեղեցու բազմաթիւ ա՛յլ սպասաւորների եւս, որոնք դարձի են եկել Կաթողիկէութեան, եւ վստահ եմ, որ դեռ շատերն են դարձի գալու», ասում է Էքբլադը։ «Ամէն ոք ունի իր անձնական ճանապարհը։ Ապակրօնականացումը աղէտալի մարտահրաւէր է արեւմտեան ամբողջ հասարակութեան համար, եւ լաւագոյն պատասխանը, որ եկեղեցիները կարող են տալ, վերամիաւորուելն է, որպէսզի աշխարհը հաւատայ Քրիստոսին որպէս մեղաւորների Փրկիչ»։

Պրոգրեսիստական ուսմունքի եւ կանանց ''քահանայութիւնը'' թոյլատրելու բազմաթիւ տարիները ոչնչով չօգնեցին հրապուրելու շուէդացիներին դէպի լութերական եկեղեցին։ Ընդհակառակն, եթէ 1972 թուականին բնակչութեան 95%ը մկրտուած էր Շուէդիայի Եկեղեցում, 2012 թուականին այդ թիւը հազիւ 67,5%ի է հասնում։ Չնայած որ երկրի բնակչութեան թիւը կտրուկ աճել է, լութերական եկեղեցին կանգ է առել 7,7 միլիոն անդամի վրայ, որոնցից միայն 6,4 միլիոնն է մկրտուած։ Շուէդիայի լութերական Եկեղեցին դա մի եկեղեցի է, որ չի աւետարանում, ո՛չ դատապարտում է աբորտը, ո՛չ էլ պայքարում է դրա դէմ, կանանց ''ձեռնադրում է քահանաներ'', որովհետեւ 1960 թուականին այդպիսի հրահանգ է ստացել Շուէդիայի պառլամենտի կողմից, 2007 թուականից սկսել է միասեռական արարողութիւններ կատարել։ Ստոկհոլմի լութերական ''եպիսկոպոսը'' բացայայտօրէն լեզբիկ կին է, որն ''ամուսնացել է'' մի ուրիշ ''կին քահանայի'' հետ։ Սրանք բոլորը բացայայտ նշաններն են այն բանի, ասում է Լարս Էքբլադը, որ Ընդհանրական եւ Առաքելական Եկեղեցուց բաժանուած համայնքներն այլեւս չափազանց հեռացել են Առաքեալների Աւանդութիւնից։

Լարս Էքբլադը այսուհետեւ Շուէդիայի Կաթողիկէ Եկեղեցու անդամն է. միայն 1 եպիսկոպոս, ընդամէնը 43 ծուխ եւ 141.000 հաւատացեալ։ Հետեւելով իր խղճի ձայնին, հեռացաւ աշխարհի հզօրների ձեռքում խաղալիք դարձած համայնքից եւ միացաւ մարգարէական փոքրամասնութեանը։ Ոչ մի սպասում չափազանց երկար չէ երջանկութեան համար։