ՄԱՆՉԵՍԹԸՐ ՅՈՒՆԱՅԹԸԴԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՖԻԼԻՊ ՄԱԼՌԱՅՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՆՎԻՐՎԵԼՈՒ ՎԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ

 

 

 

 

 

 

Կենտրոնական կիսապաշտպան Ֆիլիպ Մալռայնը տարիներ շարունակ կրել էր սպորտային այն նույն զգեստը, որ կրում են Մանչեսթըր Յունայթըդի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դեյվիդ Բեկքհեմը, Ռայան Ջիգգը, Նիկքի Բաթթը, Էնդի Քոլը և ուրիշներ։ Այսուհետ, մինչդեռ, որոշել է կրել Սբ. Դոմինիկոս Գուզմանի կողմից 13րդ դարում հիմնված և փառահեղ պատմություն ունեցող Դոմինիկյան վանական Միաբանության զգեստը, այն նույն զգեստը, որն իրենց ժամանակին կրել են մարդկության ամենահանճարեղ անձնավորություններից շատերը, որոնց թվում՝ Սբ. Ալբերտ Մեծը և Սբ. Թովմա Աքվինացին։

Ֆիլիպ Փեթրիք Սթեֆըն Մալռայնը (Philip Patrick Stephen Mulryne) ծնվել է Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդա) 1978թ.ի Հունվարի 1-ին, Ազգային Հավաքականի թիմում առաջին անգամ խաղացել է 1997թ.ի Փետրվարի 11-ին (Բելգիայի հավաքականի դեմ, 3-0, որոնցից մի գոլը խփել է հենց ինքը)։ 1999թ.ին անցել է Նորուիչ Սիթի, կարևոր նպաստ բերելով անգլիական այդ քլաբը 2004թ.ին Պրեմիեր Լիգ հասցնելու գործին։ 2008թ.ին որոշել է վերջ տալ սպորտային կարիերային և վերադարձել է Բելֆասթ։

Իր հայրենի քաղաքում մի անակնկալ հանդիպում է ունենում Դաունի և Քոննորի Թեմի Առաջնորդ՝ Արքեպիսկոպոս Տ. Նոէլ Թրինըրի հետ, որն այդուհետև դառնում է Ֆիլիպի վստահելի անձն ու խոստովանահայրը։ Այդ հանդիպումից հետո Ֆիլիպը սկսում է մասնակցել մարդասիրական աղքատախնամ միջոցառումների։ Այդ նախաձեռնությունների ժամանակ է, որ զգում է կրոնավորական կյանքի նվիրվելու աստվածային կանչը. կոչումը։ Ուսման է մեկնում Հռոմ, ուր 4 տարի փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանում Քահանայապետական Իռլանդական Վարժարանում։ 2016թ.ի Հոկտեմբերի 29-ին Դուբլինի Արքեպիսկոպոսի ձեռամբ Ֆիլիպը ձեռնադրվում է Սարկավագ, իսկ այժմ հոգևոր նախապատրաստական շրջան է ապրում՝ պատրաստվելով քահանայական ձեռնադրությանը, որը տեղի է ունենալու սույն 2017 թվականի ընթացքում։ Նա ընտրել է հոգևորականի իր կյանքն ապրել ո՛չ թե թեմական կառույցներում, այլ՝ Դոմինիկյան Միաբանության Դուբլինի Սուրբ Փրկիչ վանքում։

« Հիմա շա՜տ ավելի խաղաղ եմ հոգով, քան երբ խաղում էի », ասել է Մալռայնը մի հարցազրույցի ընթացքում։ Ֆիլիպի ընկերներից մեկը՝ նախկին ֆուտբոլիստ Փոլ ՄըքՎեյը, մինչդեռ, ասել է. « Ի մեծ զարմանս իմ, և շատ հավանաբար՝ ֆուտբոլային ողջ աշխարհի, Ֆիլը որոշեց մարզվել՝ դառնալու համար կաթողիկե քահանա։ Տակավին կապի մեջ եմ իր հետ և գիտեի, որ կերպարանափոխում էր իր կյանքը, նվիրվելով բարեգործությանը և օգնելով անտուն մարդկանց։ Եվ սակայն, լիովին ապշել էի, երբ իմացա, որ այդ կենսաձևն ընտրել է որպես իր կյանքի կոչում։ Գնացի հանդիպելու իրեն Հռոմում և նրան իսկապես շատ գոհունակ հոգեվիճակում գտա» ։

Աշխարհահռչակ հեղինակավոր մարզադաշտեր, զանգվածային լրատվամիջոցների կողմից ապահովված փառք ու համբավ, փարավոնավայել աշխատավարձ, լյուքս ավտոմեքենաներ ու շա՜տ կանայք. ահա՛ ֆուտբոլիստի երազելի կյանքի կարծրատիպը։ Եվ սակայն, հակառակ աթեիստական բոլոր անհեթեթությունների, ակնհայտ է, որ ''աշխարհի'' կողմից ընծայված ոչ մի բան չի կարողանում իսկապես գոհացնել մարդկային հոգին, որը խորհրդավոր կերպով անդադար փնտրում է Անսահմանը և ձգտում է Բացարձակին։ Դրա վառ վկայություններից մեկն է նաև Հայր Ֆիլիպ Մալռայնի պատմությունը։

 

Այս տեսահոլովակում կարող եք դիտել դրվագներ Ֆիլիպ Մալռայնի վանական ուխտադրության արարողությունից.