«Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով»

 

 

 

 

 

 

 

 

Վաղը Հռոմում սկսւում է Օգոստինեան Աշխարհականների Երրորդ Համագումարը

 

ՀՌՈՄ, երեքշաբթի, 10 Յուլիս 2012 - «Չենք կարող ապրել Սուրբ Օգոստինոսի ուսմունքը առանց դառնալու ընկերներ, առանց հանդիպելու ուրիշներին, առանց բացելու մեր սիրտը, առանց կիսելու դժուարութիւնները, առանց հասնելու՝ կառուցելու ընկերութիւնը։ Երբ ընկերային այս յարաբերութիւնը բարձրանում է առ Աստուած, երբ Աստուած դառնում է ընկերութեան կենտրոնը, այդ ժամանակ հասկանում ենք, որ ինչ-որ մի բան Աստծոյ յաւիտենականութիւնից սկսում է հեղուել մեր վրայ, եւ մեր մէջ զգում ենք Աստծոյ այն անսահման սէրը, որը կիսում ենք մեր եղբայրների հետ»։

 

Վաղը՝ Յուլիսի 11-ին, չորեքշաբթի, Հռոմի Օգոստինեան Հայրախօսական Համալսարանում իր աշխատանքներն է սկսում Օգոստինեան Աշխարհականների համաշխարհային Երրորդ Համագումարը։ Օգոստինեան Եղբայրութիւնների պատկանող կամ ամէն դէպքում Օգոստինեան հոգեկանութեանը շատ մօտ գտնուող երկու հարիւր աշխարհականներ ամբողջ աշխարհից հաւաքուել են Հռոմում, մասնակցելու համար Գիտաժողովին, որի նշանաբանն է. «Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով. Լինել Քրիստոսի Մարմինը այսօրուայ աշխարհի համար»։ Սուրբ Օգոստինոսի Միաբանութեան Ընդհանուր Առաջնորդ Հայր Ռոբերտ Ֆ. Պրէվոսթը բացատրում է. «Օգոստինեան ընտանիքի տարբեր խմբերի ներկայացուցիչներին հրաւիրեցինք այստեղ, որպէսզի միասին խորհրդածենք Եկեղեցու կեանքին, Քրիստոսի Մարմնի կերտման գործին Օգոստինեան ընտանիքի մասնակցութեան շուրջ։ Երկխօսելու ենք միասին եւ խորացնելու ենք մեր մասնակցութեան իմաստն ու նշանակութիւնը միակ Եկեղեցու, Աստծոյ միակ մեծ ընտանիքի ներսում, որպէս մեկնակէտ ունենալով մեր հոգեկանութիւնը, մեր յանձնառութիւնը՝ խթանելու հաղորդութիւնը ապրելով որպէս հասարակութիւն, միասին կիսելով կեանքը»։

«Ինչ վերաբերւում է Օգոստինեան Աշխարհականներին, հարկաւոր է տարբերել երկու մեծ խմբեր», բացատրում է Հայր Ալեքսանդր Մորալը, որն Համագումարի կազմակերպման պատասխանատուն է։ «Առաջին հերթին գոյութիւն ունեն Օգոստինեան Եղբայրութիւնները, որոնք ապրում են Միաբանութեան Ընդհանուր Առաջնորդի կողմից վաւերացուած Կանոնների համաձայն։ Այս Եղբայրութիւններն, ուստի, շատ սերտ յարաբերութեան մէջ են Միաբանութեան հետ, որի մի մասն են կազմում մեր Սահմանադրութեան համաձայն»։ Օգոստինեան Եղբայրութիւնների կողքին, «կան նաեւ անհատ անձինք, որոնք սերտ հաղորդակցութեան մէջ են մեր Միաբանութեան հետ, հոգեւոր ուժեղ կապ են պահպանում Օգոստինեան Միաբանութեան հետ, բայց մաս չեն կազմում Եղբայրութիւններին եւ ենթակայ չեն Կանոններին։ Այսպիսիք համագործակցում են մեր հետ աշխարհի բազմաթիւ մասերում»։

Համաշխարհային այս Գիտաժողովը հանդիպումի ու հաղորդակցութեան համընդհանուր մի պահ է։

Գիտաժողովի հիմնական տեքստը («Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով») եւ «Այսօրուայ աշխարհի համար Քրիստոսի Մարմինը լինելու» փափաքը այս կարեւոր հանդիպման առանցքային թեմաներն են։ «Հիմնական տեքստը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը քննարկում է ուսմունքային հարցերը, իսկ երկրորդը՝ կենտրոնանում է այն կերպային հարցերի վրայ, որոնք օգնում են կազմակերպելու խմբերը», բացատրում է Հայր Ալեքսանդրը, որն ընդգծում է, որ Օգոստինեան Աշխարհականը դա մէկն է, ով Աւետարանը ապրում է ներշնչուելով Սուրբ Օգոստինոսի խորհրդածութիւններից, որոնք օգնում են խորապէս հասկանալու Աւետարանական պատգամը։ «Մենք հետեւում ենք Սուրբ Օգոստինոսի վարդապետութեանը։ Գիտաժողովի հիմնական տեքստում, աստուածաբանական եւ հովուական նախադրեալներից յետոյ անցում է կատարւում Սուրբ Օգոստինոսի եկեղեցաբանութեանը. Եկեղեցին որպէս Քրիստոսի հետ հաղորդութիւն։ Օգոստինեան եկեղեցաբանութիւնը իւրայատուկ կերպով հաղորդութեան եկեղեցաբանութիւն է, եւ սա մեր համար հիմնական կարեւորութիւն ունի։ Մենք Աշխարհականների հետ համագործակցում ենք մի համընդհանուր առաքելութեամբ, որովհետեւ մեզ զգում ենք որպէս մի Եկեղեցի, որն ապրում է հաղորդութիւնը։ Այս հաղորդութեան ներսում ամէն ոք ունի իր դերը»։

Հայր Ալեքսանդր Մորալը խորհրդածում է նաեւ այն դերի շուրջ, որն Օգոստինեան Աշխարհականները կարող են ունենալ մարտահրաւէրներում, որոնք այսօր ծառանում են Հաւատքի դիմաց, Աւետարանի Նոր Քարոզչութեան գործում. «Այսօրուայ աշխարհում, որն այսքա՜ն բաժանուած է, պատերազմներով, անարդարութիւններով ու աղքատութեամբ ալեկոծուած, ուր բազմաթիւ ընտանիքներ այսօր բաժանուած են, մենք կամենում ենք շեշտը դնել հաղորդութեան վրայ, ինչը որ չի նշանակում միայն լաւ ապրել, այլ յատկապէս՝ մեր հայեացքը ուղղել վերանցականին. Քրիստոսն Ինքը առաջնորդում է մեզ եւ մեր բոլորի Եղբայրն է։ Բոլորս միեւնոյն Հայրն ունենք, որն ողորմած ու բարեացակամ է մեր հանդէպ։ Մենք այսօրուայ աշխարհին ուզում ենք հաղորդել պատգամը, որ առանց հաղորդութեան ոչինչ չի կարող գոյութիւն ունենալ. եթէ կայ բաժանում, ամէն բան կոտրուած է եւ անհնարին է առաջ գնալ։ Ժամանակակից աշխարհը երբեմն խօսում է ''համերաշխութեան'' մասին. այդ եզրը խորքում նշանակում է հաղորդութիւն, բայց մենք գիտենք, որ խորը հաղորդութիւնը, որն աւելի հեռուներն է հասնում, քան սոսկ մակերեսային համերաշխութիւնը, հետք է թողնում այս բաժանուած աշխարհում, ինչպիսին որ տեսնում ենք այսօրուայ աշխարհը»։

Հայր Ալեքսանդրը, ապա, խօսում է այն հմայիչ ազդեցութեան մասին, որը Սուրբ Օգոստինոսի կերպարը թողնում է ժամանակակից մարդու վրայ. «Կարծում եմ, որ բոլորին հմայող տարրը, վերանցական ոլորտներ անցնելուց առաջ արդէն, Սուրբ Օգոստինոսի ուսմունքն է ընկերութեան մասին։ Չենք կարող ապրել Սուրբ Օգոստինոսի ուսմունքը առանց դառնալու ընկերներ, առանց հանդիպելու ուրիշներին, առանց բացելու մեր սիրտը, առանց կիսելու դժուարութիւնները, առանց հասնելու՝ կառուցելու ընկերութիւնը։ Երբ ընկերային այս յարաբերութիւնը բարձրանում է առ Աստուած, երբ Աստուած դառնում է ընկերութեան կենտրոնը, այդ ժամանակ հասկանում ենք, որ ինչ-որ մի բան Աստծոյ յաւիտենականութիւնից սկսում է հեղուել մեր վրայ, եւ մեր մէջ զգում ենք Աստծոյ այն անսահման սէրը, որը կիսում ենք մեր եղբայրների հետ։ ''Ուրիշ''ը իմ եղբայրն է, օտար մէկը չէ այլեւս։ Հայեացքս ուղղւում է դէպի սիրտը եւ մենք միասին կերտում ենք հասարակութիւնը։ Սուրբ Օգոստինոսի կերպարը միշտ մնում է մեծապէս արդիական, քանի որ մեր կեանքի բազմաթիւ իրավիճակներ նա ապրել է, դրանց փորձառութիւնն ունեցել է, անցել է դրանց միջով, դրանց շուրջ խորհրդածել է, եւ ... յաղթել է իր ժամանակի բոլոր մարտահրաւէրներին»։