Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ. « ԱՍՏՎԱԾ ԵՐԲԵՔ ՉԻ ԼՔՈՒՄ ԱՐԴԱՐՆԵՐԻՆ, ՄԻՆՉ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐՆ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

2015թ. Հոկտ. 8, Ռադիո Վատիկանի լուրերից



«Աստված երբեք չի լքում արդարներին, մինչ նրանք, ովքեր չարիք են սերմանում, անհայտ ու անծանոթ գոյություններ են, որոնց անունը Երկնքում մոռացված է». այս ուսուցումն է ավետարանական հատվածի ընթերցումից քաղել Սրբազան Քահանայապետը Սբ. Մարթա Հյուրատան մատռան մեջ մատուցված առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ։

Մի քաջարի մայր, որ ունի ամուսին և երեք զավակ, 40 տարեկանը չբոլորած՝ անկողնին է գամվում չարորակ քաղցկեղով։ « Ինչո՞ւ »։
Մի տարեց կին, որ ապրում է աղոթքն իր սրտում, և որի տղան սպանվում է մաֆիայի ձեռքով։ « Ինչո՞ւ »։


Ինչո՞ւ են չարագործները հաջողություն գտնում

Քահանայապետի ձայնն արձագանքում է այն մեծագույն հարցադրմանը, որն երկսայր թրի նման խոցում է բազմաթիվ մարդկանց մտքերն ու սրտերը, որոնց համոզված, արմատավորված հավատքը խիստ փորձության է ենթարկվում կյանքի ողբերգությունների դիմաց։ Ինչո՞ւ է տեղի ունենում այդ ամենը։ «Ի՞նչ շահեցինք Աստծո պատվիրանների պահպանումից, մինչ գոռոզները, չարիք գործելով, շատանում են, և Աստծո դեմ գործելով հանդերձ՝ մնում են անպատիժ». սա այն աղաղակն է, որ Ֆրանցիսկոս Պապը քաղում է Մաղաքիա Մարգարեի գրությունից։
«Քանի՜ անգամներ մենք տեսնում ենք սա չար մարդկանց պարագային, մարդիկ, որ չարիք են գործում, և սակայն թվում է, որ կյանքում իրենց մոտ ամեն բան կարգին է. երջանիկ են, ունեն այն ամենն, ինչ ցանկանում են, նրանց ոչինչ չի պակասում։ Ինչո՞ւ, Տեր։ Բազմաթիվ «ինչո՞ւ»ներից մեկն է ... ։ Ինչո՞ւ դրան, որ աներեսի մեկն է, ում ոչինչ չի հետաքրքրում ո՛չ Աստծո, ո՛չ էլ մարդկանց վերաբերյալ, որ անարդար մեկն է, նաև չար, դրան ամեն բան հաջողվում է կյանքում, ունի ամեն ինչ, որ ցանկանում է, իսկ մենք, որ փափաքում ենք բարին գործել, բախվում ենք բազմաթիվ խնդիրների»։


Տերը հսկում է արդարների վրա

Այս «ինչո՞ւ»ների պատասխանը Սրբազան Քահանայապետը քաղում է այդ օրն ընթերցված Սաղմոսից, որը «Երանելի» է հռչակում այն մարդուն, «ով չի մասնակցում չարագործների խորհրդին» և «իր ուրախությունը գտնում է Տիրոջ օրենքի մեջ»։ Եվ բացատրում է.
«Այժմ չենք տեսնում պտուղները, արդյունքները այս մարդկանց, որ տառապում են, այս մարդկանց, որ կրում են խաչը, ինչպես որ Ավագ Ուրբաթ օրը և Ավագ Շաբաթ օրը տեսանելի չէին Աստծո խաչված Որդու, Նրա չարչարանքների արդյունքները»։
Տիրոջ օրենքին հետևող մարդու վերաբերյալ Սաղմոսը շարունակում է ասել. «Եվ այն ամենն, ինչ անի, հաջողվելու է»։ Իսկ ի՞նչ է ասում Սաղմոսը չարագործների մասին, նրանց մասին, որոնց վերաբերյալ մենք կարծում ենք, թե իրենց մոտ ամեն բան լավ է ընթանում։ «Այսպես չէ, այսպես չէ չարագործների պարագան, այլ նման են քամու կողմից շաղ տրված մրուրին։ Որովհետև Տերը հսկում է արդարների ընթացքի վրա, մինչ չարագործների ճանապարհը գնում է դեպի կորուստ»։


Սոսկ ածականներ են

Կորուստ, որը Ֆրանցիսկոս Պապն ընդգծում է՝ մեջբերելով աղքատ Ղազարոսի ավետարանական առակը, ուր Ղազարոսը ներկայանում է որպես անելանելի չքավորության մատնվածների խորհրդանշանը, և ուր խոսվում է այդ հարուստի մասին, որը Ղազարոսին մերժում էր մինչև իսկ այն փշրանքները, որոնք ընկնում էին իր սեղանից։
«Հետաքրքրական է նկատելը, որ Ավետարանը չի հիշում այդ մարդու անունը։ Նա սոսկ ածական է. մի ''հարուստ''։ Աստծո Հիշողության Գրքում չարագործներն անանուն են. մի չարագործ է, մի խարդախ խաբեբա, մի շահագործող ... ։ Անուն չունեն, լոկ ածականներ են։ Բոլոր նրանք, մինչդեռ, որ ջանում են ընթանալ Տիրոջ ճանապարհներով, լինելու են Նրա Որդու հետ, որն Անուն ունի. Հիսուս Փրկիչը»։