Ի՞նչ են մտածում սատանաները Պապական նոր ընտրութիւնների նախաշեմին

 

 

 

 

 

 

 

 

Մի անկեղծ զրոյց երկու սատանաների միջեւ, Բենեդիկտոս Տասնվեցերորդի հրաժարականից յետոյ եւ նոր ընտրութիւններին ընդառաջ

 

 

Թանկագինդ իմ Չարապոչիկ,

մեր Թշնամու ծառաները, – նրանք, որոնց Նա յամառօրէն անուանում է «որդիներ», մի խօսքով՝ նրանք, ովքեր իրենք իրենց անուանում են քրիստոնեաներ, – մի քանի օր է միայն, ինչ «թափուր Աթոռի» վիճակում են, այսինքն՝ Առաջնորդ չունեն, բայց մեր համար արդէն իսկ սկսուել են վայերը. բաւարացի այդ ծեր աստուածաբանը մեզնից՝ սատանաներիցս աւելի հնարքներ գիտի ... դեռ այն ժամանակներից, երբ ծիրանի էր հագնում եւ մեր ամենաչսիրած Հիմնարկի ղեկավար Կարդինալն էր, նեղացնում ու ձանձրացնում էր մեզ, այնքան, որ անհամբեր ակնկալում էինք, որ թօշակի կ'անցնի, մինչդեռ իր լեհ ընկերը նրան իր կողքին պահեց մինչեւ վերջին վայրկեանը։ 1984 թուականին արդէն (ըստ մահկանացուների օրացոյցի) մի դառը հարուած հասցրեց մեզ։ Փորձեմ թարմացնել յիշողութիւնդ. 1968-ից յետոյ արդէն կարողացել էինք մեր զօրքերի շարքն անցկացնել քահանաների ամբողջական լեգիոններ, մարտական երկու ռազմավարութեամբ, մի կողմից նրանք՝ ովքեր դէն էին նետում կապան եւ հրաժարւում էին քահանայութիւնից, իսկ միւս կողմից նրանք, որոնց մենք աւելի շատ ենք սիրում, որոնց վստահել էինք պարտականութիւնը՝ տարածելու քրիստոնեաների մէջ այն համոզմունքը, թէ մինչեւ այժմ եղած ամբողջ վարդապետութիւնը հարկաւոր է աղբաման նետել եւ ամէն բան սկզբից վերաշարադրել, անշուշտ հասկանալի է՝ հետեւելով մեր իմաստուն խորհուրդներին։ Մեր մօտ ամէն բան լաւ էր ստացւում, մինչեւ որ յայտնուեց սա եւ մի գիրք-հարցազրոյց հրատարակեց մի լրագրողի հետ, – այդ Վիտտորիո Մեսսորին, որը մէկն է այն քչերից, որոնք այդպէս էլ մեր ձեռքը չընկան, – եւ այդ գրքով քարուքանդ արեց մեր բոլոր ծրագրերը։ Անշուշտ, մենք ձեռքներս ծալած չնստեցինք եւ պատասխան հակահարուածի անցանք հնարաւոր բոլոր միջոցներով, որոնցից ամենաազդու ռազմավարութիւնը կայանում էր «panzerkardinal»ի առասպէլը տարածելու մէջ, գործի լծելով մեզ հաւատարմօրէն ծառայող լրագրողներին։ Մի առասպէլ, որի վրայ կրկին հրաւիրեցինք բոլորի ուշադրութիւնը ութ տարի առաջ, նախորդ ընտրութիւնների նախաշեմին։ Փորձեցինք բոլորին համոզել նաեւ, թէ արդէն չափազանց ծեր էր (այն ժամանակ արդէն 78 տարեկան էր), ուստի անյարմար էր նրա ընտրութիւնը, ինչպէս նաեւ վերցրեցինք Սիքստինեան Մատուռ մուտք գործելուց առաջ արտասանած նրա քարոզը, հմտօրէն կտրտեցինք եւ կոնտեքստից անջատեցինք որոշ հատուածներ, որպէսզի մարդկանց թուար՝ թէ նա ասել է բաներ, որոնք իրականում չի ասել, եւ մեզ թւում էր, թէ խաղն արդէն խաղացուել է եւ յաղթանակն այլեւս մերն է։ Բայց գիտենք, թէ ամէն ինչ ինչպէս վերջացաւ։

Երբ հէնց ի՛ր անունը լսեցինք, թէ ընտրուել է, եւ հէնց իրե՛ն տեսանք սպիտակ զգեստներ հագած, երդուեցինք, որ դժոխային բոլոր ուժերը մարտի դաշտ ենք իջեցնելու, եւ այդպէս էլ վարուեցինք։ Բաւական է յիշել մեր յաջողութիւններից միայն մի քանիսը. սեռական յարաբերութիւնների ժամանակ պահպանակի գործածման հարցի շուրջ յարուցուած սկանդալը, «vatileaks»ի հետ կապուած աղմուկ-աղաղակը, բազմաթիւ քահանաների անտարբերութիւնը ծէսի նկատմամբ (մենք կարողացել էինք լաւագոյնս աղքատացնել ու գռեհկացնել ծէսը, մինչդեռ նա սկսեց վերականգնել հին սովորոյթները), մանկապղծութեան սկանդալը (դու լաւ գիտես, որ զոհերը մեզ չեն հետաքրքրում եւ նրանց տառապանքի համար մենք միայն ուրախանում ենք, պարզապէս սա մեր գործի հնարքներից մէկն է. ամբողջ աշխարհին ցոյց տալ մարդկային մի քանի խեղճութիւններ, որպէսզի անուղեղ մասսաների առաջ պատուազրկենք Թշնամու բոլոր զինուորներին)։ Մեր հրատարակչական բաժինը հասաւ իր գործի մէջ գրեթէ կատարելութեան, երբ նրա գրքերի թարգմանութիւնների մէջ մտցրեցինք փոքրիկ, բայց լաւագոյնս մտածուած թարգմանական սխալներ, այնպէս, որ բազմաթիւ ընթերցողներ հասկացան հակառակն այն բանի, ինչ նա իրականում ուզում էր ասել։ Էլ չեմ խօսում մեր մեծագո՜յն դաշնակիցների՝ զանգուածային լրատւութեան միջոցների մասին, որոնք ամէն օր, առանց յոգնելու, աղաւաղում էին այն ամէնն, ինչ նա ասում էր (եւ պարտքս եմ համարում յատուկ շնորհակալութիւն յայտնել նաեւ որոշ քրիստոնէական կոչուող թերթերին, որոնք այս հարցում բաւականին օգնեցին մեզ)։ Ուրախանում էինք նաեւ նրա տկար առողջութեան պատճառով, եւ այն հազարաւոր կսմթոցներով, որոնք կարողացանք հասցնել նրան, կարճ ժամանակամիջոցում կարողացանք նրա համար փշերով պատել Պետրոսի Գահը։ Այո՛, նա գիտակցում էր իր ուժերի նուազմանը, բայց քանի որ յամառօրէն շարունակում է ծառայել Թշնամուն, տառապելով հանդերձ կը մնար իր տեղում մինչեւ վերջ, – գիտես, որ նրանք մտովին ֆիքսուած են մարտիրոսութեան վրայ, – բայց արի ու տես, որ մեր համար աւելի վատ, վատթար գաղափար յղացաւ. առանձնանալ մենակեցական կեանքի եւ աղօթելու, թողնելով Թշնամու նաւի ղեկը աւելի ուժեղ ձեռքերում։ Այս ամէնը մեզ թւում էր ամենայարմար առիթը՝ թուլացնելու Պապական Հեղինակութիւնը, բայց շա՜տ վատ էինք արել մեր հաշիւները ...

Նախեւառաջ մենք շա՜տ զարմացանք իրենների կողմից արտայայտուած զօրակցութեան համար. մինչեւ իսկ նրանք, ովքեր հաւատացել էին մեր առասպէլներին եւ այլեւս անտարբեր էին նրա նկատմամբ, գորով արտայայտեցին նրա եւ նրա ներկայացրած ամբողջ հիմնարկի նկատմամբ։ Եւ կարծես դա բաւական չէր, նոյնիսկ ահազանգ հնչեցրեցին թափուր Աթոռի պատճառով, Պապական Հեղինակութեանը կարեւորութիւն տալով ճիշտ այն ժամանակ, երբ մեզ թւում էր, թէ այն վերջնականօրէն խարխլել ենք։

Ահա մեր ծրագրերից եւս մէկի ձախողումը. ո՛չ ցմահ, այլ ժամանակաւոր իշխանութեամբ Պապ ունենալը մեր միւս դաշնակիցների՝ պրոգրեսսիստ-քրիստոնեաների երազանքն էր, այսինքն նրանց՝ ովքեր համոզուած են, թէ կարող են Թշնամուն ծառայել՝ գործի դնելով մեր իսկ գործիքները, եւ հետեւաբար՝ վերջնական հաշուով ծառայում են մեզ (սրանք, դու գիտես, մեր ամենայաջող ձեռքբերումներից են. խորամանկ են աղաւնիների նման եւ մաքուր են ինչպէս օձերը)։ Եւ ի՞նչ է նա յօրինում այժմ. ո՛չ թէ «թօշակի անցած Պապ», ո՛չ, սա իրեն ձեռնտու չէ, այլ՝ «Պապ վանական»։ Այս վերջին մի քանի օրերին ինչ որ իւրայատուկ կերպով մարտի է նետուել մեր դէմ։ Նախ դիմակազերծեց եւ դատապարտեց «լրագրողների ժողովը» (դա մեր պատերազմական նժոյգներից մէկն է, բայց նա դիմակազերծեց ամէն բան յստակ խօսքերով, ինչպէս առաջ էլ էր այդպէս վարուել)։ Բայց յատկապէս ասաց, որ քահանայապետական պաշտօնից հրաժարուելով մտադիր չէ անցնել ազատ կեանքի։ Ասաց, որ իր կեանքն այլեւս երբեք չի կարող անձնական կեանք լինել, այլ ամբողջովին նուիրուած է մեր Թշնամու ծառայութեանը, եւ յաւելեց, որ մտադիր է հետեւելու այն միւս Բենեդիկտոսի օրինակին, որը բազում դարեր առաջ, դու անշուշտ յիշում ես, ծանր հարուած հասցրեց մեր ծրագրերին, երբ ուր որ է կործանելու էինք երկրագնդի գոնէ կէսը։ Մի խօսքով, ասաց, որ երբ մէկը դառնում է Պապ, ետդարձ այլեւս չկայ. մնում է Պապ, կա՛մ ակտիւ, կա՛մ աղօթող։ Սա՞ է մեր կարծեցեալ համեստ ծերունին։ Սա իրականում խորամանկ է եւ այժմ, երբ նաւի ղեկն այլեւս իր ձեռքին չէ, մտադիր է մեր դէմ պայքարել զէնքերով, որոնք շա՜տ աւելի վտանգաւոր են մեր համար։ Սա իրական ողբերգութիւն է մեր համար, դու գիտես, թէ մեզ ինչպիսի՜ վնաս են հասցնում այն վանականները, որոնք սրտանց նուիրւում են իրական աղօթքին։ Հետեւանքներն արդէն իսկ զգացւում են, այժմ, երբ այլեւս ազատութիւնն ունի ամբողջ օրն աղօթելու։ Նրա՛ աղօթքը մեզ իւրայատուկ ցաւ ու վնաս է պատճառում, – ա՜խ, հէնց այս պահին այս կողիցս կարծես մի դաշոյն մխրճուեց, – որովհետեւ սովորական թշուառների ծաղրանկարային աղօթքը չէ. սա չի սահմանափակւում ինքն իր համար էգոիստական շահեր խնդրելով, ո՛չ, սա նախեւառաջ փառաւորում է մեր Թշնամուն եւ, – ինչպիսի՜ սոսկանք մեր համար, – պաշտամունք է մատուցում Նրան։ Եւ ապա Նրան է ներկայացնում ամբողջ աշխարհի աղօթքները, չէ՛, այն էգոիստականները չէ, այլ իրականները, խօսում է մարդկութեան իրական խնդիրների մասին, եւ, – ներիր ինձ, որ այս տերմինը պէտք է օգտագործեմ, որպէսզի հասկանաս դէպքի ամբողջ ծանրութիւնը, – դարձել է մի իրական «բարեխօս»։ Իրեններն էլ, իրենց հերթին, աղօթում են նրա եւ նրա յաջորդի համար։ Աղօթքների մի ամբողջ ալիք եմ տեսնում, որ սարսափելի բարձրանում է եւ ստեղծում է մեր բոլոր ծրագրերը ոչնչացնելու վտանգը։

Մեր ձեռքին մնացել է խաղալու վերջին խաղաքարտը. հետաքրքրասիրութիւնը։ Արի՛ ահա այսպէս վարուենք. գնա՛նք, հետաքրքրասիրութի՛ւն առաջացնենք այս դէպքերի վերաբերեալ եւ, եւս մի անգամ, փորձենք ամէն բան ծառայեցնել մեր շահին։ Ամէն բան անենք, որ մեր Թշնամու ծառաները համոզուեն, թէ շա՜տ ազնիւ ու կարեւոր բաներով են զբաղուած. օրինակ, անիմաստ ու անօգուտ շատախօսութիւններ, կարծիքների փոխանակում նրա առողջութեան ու հրաժարականի մասին, «gossip»ներ, վարկածներ յաջորդ Պապի մաշկի գոյնի մասին, թէ սեւ կը լինի կամ դեղին, մանրուքային տեղեկութիւններ ընտրութիւնների ընթացակարգի կամ թափուր Աթոռի մասին, Սիքստինեան Մատուռում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին, կանխագուշակութիւններ այս կամ այն Կարդինալի անուան շուրջ, մի խօսքով՝ ինքդ էլ մի քիչ աշխատացրու երեւակայութիւնդ, միայն թէ մոռանան անել այն միակ կարեւոր բանը, որն իսկապէս մահացու է մեր համար եւ որի դէմ մենք հակաթոյն չունենք (ինչը որ, ցաւոք, արդէն սկսել են անել). աղօթել ընտրութիւնների համար։ Եթէ չշտապենք, մի քանի շաբաթից շա՜տ աւելի ծանր վիճակում կը յայտնուենք. կ'ունենանք մի կողմից նոր Պապ, որը կը սկսի մեր դէմ աշխատել գործով, իսկ միւս կողմից իր նախորդը, որը կը զօրացնի նրան իր աղօթքով։ Կը ստացուի այնպէս, որ ոչ թէ թուլացրեցինք Թշնամու նաւը, ո՛չ թէ ունեցանք «թօշակի անցած» Պապ, ինչպէս ակնկալում էինք, այլ ընդհակառակն՝ մի իշխող Պապ եւ մի աղօթող Պապ։ Սա մեր համար կը լինի իսկապէս վերջը։