Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ. « ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ԿԱ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱԺԱՆՈՒՄ ՍԵՐՄԱՆԵԼԸ »

 

 

 

 

 

 

 

 

 

2015թ. Սեպտ. 4, Ռադիո Վատիկանի լուրերից
 


«Եկեղեցու մեջ կա մի հիվանդություն. բաժանում ու որոմ ցանելը։ Քրիստոնյաները, մինչդեռ, կանչված են խաղաղություն ու հաշտություն սերմանելու, ինչպես վարվեց Հիսուսն Ինքը». այս խոսքերն է ներկաներին ուղղել Սրբազան Քահանայապետը Սբ. Մարթա Հյուրատան մատռան մեջ մատուցված առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ։

 

Խաղաղությո՞ւն եմ սերմանում, թե՞ որոմ

Կողոսացիներին ուղղված Նամակում, Պողոս Առաքյալը ներկայացնում է Հիսուսի ինքնությունը, որն Աստծո Միածին Որդին է և Ինքն իսկ Աստված է, և որին Հայրն առաքել է մարդկությանը մեղքից հետո Աստծո հետ «հաշտեցնելու և խաղաղություն հաստատելու» նպատակով։ «Խաղաղությունը Հիսուսի գործն է», ասել է Պապը, արդյունքն է Հիսուսի այս «խոնարհվելու, մահվան և Խաչի՛ մահվան չափ հնազանդվելու համար»։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության կամ հաշտության մասին, փոքրիկ խաղաղությունների, փոքրիկ հաշտությունների մասին, պետք է մտածենք այն մեծ խաղաղության և այն մեծ հաշտության մասին, որն իրագործեց Հիսուսը։ Առանց Նրա, անհնարին է խաղաղությունը։ Առանց Նրա, անհնարին է հաշտությունը»։ «Մեր պարտականությունն է», ընդգծել է ապա Ֆրանցիսկոս Պապը, «պատերազմների, ատելության լուրեր ստանալիս, նաև ընտանիքների ներսում, լինել խաղաղության այրեր և կանայք, հաշտության այրեր և կանայք»։
«Եվ մեր համար օգտակար կլինի, եթե ինքներս մեզ հարց տանք. ''Ես ինքս խաղաղությո՞ւն եմ սերմանում։ Օրինակի համար, իմ լեզվով, խաղաղությո՞ւն եմ սերմանում, թե՞ որոմ''։ Քանի՜ անգամ ենք լսել ինչ որ մեկի մասին. ''Օձի լեզու ունի'', որովհետև միշտ անում է այն, ինչ արեց օձը Ադամի ու Եվայի հետ, կործանեց խաղաղությունը։ Իսկ սա մի չարիք է, սա մի հիվանդություն է մեր Եկեղեցում. բաժանում սերմանել, ատելություն սերմանել, ոչ-խաղաղություն սերմանել։ Բայց սա մի հարց է, որը լավ կլիներ, որ ամեն օր տայինք ինքներս մեզ. ''Ես ինքս այսօր խաղաղությո՞ւն սերմանեցի, թե՞ որոմ''։ Բայց ոմանք առարկում են, թե. ''Բայց, երբեմն, հարկավոր է ասել ճշմարտությունը, որովհետև սա և նա ...''։ Նման դիրքորոշմամբ ի՞նչ ես սերմանում դու»։

 

Ով խաղաղություն է տարածում, սուրբ է, իսկ ով տրվում է լեզվանիության, ահաբեկիչ է

Քրիստոնյաները, հետևաբար, կանչված են Հիսուսի նման լինելու, որն «եկել է մեր մոտ խաղաղություն տարածելու, հաշտություն տարածելու համար»։
«Եթե ինչ որ մեկն իր կյանքի ընթացքում ուրիշ ոչինչ չի անում, քան միայն խաղաղություն ու հաշտություն տարածելը, այդպիսի մեկին կարող ենք սրբադասել. այդ անձը սուրբ է։ Բայց պետք է աճենք այս ասպարեզում, պետք է դարձի գանք. երբեք թույլ չտանք, որ մեր բերանից դուրս գան բաժանում սերմանող խոսքեր, երբեք, երբե՛ք պատերազմներ սերմանող խոսքեր, փոքրիկ պատերազմներ, երբե՛ք չտրվենք լեզվանիությանը։ Մտածում եմ. ի՞նչ է լեզվանիությունը։ Դե՜, ասում է ինչ որ մեկը, լուրջ բան չկա, սրա կամ նրա հասցեին փոքր ինչ կծու խոսք ասելն է, կամ զվարճալի պատմություն պատմելն է։ Ո՛չ։ Լեզվանիությունը ահաբեկչություն է, որովհետև լեզվագար մարդը ահաբեկիչների նման է, գցում է ռումբը և մի կողմ է քաշվում, կործանում է. իր լեզվով կործանում է, խաղաղություն չի տարածում։ Բայց խորամանկ է, միաժամանակ։ Ինքնասպան ահաբեկիչ չէ. օ՜հ, ո՛չ, ինքն իր մասին մտածել գիտի»։

 

Կծել սեփական լեզուն

Ֆրանցիսկոս Պապը եզրափակել է մի հորդորով. «Ամեն անգամ, որ լեզվիս ծայրին մի խոսք կհայտնվի, որի արդյունքը լինելու է որոմ ու բաժանում սերմանելը և մի ուրիշի հասցեին բամբասելը, պետք է կծեմ լեզուս։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Եթե սեփական լեզուն կծելու այս հրահանգը գործի դնեք, որոմ սերմանելու փոխարեն, սկզբնական ժամանակներում ձեր լեզուն ահա այսպես կուռի, արյունոտվելով, որովհետև սատանան մեզ օգնում է հենց այս գործում, որովհետև իր աշխատանքն է, իր արհեստն է. բաժանելը»։
Ապա, փակման աղոթքը. «Տեր, Դու ընծայեցիր Քո կյանքը, պարգևի՛ր ինձ խաղաղություն տարածելու, հաշտություն տարածելու շնորհը։ Դու Քո արյունը թափեցիր, թող որ իմ համար այդքան ծանր չլինի լեզվիս ուռելը, եթե ինչ որ մեկի հասցեին բամբասելուց առաջ դիմեմ լեզուս կծելու օգնությանը»։