ՄԱՐՏԻ 8-Ի ՄԵՐ ՆՎԵՐՆ ԻՐԵՆՔ՝ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՆ

 

 

 

 

 

 

 

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև այնպես են անում, որ մենք մեզ անհրաժեշտ ենք զգում, որովհետև չեն մոլորվում մանրուքների մեջ, որովհետև ունակ են կյանքի կողմնացույցը ամուր պահելու և միշտ լինելու հստակամիտ, բանական ու վստահելի

 

հեղինակ՝ ԿՈՍՏԱՆՑԱ ՄԻՐԻԱՆՈ

 

 

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև փայտե թրերով վայրենիաբար վիճարկում են, թե իրենցից ո՛վ է Միջանցքի Վսեմափայլ Իշխան տիտղոսին արժանանալու, բայց իրար կաշի քերթելուց տասներեք վայրկեան էլ չանցած՝ տղամարդավայել հանդարտությամբ կիսվում են կոկա-կոլայի շիշը, իսկ հետո վերսկսում են խաղալ այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև նրանք երբեք չեն ընկնում փսիխո-դրամմաների մեջ, ինչպես անում են իրենց տարեկից աղջիկները, երբեք չեն գահավիժում հուսահատության հեկեկալի անդունդներն ի վար, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն «ինձ ասաց, որ ես չա՜-ա՜-ա՜-րն եմ»։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև ամենամեծ կամակորությունը, որ կարող են մտահղանալ, ֆուտբոլն է, և երբեք շշուկով նենգ մեկնաբանություններ չեն անում իրենց թշնամու վերնաշապիկի գույնի մասին, նրա թիկունքին խոսելով։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև հիմնական մոդելն են, մարդկային էակի հիմնական թողարկումը, ասենք ինչպես Ֆիատ-127ը. առանց օպցիոնալների, բայց ամուր ու անմոռանալի։

Սիրում եմ տղամարդկանց, երբ սեղան կամ աթոռ են գամում, պատի ճեղքերն են գաջում, հաղորդակցության ուղիներ և լուծումներ են գտնում: Երբ համառորեն չեն ցանկանում կանգնել և ճանապարհը հարցնել, և ի վերջո, հրապարակի շուրջբոլորը վեց անգամ պտտվելուց հետո, այն վերջապես գտնում են, լուրջ ու ծանր կեցվածք պահպանելով հանդերձ։

Սիրում եմ տղամարդկանց, նաև երբ քեզ հարց են տալիս և ապա սենյակից դուրս գալիս ճիշտ այն պահին, երբ սկսում ես պատասխանել։

Սիրում եմ տղամարդկանց, երբ լսելով քո հարցը, թե. «Հիշո՞ւմ ես, թե քեզ ի՛նչ ասացի երեկ Աննալիզայի մասին», դատարկության մեջ կորած աչքերով տառապագին փորփրում են հիշողության մութ նկուղներում և ձևացնում են, թե՝ այո՛, հիշում են, և միավանկ բառերով պատասխանում են՝ սոսկ ցույց չտալու համար, որ ընկերուհուդ գաղտնիքի մասին մոռացել են հենց այն ակնթարթին, երբ դու հանդիսավոր կերպով վստահել էիր իրենց այդ տիեզերական կարևորության հարցը։

Սիրում եմ տղամարդուն, նաև երբ մտամփոփ դեմքով փակվում է լռության մեջ, և ժամանակի այն ակնթարթային հատվածում, որի ընթացքում դու, հոռետեսության մի պոռթկումի մեջ, համոզվում ես, թե ուր որ է կասի, որ ձեր հարաբերությունն ավարտված է, նա իրականում մշակում ու համակարգում է շատ բարդ մտքեր, օրինակ այսպիսի. «Երևի պիցցա պատվիրեմ», կամ «Էս դիվանն իրոք անհարմար ա», և կամ «Էդ մարզիչին պետք ա թիմից դուրս վռնդեն»։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև առանց կանանց՝ լիովին անընդունակ են հասարակական կյանք վարելու, աշխարհում թափառում են մոլորված ու չհամակերպված։ Սիրում եմ տղամարդկանց, որովհետև այնպես են անում, որ մենք մեզ անհրաժեշտ ենք զգում։

Սիրում եմ նրանց գրելու, նվագելու, երգելու ձևը։ Սիրում եմ նրանց, որովհետև նրանք այո՛, իսկապես ճաշակ ունեն երաժշտության, ճարտարապետության, գեղարվեստի ոլորտներում։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև ընդունակ են իրավիճակների վերաբերյալ միասնական կարծիք ձևավորելու, հստակ մտքով համաշխարհային տնտեսության հարցեր վերլուծելու, բայց երբեք չեն կարող ընկալել կազմակերպչական մի ծրագիր, որը կհաջողացնի ներդաշնակեցնել մանկաբույժն ու պարի դասն ու նախաճաշը։

Սիրում եմ տղամարդկանց, նաև երբ վստահ լինելով իրենց կնոջ սիրույն, – որը ժամեր է անցկացնում՝ էստետիկ ընդունելի մակարդակ ապահովելու, բուրումնավետ օծանելիքներով պատվելու և կրիտիկական բոլոր մասերը մազազերծելու համար, – իրենք տանը թափառում են թափթփված շորերով։

Սիրում եմ նրանց, նաև երբ տան բանալիները գցում են աղբամանի մէջ, շփոթում են շաբաթվա օրերն ու երեխաների ընկերների անունները, հաղթական կեցվածքով խանութից տուն են բերում տոպրակներ, որոնք լի են անպետք առարկաներով։

Սիրում եմ նրանց, որովհետև չեն մոլորվում մանրուքների մեջ, և ունակ են ամուր պահելու կյանքի կողմնացույցը, և միշտ լինելու հստակամիտ, բանական ու վստահելի, երբ մենք ընկղմվում ենք խորհրդավոր ջրապտույտների մեջ, որոնք կրում ենք մեր ներսում։

Սիրում եմ նրանց, որովհետև գործերի մեծ մասն իրենք են անում, իսկ երբ մենք չափից ավելի բարդացնում ենք հարցերը, ճիշտ պահին կարողանում են ցույց տալ մեզ պարզ ու հանգիստ արահետը։

Սիրում եմ տղամարդկանց, որովհետև հենց իրենք են Մարտի 8-ի մեր նվերը։