Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Առաջինը շարունակում է հաճելիօրէն զարմացնել

 

 

 

 

 

 

Պետրոս Առաքեալի գահին ընտրուելու առաջին պահից ի վեր, Ֆրանցիսկոս Պապը բազմաթիւ առիթներով հաճելիօրէն զարմացնում է համայն Եկեղեցուն, տալով քրիստոնէական սիրոյ եւ համեստութեան պայծառ օրինակներ։ Ահա՛ դրանցից վերջին երկուսը։

 

 

Սրբազան Քահանայապետը գրկախառնուել եւ համբուրել է հիւանդութեան պատճառով տձեւացած մի մարդու. – Պատկերն աւելին արժէ, քան հազարաւոր խօսքերը։ Հաւատացեալ ժողովրդի հետ երէկ Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը նկատել, գրկել ու համբուրել է նեարդաֆիբրոմատոզով հիւանդ մի մարդու։ Այդ հիւանդութիւնը մարդու մարմնում առաջացնում է սուր ցաւեր, խլութիւն, կուրութիւն, բայց յատկապէս՝ սոցիալական խտրականութեան պատճառով առաջացող հոգեւոր մեծ տառապանք, քանի որ սրուած վիճակում պատճառում է նաեւ հիւանդի մարմնի տձեւացում, կարող է մինչեւ իսկ հասցնել լիակատար անդամալուծութեան։ Սոյն հիւանդութեան դէպքում բժշկական միջամտութիւնը խիստ դժուարին է ու բարդ։ Հիւանդութիւնը վարակիչ չէ, քանի որ գենետիկական բնոյթ ունի, բայց հիւանդի տեսքի պատճառով նրան գրեթէ լիովին կղզիացնում է հասարակութիւնից։ Սրբազան Քահանայապետը խզեց այս նախապաշարումը եւս, մի քանի րոպէ շարունակ խօսեց նրա հետ, քաջալերեց, բայց որ ամենակարեւորն է՝ գրկեց ու համբուրեց, արարքներ, որոնք հիւանդի համար (նաեւ մեր համար) հազար անգամ աւելին արժեն, քան դատարկ խօսքերը։

 

03937958            03937968-300x225

 

Սրբազան Քահանայապետի աղքատասիրութեան օրինակին սկսել են հետեւել նաեւ Վատիկանի բարձրաստիճան հոգեւորականները. – Իր պապական ընտրութեան առաջին իսկ օրից սկսած, Ֆրանցիսկոս Պապը հրաժարուեց գործածել թանկարժէք աւտոմեքենաները, որոնք աւտոմեքենաներ կառուցող մեծ գործարանների կողմից նուիրուել էին Վատիկանին եւ մինչ այդ գործածւում էին բարձրաստիճան հոգեւորականների կողմից։ Ֆրանցիսկոս Պապը չի բաւարարւում միայն խօսքերով։ Առաջին իսկ օրից յայտարարել էր, որ ինքը երազում է ո՛չ թէ պետական Եկեղեցու, այլ աղքատ Յիսուսի աղքատասէր Եկեղեցու մասին։ Առաջին քայլը այն եղաւ, որ հրաժարուեց բնակութիւն հաստատել Առաքելական Պալատի պապական սենեակներում, եւ մինչեւ օրս էլ բնակւում է Վատիկանի հիւրանոցում։ Յաջորդ քայլերից նշանաւորուեց նաեւ այս մէկը, երբ հրաժարուեց գործածել թանկարժէք աւտոմեքենաները, որոնք կան Վատիկանի աւտոպարկում։ Եւ իր օրինակն արդէն սկսել է տալ առաջին պտուղները. արդէն մօտ քսան բարձրաստիճան հոգեւորականներ Վատիկանում հրաժարուել են թանկարժէք մեքենաներից եւ նախընտրել են հետեւել Քահանայապետի օրինակին։ Երիտասարդ քահանայացուների հետ հանդիպման ժամանակ Սրբազան Քահանայապետն ասել էր. «Իմ սիրտը ցաւում է, երբ մի քահանայ կամ մի մայրապետ եմ տեսնում վերջին մոդէլի մեքենայի մէջ։ Մեքենան շատ կարեւոր է, պէտք է ծառայի որպէս փոխադրամիջոց, քահանան շատ գործ ունի կատարելու մեքենայի միջոցով։ Բայց կարող էք դա անել աւելի համեստ մեքենայով, մտածեցէք՝ թէ քանի՜ քանի՜ երեխաներ են մահանում սովից։ Բերկրանքը մեր հոգում չի ծնւում մեր տիրապետութեան տակ ունեցած առարկաներից»։ Քահանայապետի խօսքերն անպտուղ չմնացին։ Վերջերս տեղի ունեցած ժողովներից մէկին Կարդինալներից ոմանք ժամանեցին բաւականին համեստ մեքենաներով, իսկ Լիոնի Արքեպիսկոպոս Կարդինալ Ֆիլիպ Բարբարինը ընդհանրապէս թողել է մեքենան եւ աշխատավայր է եկել հեծանիւով։ Նկարում այն համեստ մեքենան է, որն հիմա գործածում է Հռոմի Պապը։

 

auto-di-papa-francesco-300x225