ՍՈՒՐԲ ԻԶԻԴՈՐՈՍ. գիւղացին, որն հասկացել էր, թէ ինչպէս է հարկաւոր յաղթահարել տնտեսական ճգնաժամը

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՒՐԲ ԻԶԻԴՈՐՈՍ. գիւղացին, որն հասկացել էր, թէ ինչպէս է հարկաւոր յաղթահարել տնտեսական ճգնաժամը

 

Նա չէր յաճախել Լոնդոնի Տնտեսագիտական Համալսարանը, դոկտորատի աստիճան չէր ստացել աշխարհի երեւելի կրթավայրերից մէկում, չէր մասնակցել տնտեսագիտական ակումբների քննարկումներին, բայց ... շատ լաւ հասկացել էր, թէ ո՛րն է աշխատանքի իսկական օրէնքը

 

 

     Երբ ինչ որ մէկն ընտրում է անցնել սխալի ճանապարհով, անխուսափելիօրէն հանգում է պարադոքսալ արդիւնքների, այսինքն այնպիսի արդիւնքների, որոնք ամբողջովին տարբերւում են նրանցից, որոնց նա մտադիր էր հասնել։ Սա՛ է սխալի օրէնքը։ Աստուածաշունչը – որի մասին Ա. Պուշկինն ասում է. «Ես կարծում եմ, որ մենք ժողովրդին երբեւէ չենք կարողանալու տալ աւելի լաւ մի գիրք, քան Աստուածաշունչն է։ ... Աստուածաշունչը համամարդկային է, նրանում ամփոփուած է մարդկային ամբողջ կեանքը։ ... Ահա՛ աշխարհի միակ գիրքը. նրանում ամէն բան կայ» – Աստուածաշունչը, ասում էի, սրա մասին մեզ զգուշացնում է իր առաջին էջերից իսկ սկսած։ Ադամն ու Եւան մեղանչեցին, որովհետեւ ցանկանում էին ''ազատ'' լինել, ցանկանում էին ոչ մի կապ չունենալ Աստծոյ հետ, ապրել ինքնուրոյն, առանց Աստծոյ ներկայութեան, հետեւելով այն պատրանքին, թէ կարող էին հասնել լիակատար ինքնաբաւութեան, այսինքն՝ մի տեսակ ինքնա-աստուածացման։ Եւ սակայն, ո՛չ միայն ձախողուեցին այդ մտադրութեան մէջ, այլ ստիպուած եղան ցաւալիօրէն ճանաչելու եւ ընդունելու իրենց սահմանափակութիւնն ու անկայունութիւնը։ Տեսան, որ ''մերկ'' էին։ Խօսքը չի վերաբերւում մարմնական, այլ՝ օնթոլոգիական մերկութեանը։ Մարդկային բնութեան սահմանաւորութիւնը, որն առաջ նրանց վրայ չէր ծանրանում եւ որի ծանրութիւնը Աստուած Ինքն էլ չէր թողնում, որ նրանք զգային, այդ ծանրութիւնը մեղքից յետոյ դառնում է վիթխարի, անտանելի. մինչեւս իսկ՝ վախեցնում է։ Սխալի օրէնքն է։

     Մի օրէնք, – սխալի օրէնքը, – որն ակնյայտօրէն բացատրւում է այն կարգուկանոնով, որն Աստուած դրոշմել է արարչութեան վրայ։ Եթէ խախտում ես կարգն ու կանոնը, որպէս արդիւնք ստանում ես անկարգութիւնն ու անկանոնութիւնը, իսկ եթէ ստանում ես անկարգութիւնն ու անկանոնութիւնը, քո կեանքում իրականացնում ես պարադոքսը։ Մի պարադոքս, որը Նախախնամութեան կողմից բարձրացւում է ուսուցման մակարդակի։ Պատահական չէ, որ վաղեմի իմաստունները պատմութեան մասին խօսում էին որպէս ''դաստիարակի'', որից հարկաւոր է սովորել։ Պատմութիւնը որպէս «magistra vitae», «կեանքի ուսուցիչ», որպէս իրադարձութիւնների ո՛չ թէ պատահական շարան, այլ՝ դէպքերի նշանակալի ընթացք, որից պէտք է սովորենք մեր կեանքի համար։ Որովհետեւ, թէեւ բազմաթիւ բաներ խուսափում են պատմական ըմբռնումից, այնուամենայնիւ ճշմարիտ է հետեւեալը. կատարուած սխալներն անխուսափելիօրէն վերածւում են պատիժների, մինչ ակնյայտօրէն վարձատրւում են այն բոլոր բարի գործերը, որոնք քաղաքակրթութիւններն իրականացնում են։

     Իմաստուններից մէկն արդարացիօրէն ասել է, որ մինչ անհատ մարդիկ, քանի որ քայլում են դէպի անդրերկրային կեանքը, վարձատրուելու կամ պատժուելու համար ունեն յաւիտենութիւնը, նոյնը չի կարելի ասել հասարակութիւնների եւ քաղաքակրթութիւնների դէպքում։ Դրանք ապրում են միայն պատմութեան ներսում եւ, ապրելով միայն ժամանակի սահմաններում, իրենց վարձատրութիւնն ու պատիժները ստանում են այստեղ՝ երկրի վրայ, այդ միեւնոյն պատմութեան ներսում։ Եթէ մի հասարակութիւն հանրային մակարդակով ընտրում է սխալը, եթէ նրանում տարածւում է ''հասարակական մեղքը'', այդպիսի քաղաքակրթութիւնը, մեղքի ժանգով ապականուելով, իր ընտրութիւնների հետեւանքներն անխուսափելիօրէն կը վճարի ժամանակի եւ պատմութեան մէջ։

     Այս խորհրդածութիւններն ուղղակի եւ անուղղակի կերպով կապակցուած են Սուրբ Իզիդորոսի, իսպանացի այս մեծ-փոքր Սրբի կեանքին։ Ընթերցողներն յուսով եմ հասկանում են ինձ։ Ասելով ''մեծ-փոքր'', հասկանում եմ մի Սուրբ, որը շատ ճանաչուած չէ կամ ընդհանրապէս ճանաչուած չէ (գոնէ այստեղ՝ Հայաստանում), բայց իր վարքով մեծ է, ինչպէս բոլոր Սրբերը, որոնց Եկեղեցին մեզ ներկայացնում է որպէս քրիստոնէական կեանքի ջինջ օրինակ։ Համառօտ կերպով ներկայացնեմ Սուրբ Իզիդորոսի կեանքը եւ դուք ինքներդ էլ կը հասկանաք, թէ ի՛նչ կապ կայ նրա եւ իմ այս ներածական խորհրդածութիւնների միջեւ։

 

Սուրբ Իզիդորոսի կեանքը

 

     Ծնուել է մօտաւորապէս 1070 թուականին, գիւղացիների չափազանց աղքատ ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Իզիդորոսը հազիւ պատանի էր։ Կարիքը նրան ստիպում է աշխատելու գնալ Մադրիդի շուրջը տարածուող դաշտերում։ Այդ տարիներին փոթորկացող պատերազմների պատճառով ապաստանում եւ աշխատանք է փնտրում հիւսիսային նահանգներում, Թոռռէլագունայում։ Այդտեղ էլ ծանօթանում է իր ապագայ կնոջը՝ Մարիա Թոռիբիային, որը նոյնպէս աղքատ գիւղացիների ընտանիքում ծնուած-մեծացած աղջիկ էր։ Իզիդորոսը մեծ հաւատքի տէր երիտասարդ էր եւ ապրում էր այդ հաւատքի համաձայն։ Անգրագէտ էր, բայց հասկանում էր Աստծուն վերաբերուող ամէն բան եւ գիտէր աղօթել։ Ամէն օր առաւօտեան, արշալոյսին, եկեղեցի էր գնում աղօթելու եւ Սուրբ Պատարագին մասնակցելու եւ Ամենասուրբ Հաղորդութիւնը ստանալու։ Բայց օրուայ ընթացքում էլ, մինչ աշխատանքի վայրում էր, յաճախ առանձնանում էր ու աղօթում։ Աշխատանքի ընկերները նրան քննադատում են, թէ աշխատանքից փախչում է։ Գործատէր Խուան Դէ Վերգասը նոյնպէս սկսում է կասկածել նրա վերաբերեալ, բայց յետոյ տեսնում է, որ երեկոյեան Իզիդորոսի աշխատանքը ո՛չ միայն կատարուած է, այլ նաեւ՝ կատարուած է որակով ու բարեխղճութեամբ։ Ի վերջոյ համոզւում է, որ խորհրդաւոր ինչ որ մի բան Իզիդորոսին օգնում է իր աշխատանքում։ Միաժամանակ սկսւում են նաեւ հրաշքներ տեղի ունենալ իր հողատարածքներում։ Շուտով Իզիդորոսը դառնում է իր վստահելի անձը եւ սկսում է աւելի շատ գումար վաստակել, բայց ինքը եւ կինը (որը ԺԸ. դարում հռչակուել է Երանելի) միասին որոշում են շարունակել ապրել այնպէս, ինչպէս ապրել են մինչեւ այդ օրը, եւ աւելացող գումարները նուիրաբերում են չքաւորներին։ Իզիդորոսը մահանում է 1130 թուականին, վայելելով համընդհանուր ճանաչում եւ հիացմունք։ Սրբադասուել է 1622 թուականի Մայիսի 25-ին, Հռոմի Սրբազան Քահանայապետ Գրիգոր Տասնհինգերորդի կողմից։

 

''Մարդավայել'' կեանքի գաղտնիքը

 

     Վերադառնանք մեր խորհրդածութիւններին։ Ի՞նչն է, որ ամէն ինչից աւելի էր աչքի զարնում Սուրբ Իզիդորոսի կեանքում։ Անշուշտ այն փաստը, որ նա օրուայ ընթացքում յաճախ ընդմիջում էր աշխատանքը, որպէսզի առանձնանար եւ աղօթէր։ Նրան քննադատում էին, որովհետեւ, զուտ մարդկային տրամաբանութեան համաձայն, աղօթելու համար հարկաւոր է ժամանակ, իսկ այդ ժամանակն անշուշտ վերցւում էր աշխատանքի հաշուին, եւ ակնյայտ մտահոգութիւնը կար, որ եթէ նա չհասցնէր կատարել իր աշխատանքը, այդ աշխատանքը կը փաթաթուէր ուրիշների վզին։ Եւ սակայն, աշխատանքային օրուայ աւարտին, այն՝ ինչը կարողանում էր հնձել Իզիդորոսը, շա՜տ աւելի առատ էր, քան այն՝ ինչը կարողացել էին հնձել ուրիշները։

     Միտքս ակամայ ուղղւում է մեր ժամանակների տնտեսական ճգնաժամին, իրական լինի այն, թէ ոմանց կողմից սարքուած (երբեմն փորձութիւնն եմ ունենում այսպէս մտածելու, բայց այս պահին դա մեր նիւթին չի առընչւում)։ Փաստն այն է, որ այն օրուանից, ինչ մարդիկ սկսեցին մտածել, թէ փողն ամէն ինչ է, փողը ոչ ոքի չի հերիքում։ Բոլորը բողոքում են, նոյնիսկ ողբում։ Բողոքներ, որոնք շատ յաճախ վիրաւորանք են մարդկային առողջ դատողութեանն ու խելքին։ Ես, որ մի քանի տարի առաջ հատեցի յիսնամեայ սահմանագիծը, շատ լաւ եմ յիշում, թէ ինչպիսի զոհողութիւնների գնով էին տուն-տեղ դնում իմ պապիկ-տատիկներն ու ծնողներս, այնպիսի ժամանակներում, երբ ճաշից յետոյ ոչ ոք վստահութիւնը չունէր, թէ այդ օրը կը լինի նաեւ մի ընթրիք, կամ ընթրիքից յետոյ՝ յաջորդ առաւօտեան նախաճաշը։ Այստեղ խօսքը չի վերաբերւում ֆանատիկական մօտեցմամբ փողը սատանայական ինչ որ մի բան որակաւորելուն, ո՛չ էլ միամտօրէն անգիտանալուն այն փաստը, որ անցեալում էլ կային անձինք, ովքեր ագահօրէն փնտրում էին հարստութիւններ, ինչպիսին էլ որ լինէր դրանց հասնելու գինը։

     Ո՛չ, խօսքը դրանց չի վերաբերւում։ Խօսքը վերաբերւում է այն փաստին, որ մեր ժամանակաշրջանում, երբ հանրային կեանքից ամբողջովին դուրս ենք մղել Աստծուն եւ Նրան վերաբերուող ամէն բան ( – եւ խօսքը չի վերաբերւում միայն ''տեսական'' աթէիզմին, այլ շա՜տ աւելի տարածուած ''գործնական'' աթէիզմին, այսինքն նրանց՝ ովքեր չեն ժխտում Աստծոյ գոյութիւնը, մանաւանդ թէ՝ յաճախ նոյնիսկ պարտաճանաչ մոմավառներ են եկեղեցիներում եւ նրանց տներն ու մեքենաները լի են սրբապատկերներով, բայց ... գործնական կեանքում ապրում են այնպէս, որ Աստուած կարծես թէ գոյութիւն չունի էլ, կամ առնուազն՝ տեղ ու ներկայութիւն չունի իրենց կեանքում – ), պարզ է, որ հանրային կեանքի գլխաւոր դերակատարը դառնում է փողը, փողը դառնում է ամէն բան, քանի որ երկրային կեանքը դառնում է ամէն բան, մոռացութեան մատնելով անդրերկրային որեւէ երանութիւն։ Չկարողանալը արձակուրդի մեկնել տրոպիկական հանգստավայրերում կամ մոդայի վերջին ճիչը հանդիսացող բջջային հեռախօսը չունենալը ''գործնական աթէիստների'' համար դառնում է նշանը մի կեանքի, որը ''մարդավայել'' չէ, որը կորցրել է իր արժանապատւութիւնը։ Պատահական չէ, որ բազմաթիւ մարդիկ, որոնք այսօր խօսում են տնտեսական ճգնաժամի մասին, յաճախ գործածում են ''արժանապատւութիւնից զուրկ կեանք'' արտայայտութիւնը։ Կամ այն թշուառները, որոնք նման պատճառներով դիմում են ինքնասպանութեան եւ իրենց ետեւից թողնում են նման գրութիւններ. «Հնարաւոր չէ ապրել առանց արժանապատւութեան»։ Կարծես թէ փող չունենալը կամ մանաւանդ թէ՝ բաւակա՛ն փող չունենալը ինչ որ մի բան է, որ այս կամ այն կերպ կապ եւ առընչութիւն ունի մարդկային արժանապատւութեան հետ։

     Ահա՛ եւ պարադոքսը։ Ժամանակակից մարդը կարող է եւ յայտնուել փող չունենալու իրավիճակներում, բայց շարունակում է պաշտել փողը որպէս ''ամէն բան կեանքում''։ Սրանից էլ ծնւում է պատիժը։ Այո՛, պատիժը։ Շատ լաւ հասկացաք, թանկագին ընթերցողներ։ Տնտեսական ճգնաժամն էլ կարող է պատիժ հանդիսանալ։ Ո՛չ թէ մի պատիժ, որն Աստուած ուղարկում է մարդկանց վրայ, – Աստուած մեզ երբե՛ք չի պատժում, – այլ մի պատիժ, որը մենք ինքներս ենք, որպէս հասարակութիւն, բարդում մեր գլխին։ Մի պատիժ, որը գոնէ պէտք է օգնի ժամանակակից մարդուն հասկանալու, որ չի կարող իրեն եւ իր նմաններին ստորացնելով հասցնել սոսկ սպառողի կամ դիզողի կարգավիճակի, երբ մարդկային արժանապատւութիւնն ամբողջովին այլուր է։ Հասկանալու, որ չի կարող համակ բռնուել արտադրելու տենդով, առանց մտածելու ինքն իր մասին եւ առանց մտերիմ յարաբերութիւն մշակելու Աստծոյ հետ, հասկանալու համար սեփական գոյութեան խորհուրդը։ Մինչեւ իսկ Կիրակի օրն են մեզնից խլել, դարձնելով այն աշխատանքային։ Առեւտրի կենտրոններն աւելի բազմամարդ են, քան եկեղեցիները։ Այստեղ եւս կարող ենք մի խորհրդածութիւն կատարել. առեւտրի կենտրոնները բաց են շաբաթը եօթը օր, բայց ինքնին առեւտուրը ճգնաժամի մէջ է։ Առաջ դրանք բաց էին շաբաթը վեց օր եւ առեւտուրը ճգնաժամի մէջ չէր։ Մի փաստ է, որ մտածելու տեղիք է տալիս։

     Սուրբ Իզիդորոսը այդպէս չէր մտածում։ Նա չէր յաճախել Լոնդոնի Տնտեսագիտական Համալսարանը, դոկտորատի աստիճան չէր ստացել աշխարհի երեւելի կրթավայրերից մէկում, չէր մասնակցել տնտեսագիտական ակումբների քննարկումներին։ Բայց նա շատ լաւ հասկացել էր, թէ ո՛րն է աշխատանքի իսկական օրէնքը. խնդրել եւ ստանալ Աստծոյ օգնութիւնը, մեր կեանքում Աստծուն դնել առաջին տեղում, հաւատալ եւ վստահել ո՛չ թէ տնտեսագէտներին, այլ Նրան, ով ասել է. «Ամէն ինչից առաջ փնտրեցէք Աստծոյ Արքայութիւնը եւ մնացած ամէն բան կը տրուի ձեզ աւելիով»։