Մի պատանու նամակը իր ապագա սիրեցյալին

 

 

 

 

 

 

Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
դու շնչում ես ու ապրում,
ես չգիտեմ, թե որտե՛ղ,
ինձնից հեռու, կամ թերևս ինձ մոտիկ ... :
Դիմագծերիդ շնորհալիությունը ես չեմ ճանաչում,
ո՛չ էլ մատների ու թելերի մասին, որոնք հյուսել են քո կյանքը,
ես ոչինչ չեմ իմանա, մինչև չսովորեմ քեզնից
ոստայններն ու հանգույցները, որոնք ծնունդ են տվել կտավին:

Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
կուզենայի, որ այս երեկո դու մտածեիր իմ մասին, ինչպես ես եմ մտածում քո մասին,
ո՛չ թե ոսկեզօծ երազներում, պատկերներով, որոնք ես չեմ կարող լինել,
այլ՝ երկարաձիգ գիշերվա մեջ, որին քո անհամբեր սիրտն ընդունում է,
քանի որ ես էլ գոյություն ունեմ և ԻՐԱԿԱՆ եմ,
և դու չես կարող հորինել ինձ, առանց ինձ կերպարանափոխելու:

Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
ես քեզ սիրում եմ նաև առանց դեմքի:
Քո համար, իմ ամբողջ ուժով այժմ ուզում եմ հարստանալ,
որպեսզի հետո կարողանամ քեզ հարստացնել:
Եվ շարունակաբար կվարժվեմ տալու, վերցնելուց խուսափելով,
որովհետև երբ դու կհայտնվես, աչքերիս համար հմայիչ,
ես չեմ ուզում հափշտակել քեզ, վրա հասնող գողի նման,
այլ՝ ընդունել քեզ որպես պարգևված մի գանձ,
որովհետև գանձը կլինես ԴՈՒ, և կնվիրվես ինքնակամ:

Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
վաղն ինձ կներես, ...
երբ վստահությամբ գրկումս կամփոփվես,
երբ հայացքդ կնավարկի աչքերիս երկնքում,
մեկ առ մեկ այցելելով ամենահեռավոր ամպերն անգամ,
ինձ կներես, որ – ավա՜ղ – ճանաչում եմ սիրո վարմունքն ու արարքները.
դրանք քեզնից չէ, որ սովորել եմ,
բայց այսօր, քո՛ համար, շա՜տ կուզենայի դրանք սովորած չլինել,
որովհետև գիտեմ, թե որքա՜ն գեղեցիկ կլիներ,
որ մենք երկուսով փնտրեինք և միասին գտնեինք
ձայների ճիշտ և հարուստ միավորումը, որոնք կընկերակցեին մեր կյանքի երգերին,
ուրախության երգերին և վշտակրության երգերին:

Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
այս երեկոյան աղոթում եմ քո համար, որովհետև դու գոյություն ունես, և ես արդեն իսկ ուզում եմ քեզ հավատարիմ լինել,
որովհետև դու էլ ես տառապում, և թերևս իմ համար:
Ես ինձ նախապատրաստում եմ, դու նախապատրաստում ես քեզ, և վաղն իմ ամբողջ ուժով, – մաղթում եմ սա մեզ, –
ես կլինեմ քո արևը, իսկ դու կլինես իմ աղբյուրը,
ես քեզ կջերմացնեմ, իսկ դու կհագեցնես իմ ծարավը:
Կմիավորենք մեր մարմինները մի նոր կյանքի համար, և աշխարհին կտանք այն, ինչի կարիքն իսկապես ունի.
մեր սիրո կշիռը, որն առանց մեզ կպակասի նրան:

Սակայն, իմ գեղեցիկ, բայց առայժմ անծանոթ սեր,
հարկավոր է տակավին սպասել,
և որքա՜ն ցավալի է գիշերային սպասումը սիրահարների, որոնք դիմագծեր չունեն:
Բայց ես գիտեմ, որ մեր երկու կյանքերն իրար են փնտրում և իրար կանչում,
և այժմ վստահ եմ, որ մեր գիշերային փափաքների սրտում
լույսի մեջ երգում է Աստծո փափաքը:

Մեր երկնավոր Հոր հայացքն ուղղված է մեր վրա, իմ սեր, և ի հավիտենից – ես հավատում եմ դրան – Նա սիրում է մեզ, մեղմիկ շշնջալով.

«Եթե կամենում են,
վաղը միասին ՄԵԿ կլինեն»:

Իր հայրական երազանքն է,
մեր որդիական որոշումը կլինի:

Ամեն։

 

Միշել Քուասթ, «Խոսիր ինձ սիրո մասին» գրքից