«ԱՂՕԹՔՆԵՐ ՄԻՔԱՅԷԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ»

ՆԱԽԱԲԱՆ

 

Ամենասրբուհի Կոյս Մարիամ Աստուածածնից յետոյ, Սուրբ Միքայէլ Հրեշտակապետը ամենափառաւոր ու ամենահզօր արարածն է, որ երբեւէ դուրս է եկել Արարիչ Աստծոյ ձեռքերից։

Ամենասուրբ Երրորդութեան կողմից նա ընտրուել է որպէս Երկնային Արքայութեան Առաջին Նախարար, Երկնային Զօրքերի Գերագոյն Հրամանատար, Մարդկութեան եւ յատկապէս Եկեղեցու Երկնային Պաշտպան։ Նրա հանդէպ բարեպաշտութիւնը, որի արմատները հասնում են մարդկութեան ամենավաղ ժամանակներին, ամրապինդ մնացել ու տեւել է Քրիստոնէութեան բոլոր դարերում, առաջին ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Ամբողջ Աստուածաշունչը - ե՛ւ Հին, ե՛ւ Նոր Կտակարանները - խօսում է նրա մասին, պատմում է նրա հզօր ուժի, նրա երեւումների, նրա բարեխօսութեան մասին, ինչպէս նաեւ նրա պաշտպանութեան մասին, որին բոլոր մարդիկ յանձնուել են Ամենակալ եւ Ամենակարող Արարչի Գերագոյն Բարութեան կողմից։

Եկեղեցին երբեք չի դադարել յորդորել քրիստոնեաներին՝ բարեպաշտ մտերմութիւն ունենալ Միքայէլ Հրեշտակապետի հետ։ Քրիստոնէութեան համատարած աշխարհի Քահանայապետներ, Հայրապետներ, Պատրիարքներ եւ Առաջնորդներ յորդորում են քրիստոնեաներին՝ դիմել Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին ի պաշտպանութիւն Եկեղեցու եւ հոգիների. Երկնային Զօրքերի Հրամանատարի միջամտութեան կարիքն ունենք նաեւ մեր ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկութիւնը, կեղծիքի ու անիրաւութեան վարակից թունաւորուած, չափազանց բռնութիւններից խոցուած, կորցրել են բարոյական առողջութիւնն ու բերկրանքը։

Մեծապէս սփոփիչ եւ մխիթարական է մտածելը, որ մեր բոլոր դժուար իրավիճակների վրայ խնամքով տարածւում են Ազգերի եւ Եկեղեցու պահապանը հանդիսացող Մեծն Հրեշտակապետի լուսեղէն թեւերը, խորհրդանշանները նրա ուժի եւ պաշտպանութեան։ Այս խաւարաշատ ժամանակներում, Միքայէլ Հրեշտակապետի յայտնութիւնների պատմութիւնը մեր համար առիթ թող հանդիսանայ՝ վերագտնելու համար վստահութիւնն ու Հաւատքի կորովը, որովհետեւ նա եղել է եւ միշտ էլ լինելու է հաւատարիմ Պահապանն ու Պաշտպանը բոլոր Ազգերի ու Ժողովուրդների, որոնք դիմում են իրեն եւ իրեն են յանձնւում իրենց կրած նեղութիւնների ու հալածանքների մէջ։

Սուրբ Միքայէլ Հրեշտակապետի երկնային պաշտպանութեանը վստահենք մեր Հայ Ազգը եւ մեր սիրելի Մայրը՝ Հայ Եկեղեցին, որպէսզի ուսուցանի մեզ եւ մեր սրտերում դրոշմի Ամենասուրբ Երրորդութեան փառքը, բոցավառի մեզնում ճշմարտութեան սէրը եւ աւետարանական աստուածասիրութեան ու մարդասիրութեան գործադրումը։ Ամենայատուկ կերպով Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին յանձնենք ու վստահենք Հայոց Զինուած Ուժերում ծառայող մեր որդիներին, որպէսզի Մեծն Հրեշտակապետից ուսանեն մերժել բռնութիւններն ու դաժանութիւնը, մանաւանդ իրենց եղբայրների հանդէպ, եւ գիտակցեն իրենց վսեմ ծառայութիւնը. լինել պաշտպանները Լոյսի ու Ճշմարտութեան, Բարու եւ Առաքինութեան, Աստծոյ եւ իրենց խնամքին յանձնուած անձանց։

Մեծն Հրեշտակապետը իր զօրեղ Հրեշտակների հետ հսկում է մարդկութեան ճակատագրի վրայ, անմնացորդ կերպով իրագործելու համար Աստծոյ փրկարար ծրագրերը։ Մեր աղօթքն էլ թող միանայ նրանց շուրթերից դէպի Աստծոյ գահը բարձրացող անլռելի փառաբանութիւններին, ամէն բան լինելով ի փառս Մէկ եւ Միակ Աստծոյ՝ Ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու. Ամէն։

 

ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ

 

Նախաբան 5
Ովքե՞ր են Հրեշտակները 7
Ո՞րն է Հրեշտակների պաշտօնը 9
Ի՞նչ տեսք ունեն Հրեշտակները 11
Ովքե՞ր են Պահապան Հրեշտակները 12
Սուրբ Միքայէլ Հրեշտակապետը 14
Միքայէլ Հրեշտակապետի երեւումները Գարգանոյում 18
Ինքնանուիրում Միքայէլ Հրեշտակապետին 27
Միքայէլ Հրեշտակապետի Հրեշտակային Պսակը 28
Դիւահալածում ընդդէմ սատանայի եւ ապստամբ հրեշտակների 36
Աղօթք Սուրբ Միքայէլին 42
Ընծայում Միքայէլ Հրեշտակապետին 42
Աղօթք Միքայէլ Հրեշտակապետին 44
Աղերս Միքայէլ Հրեշտակապետին 45
Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին 46
Շարական Միքայէլ Հրեշտակապետին 47
Գովաբանական աղօթք-մաղթանք ի պատիւ Միքայէլ Հրեշտակապետի 48
Սուրբ Գաբրիէլ Հրեշտակապետին 51
Սուրբ Ռաֆայէլ Հրեշտակապետին 53
Պահապան Հրեշտակին 55
Աղօթք Ձիթենեաց պարտէզում Յիսուսին մխիթարած Հրեշտակին 58
Շարական Հրեշտակային Ինը Դասերին (գրաբար եւ աշխարհաբար) 50
Աղօթք բոլոր Հրեշտակներին 62
Բովանդակութիւն 63

 


Ա՛ՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐ
 

 

Վերնագիր «Աղօթքներ Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին»
Հեղինակ Տարբեր Հեղինակներ
Թարգմանիչ-Խմբագիր Մաշտոց Վահէ Ղազարեան
Հրատարակիչ «Ընդհանրական» Հրատարակչատուն
ISBN 978-9939-9019-0-9
Էջ 64
Չափս 11,5 x 16,5 սմ
Հրատ. Տեղ եւ Տարի Երեւան, Յունիս 2010
Գին Հայաստանում՝ 550 դրամ 
   
Որեւէ տեղեկութեան համար՝ գրեցէք մեզ կամ զանգահարեցէք (+374) 093 58 50 54 ։