ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱ՞ՆՔ Է։ ՈՎ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ԱՅՈ՛», ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Տողերը, որ այստեղ թարգմանաբար ներկայացնում ենք, քաղված են Արմանդո Սավինիի «Հարություն. Ճամփորդություն հավատքի և գիտության միջև» գրքից, որն Իտալիայում լույս է տեսել 2016 թվականին։

 


[...] Վերջին ժամանակներում գիտությունը սկսել է ուսումնասիրել մի քանի երևույթներ, որոնք մատնանշվում են «NDE» համառոտագրությամբ, որ նշանակում է «Near-Death Experience» և թարգմանաբար նշանակում է «մահամերձ պահերի փորձառություններ»։ Դրանք դեպքեր ու իրադարձություններ են, որ պատահել են անգիտակից վիճակում գտնվող կամ կլինիկական չափանիշներով մեռած անձանց, որոնց մոտ բացակայում են սրտի բաբախյունն ու շնչառությունը, որոնք սակայն, հանկարծակի գիտակցության գալով, հիշում են այն ամենը, ինչ կատարվել էր վիրահատարանում, նկարագրելով սենյակում գտնվող բոլոր առարկաներն ու անձանց։

Այդ ուսումնասիրությունները թվում է, թե միահյուսվում են մի հիմնական կետում. սեփական եսի (անձի) գիտակցությունը մի բան է, որ գերազանցում է տարածքի ու ժամանակի, ինչպես նաև՝ սեփական մարմնի սահմանները։ Եթե մի անձ շարունակում է ինքն իր և շրջակա աշխարհի գիտակցությունն ունենալ նաև այն ժամանակ, երբ դադարել են մարմնի կենսական գործառույթները, ակնհայտ է, որ մարդ սոսկ քիմիական տարրերի կույտ չէ, այսինքն՝ որ գիտակցությունը չի կարող նույնացվել ուղեղի հետ։ Հաշվի առնելով նաև, որ եթե գիտակցությունը սոսկ քիմիական հակազդեցությունների արդյունքը լիներ, ստիպված կլինեինք հարցնելու և հարկավոր կլիներ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ մի աննյութական բան ծնվի սոսկ նյութականից։

Ոմանք նախընտրում են հաստատել, թե գիտակցությունը պատրանք է։ Բայց պատրանքը նույնպես, լինելով իրականության սխալ ընկալում, համենայն դեպս մի միտք է, այսինքն՝ աննյութական, հետևաբար՝ անչափելի գործընթաց։ Սրանից բացի, նա ևս, ով պնդում է նման դիրքորոշման վրա, ենթակա է միևնույն գործընթացներին, և հետևաբար՝ եթե գիտակցությունը պատրանք է, ինչպե՞ս է հնարավոր գիտակցել դա։ Այդ հաստատումն ինքնին (թե իբր գիտակցությունը պատրանք է) կլիներ ինքն էլ մի պատրանք, մի կեղծ ընկալում։ Գիտակցաբար հաստատել, թե գիտակցությունը պատրանք է, նշանակում է ընկնել «ստախոսի պարադոքսի» մեջ, որն առաջին անգամ ներկայացրել է Էպիմենիդես Կրետացին (Ք.ա. 8-7րդ դդ.), որի համաձայն՝ «բոլոր կրետացիները ստախոս են»։

Հավատալ Էպիմենիդեսին՝ նշանակում է չհավատալ նրան, և ընդհակառակը։ Մեր խնդրի դեպքում, Դենիել Դեննեթթն ասում է. «Մարդկային գիտակցությունը պատրանք է»։ Այստեղ էլ, հավատալ նրան՝ նշանակում է չհավատալ նրան։ Քանի որ նա ինքն էլ մի մարդ է, որի գիտակցությունը -- իր ասելով -- պատրանք է, ուրեմն ինքն էլ մի խաբված, իբրև պատրանքի մնայուն զոհ ծնված մեկն է, և հետևաբար՝ իր կատարած հաստատումն էլ խաբեական է ու կեղծ։ Նման հաստատում կարող է հավաստի կերպով կատարել միմիայն մի էակ, որն իր բնությամբ գերազանցում է մարդկային բնությանը և ինքն էլ օժտված է գերմարդկային գիտակցությամբ։ Բայց այդ դեպքում էլ այդ հաստատումը չէր կարող ընկալվել և հասկացվել մարդկանց կողմից, քանի որ մարդիկ օժտված չեն նման գերմարդկային գիտակցությամբ, և հետևաբար՝ երբեք չէինք կարողանա իմանալ, թե գիտակցությունն իրոք պատրանք է, թե ո՛չ։

Դեննեթթի դիրքորոշումը որոշակի առումով հիշեցնում է դեկարտյան համակարգված կասկածը, որի համաձայն՝ հարկավոր է կասկածել ամեն ինչի, քանի դեռ չի ապացուցվել հակառակը, մինչև իսկ սեփական մարմինն ունենալու փաստին, քանի որ զգայարանները կարող են խաբել մեզ։ Կասկածելը, սակայն, հե՛նց որովհետև միտք է, փաստում է իմ գոյությունը։ Այսպիսով, մինչ Դեկարտի դեպքում կասկածը կանգ է առնում մտքի ու ներիմացումների (ինտուիցիաների) աշխարհի սեմին, որոնք երբեք չեն կարող սխալ լինել (ո՛չ թե ըստ իրենց բովանդակության, այլ՝ սոսկ ըստ իրենց գոյության), մոնիստական մատերիալիզմում համակարգված կասկածը հարվածում է նաև մտքի ոլորտին, քանի որ միտքն էլ պիտակավորվում է իբրև լոկ նյութական և, հետևաբար, բնության դետերմինիստական միևնույն օրենքներին ենթակա։

Ո՞րն է ավելի հավանական։ Այն, որ սոսկ քիմիա՞ ենք, թե՞ այն, որ մարմնական արտահայտություն ունեցող ներանձնական ենթականեր ենք։ Այն, որ անգիտակից, խղճից ու ազատությունից զուրկ բանական կենդանինե՞ր ենք, թե՞ այն, որ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդիկ ենք, որոնք օժտված են ինքնագիտակցությամբ և ազատությունն ունեն ընտրություն կատարելու բարու և չարի միջև։ [...]