Յովհաննէս Մկրտչի խոնարհութիւնն ու քաջութիւնը

 

 

 

 

 

 

 

 

«Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես» (Ղկս 3, 16)։ Ահա այս խօսքերի մէջ է կայանում Սբ. Յովհաննէս Մկրտչի մեծութիւնը, որն ասում է. «Պէտք է, որ Նա աճի, իսկ ես՝ նուազեմ»(Յվհ 3, 30)։ Յովհաննէսն իր անձը խոնարհեցնում է, քանի որ գիտակցում է, որ իր միակ պաշտօնը դա Յիսուս Քրիստոսի ճանապարհը հարթելն է։ Յովհաննէս Մկրտիչը, – որը Աստուածածնից բացի միակ Սուրբն է, որի ոչ միայն մահուան օրն է տօնւում, այլ նաեւ ծննդեան օրը, – խոնարհութիւնից ստանում է ուժը, քաջութիւնը՝ դիմելու հրեաներին, որոնք պարծենում էին իրենց նախնիներով, յանդիմանելու նրանց եւ ասելու. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է»(Ղկս 3, 7)։ Այդպիսով հրաւիրում էր նրանց կատարելու «ապաշխարութեանն արժանի գործեր» (Ղկս 3, 8), մի կողմ թողնելով իրենց սոսկ արտաքին ու ձեւական արարքները, որոնք զուրկ էին հոգեւոր պատշաճ դիրքորոշումից՝ փրկութիւնը ստանալու համար, որովհետեւ «ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում» (Ղկս 3, 9)։

 

Ամբոխին, որն իրենից հարցնում է. «Ի՞նչ պիտի անենք», պատասխանում է. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, ով չունի. եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի» (Ղկս 3, 11)։ Սա արդարութեան մի չափանիշ է, որի սիրտն ու հոգին սէրն է, որի համաձայն՝ «արդարութիւնը պահանջում է յաղթահարել անհաւասարութիւնը աւելորդն ունեցողների եւ անհրաժեշտը չունեցողների միջեւ։ Սէրը մղում է ուշադիր լինելու ուրիշներին եւ ընդառաջ գնալու նրանց կարիքներին, փոխանակ արդարացումներ գտնելու՝ պաշտպանելու համար սեփական շահերը։ Արդարութիւնն ու սէրը միմեանց չեն հակասում, այլ երկուսն էլ անհրաժեշտ են եւ փոխադարձաբար լրացնում են միմեանց։ ''Սէրը միշտ հարկաւոր է լինելու, նաե՛ւ ամենաարդար հասարակութիւնում'', քանի որ ''միշտ էլ լինելու են նիւթական կարիքաւորութեան իրավիճակներ, ուր անհրաժեշտ է լինելու կիրառել մերձաւորի հանդէպ կոնկրետ սիրուց բխող օգնութիւններ''» (Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Աստուած սէր է», 28)։ Մաքսաւորներին, հռոմէացիների համար աշխատող այդ հարկահաւաքներին, որոնք իրենց դիրքը գործածելով հարստանում էին, Յովհաննէս Մկրտիչը հրահանգում է. «Սահմանուած գումարից աւելի մի՛ պահանջեցէք» (Ղկս 3, 13)։

 

Սա մի հրաւէր է ազնւութեան, «կատարելու սեփական գործն ու պարտականութիւնները ազնւութեամբ», ընդգծում է Բենեդիկտոս Տասնվեցերորդը։ Նոյն հրաւէրը մարգարէն ուղղում է նաեւ զինուորներին, որոնք նոյնպէս հարցնում էին. «Իսկ մե՛նք ի՞նչ անենք»։ Պատասխանն է. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի» (Ղկս 3, 14)։ Այստեղ նոյնպէս, դարձը սկսւում է ազնւութիւնից եւ ուրիշների հանդէպ յարգանքից. մի ցուցմունք, որ վաւերական է բոլորի համար, յատկապէս նրանց, ովքեր գտնւում են հասարակական այնպիսի դիրքերում, որոնք առաւել մեծ հեղինակութիւն եւ առաւել մեծ իշխանութիւն են տալիս իրենց։ Ինչպիսի՞ եզրակացութիւնների կարող ենք հանգել՝ որպէս մեկնակէտ ունենալով այս ցուցմունքները, որոնք բաւականին պարզունակ, բայց միաժամանակ՝ մեծապէս խորիմաստ են։ Նախեւառաջ եզրակացութիւնը, որ գոյութիւն չունի աշխատանքի մի ոլորտ, ուր անհնարին լինի հասնել սրբութեան։ Ամենախոնարհ աշխատանքն էլ, եթէ կատարւում է պահպանելով մարդկային արժանապատւութիւնը նրա էութեան ամբողջութեան՝ մարմնի եւ հոգու մէջ, կարող է կատարուել՝ ծառայելու համար Աստծուն։ Սա ե՛ւս առաւել վաւերական է, երբ խօսքը վերաբերւում է աշխատանքի այնպիսի ոլորտների, որոնք, ինչպէս Յովհաննէս Մկրտչի կողմից նշուած օրինակները, կատարւում են Պետութեան, իշխանութեան համար, որոնք իրենց էութեան իսկ բնորոշմամբ պէտք է արդարութեան եւ ազնւութեան տիպարները լինեն։

 

Միւս եզրակացութիւնը նոյնքան կարեւոր է, յատկապէս նախապատրաստուելու համար մեր Տիրոջ նորոգ Ծննդեանը մեր սրտերում. «Այս մեծ մարգարէն», շարունակում է մեկնաբանել Բենեդիկտոս Տասնվեցերորդը, «խիստ արտայայտութիւններ է գործածում՝ հրաւիրելու համար դարձի, բայց ո՛չ թէ՝ որպէսզի վախ ներշնչի, այլ՝ որպէսզի մղի հոգու եւ սրտի լաւագո՛յն դիրքորոշմամբ ընդունելու Աստծոյ Սէրը, քանի որ միմիայն Աստծոյ Սէրը կարող է իսկապէս մաքրագործել կեանքը։ Աստուած մարմնանում է եւ դառնում է մեր նման մարդ, որպէսզի պարգեւի մեզ մի յոյս, որն ապահով վստահութիւն է. եթէ հետեւենք նրան, եթէ հետեւողականօրէն ապրենք մեր քրիստոնէական կեանքը, Նա կ'առաջնորդի մեզ դէպի Ինքը, կ'առաջնորդի մեզ դէպի Իր հետ հաղորդութեան։ Միմիայն այդ դէպքում մեր սրտերում կը թագաւորեն իրական բերկրանքն ու իրական խաղաղութիւնը, նաեւ դժուարութիւնների մէջ, նաեւ տկարութիւնների պահին»։