ԱՌԱՋԻՆ ՔՎԱԶԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

 

 

Թարգմանաբար ներկայացնում ենք ամերիկացի աստղագետ Ալլան Ռեքս Սենդիջի (18 Հունիս 1926 - 13 Նոյեմբեր 2010) տված հարցազրույցը Գիտության և Քրիստոնեական Հավատքի միջև գոյություն ունեցող կապի մասին։
Ծնվել է Այովա Սիթի քաղաքում (Այովա Նահանգ, ԱՄՆ), 1952 թվականին ավարտել է ուսումներն Իլլինոյիսի Համալսարանում և Կալիֆորնիայի Տեխնոլոգիաների Ինստիտուտում, որից հետո երկար ժամանակ զբաղվել է աստղային հեղաշրջումների ուսումնասիրությամբ և դիտազննողական տիեզերաբանությամբ։ Համարվում է 20րդ դարի կարևորագույն աստղաֆիզիկոսներից մեկը։ 1961 թվականին, Թ. Մեթյուսի հետ միասին, բացահայտել է առաջին քվազարը, 3C 48-ը, որի ուրվապատկերի վրա կարողացել է ճշտել ներկայությունը մի բարձր կարմիր շեղման (redshift), որը բնորոշ է արտագալակտիկական այս աղբյուրներին։ Առաջիններից մեկն է եղել, որ ուսումնասիրել է աստղային կուտակումները, աստղային հեղաշրջումը, և առաջինն է եղել, որ ուսումնասիրել է ցայտքերի (jets) ֆենոմենոլոգիան M82 գալակտիկայում։ Ռադիոաղբյուրների ուսումնասիրությունից բացի, հետագա տարիներին նվիրվել է «Հաբլի հաստատուն արժեքի» ճշգրիտ չափմանը (այդ պարամետրի շնորհիվ հնարավոր է ճշտել տիեզերքի տարիքը). 1958 թվականին հրատարակել է առաջին գնահատումը՝ մոտ 75km/s x Mpc, որ շատ մոտ է այսօր ընդունված արժեքին։ Արժանացել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր մի շարք մրցանակների. Helen B. Warner Prize for Astronomy (1957), Eddington Medal (1963), Gold Medal of the Royal Astronomical Society (1967), National Medal of Science (1970), Henry Norris Russell Lectureship (1972), Elliott Cresson Medal (1973), Bruce Medal (1975), Mohler Prize (1987), Crafoord Prize (1991), Jansky Prize (1991), Tomalla Prize (1993), Gruber Prize in Cosmology (2000), Fellow of the Royal Society (2001)։ Իր անունով է կոչվում նաև 9963 Sandage աստերոիդը։
Այս հարցազրույցի մեջ աստղագետը ներկայացնում է գիտական որոնումների և քրիստոնեական հավատքի իմաստության միջև գոյություն ունեցող հարաբերության վերաբերյալ իր տեսակետը։



Հարց. – Հնարավո՞ր է ապացուցել Աստծո գոյությունը։

Պատասխան. – Եթե «ապացուցել» ասելով ի նկատի ունեք ձեռքբերումն այնպիսի ապահովության, որով հաստատում ենք, որ «Երկրագունդը Արևի շուրջը պտտվում է միջինը 93 միլիոն մղոն հեռավորության վրա, ամբողջական պտույտ կատարելով 365,25 օրում», կամ «Գենետիկական տեղեկությունները կոդավորված են ԴՆԹ-ի պրոտեինային երկար շղթաներում, որոնք տվյալ անհատի բջիջներում կրկնապատկվում են կորիզակիսման ժամանակ, իսկ վերարտադրողական գործընթացի ժամանակ միանում են մի ա՛յլ անհատի ԴՆԹ-ին՝ արդյունավորելու համար զավակների ժառանգական նմանությունն իրենց ծնողների հետ», և այլն, ուրեմն պետք է պատասխանեմ՝ Ո՛չ, Աստծո գոյությունն այս կերպ ապացուցելն անհնարին է։
Անուրանալի են գիտության վիթխարի հաջողություններն ու ձեռքբերումները՝ փաստարկելու նման իրողություններ, որոնք ապահովության բարձր չափաբաժին ունեն իրեն մեջ, և այս հաջողությունները պարզապես չեն կարող անտեսվել։ Աստծո գոյության փաստերն ու ապացույցները միշտ էլ տարբեր տեսակի են եղել, և սա վճռական կարևորություն ունեցող կետ է, որ պետք է հասկացվի այն գիտնականների կողմից, որոնք ընդունում են միայն այն հետևությունները, որոնք ստացվում են գիտական մեթոդի շնորհիվ։ Նրանց համար Աստծո գոյությունը երբեք չի կարող ապացուցվել հենց այս պատճառով (ովքեր սկզբից ևեթ մերժում են Աստծուն, երբեք չեն գտնի Աստծուն շրջանակաձև տրամաբանության կերպերից որևէ մեկի միջոցով)։ Գիտությունն ուժգին լույսով է լուսավորում, բայց իրականության միայն մի մասը։ Աստծո գոյության դասական փաստարկները, որոնք Անսելմոսի կամ Թովմա Աքվինացու կողմից առաջ են քաշվել «Բնական Աստվածաբանության» միջոցով, հագեցածության միևնույն զգացումը չեն տալիս, ինչպես փաստերն ու հաստատումները, որոնց հասնում ենք գիտական մեթոդի շնորհիվ։ Արդի մտածելակերպով շարժվող մարդկանց թվում են հորինված։ Եվ սակայն, դրանք բավական եղան, որպեսզի Պասկալն ի վերջո հասներ Աստծո գոյության վստահությանը, նախապատրաստելով իր միտքը Աստծո անհրաժեշտությանը, եթե աշխարհը պետք է մի վերջնական իմաստ ունենա։ Այս նախապատրաստությունից հետո, նա պարզապես կարողացավ մի կողմ թողնել Աստծո վերաբերյալ բնական աստվածաբանության ու փիլիսոփաների գաղափարները, և ի վերջո՝ կամեցավ տեսնել իրեն հավատքի մեջ միմիայն անդունդից անդին, կանգնած՝ մտքի սահմանագծին, որն այդ անդունդի այս կողմի եզրին է։ Նրանց համար, ովքեր անցել են նման փորձառության ճանապարհով՝ հասնելու համար Աստծուն, կարող եմ ասել, որ իրենց դեպքում Աստծո գոյությունն ապացուցվել է որևէ տեսակի կասկածից այն կողմ։



Հարց. – Արդյոք անխուսափելի՞ է հակասությունն ու ընդհարումը Գիտության և Քրիստոնեական Հավատքի միջև։

Պատասխան. – Իմ համար՝ ո՛չ, եթե բոլորիս համար պարզ ու հստակ է, որ դրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իրականության տարբեր տեսանկյուններից մեկով։ Աստվածաշունչն անշուշտ գիտական դասագիրք չէ. այն չենք ընթերցում նրանում գտնելու համար ջրածնի համար Բալմերի գծերի ալիքների ուժգնությունն ու երկարությունը, այնպես՝ ինչպես որ գիտությունն էլ բնավ ոչ մի ասելիք չունի աշխարհի հոգևոր վերջին հատկությունների վերաբերյալ, որոնք նույնպես իրական են։
Գիտությունն ակնհայտ է դարձնում բնական անհավատալի կարգուկանոնը, բազմաթիվ մակարդակներում փոխկապակցվածությունները ֆիզիկայի օրենքների, քիմիական հակազդեցությունների միջև՝ կյանքի կենսաբանական գործընթացներում, և այլն։ Բայց գիտությունը կարող է պատասխանել հարցերի միմիայն սահմանափակ մի տեսակի, որոնք վերաբերվում են «ի՞նչ», «որտե՞ղ» և «ինչպե՞ս» հարցերին։ Իր գիտական մեթոդով, որքան էլ այն հզոր լինի, չի պատասխանում (և իրականում չի էլ կարող պատասխանել) «ինչո՞ւ» հարցին։ Ինչո՞ւ ինչ որ մի բան գոյություն ունի, փոխանակ ոչնչի։ Ինչո՞ւ բոլոր էլեկտրոնները միևնույն լիցքն ու զանգվածն ունեն։ Ինչո՞ւ ծրագրվածությունն ու կարգուկանոնը (design), որոնք մենք տեսնում ենք ամենուր, իսկապես այսքա՜ն հրաշալի է։ Ինչո՞ւ այսքան բազմաթիվ գործընթացներ այսքա՜ն խորը կերպով փոխկապակցված են։
Բայց պետք է ընդունենք, որ այն գիտնականները, որոնք գոյության ետևում կամենում են տեսնել մի ծրագիր, իսկապես կտեսնեն մի ծրագիր, մինչդեռ նրանք, ովքեր գոհ են իբրև ամբողջովին մատերիալիստ ռիդուկցիոնիստներ ապրելով (ինչը որ այն է, որ պետք է անենք բոլորս, բայց միմիայն իբրև գիտնականներ լաբորատորիայում, որը մեր մասնագիտության կիրառման վայրն է), այդպիսիք երբեք չեն ընդունի գոյությունը մի խորհրդի՝ տեսանելի իրողություններում, ամեն անգամ ասելով, որ այդ խնդիրները կքննարկվեն ապագայում, սպասելով մի ապագա ռիդուկցիոնիստական բացատրության այն խնդիրներին, որոնք տակավին անհայտ են։ Բայց ռիդուկցիոնիստական այս հավատամքը դեպի առավել խորը մակարդակներ մղելը և անորոշ ապագա ժամանակների հետաձգելը (որը միշտ անորոշ էլ մնալու է), երբ իբր «գիտությունն ամեն բան կիմանա», սա ինքն էլ հավատքի արարք է, որով – առնվազն սկզբունքային գետնի վրա – մերժվում է, թե կարող է գոյություն ունենալ գիտությանն անհայտ ինչ որ մի բան։
Բայց հոգու իրականությունները գիտության իրականությունները չեն։ Ընդհարումների կարիք չկա գիտության և քրիստոնեական կրոնի միջև, եթե նրանցից յուրաքանչյուրն արժևորի իր սեփական սահմանները և եթե նրանցից յուրաքանչյուրը լրջորեն հաշվի առնի մյուսի կողմից առաջ քաշվող հարցադրումները։ Գիտության ձեռքբերումները չեն կարող պարզապես անտեսվել Եկեղեցու կողմից։ Ո՛չ էլ կարող է անտեսվել Եկեղեցու պահանջը՝ մեկնաբանելու և բացատրելու աշխարհը մի առավել խորը մակարդակի համաձայն։ Եթե Աստված գոյություն չունենար, գիտությունը պետք է որ առաջ քաշեր (իրականում՝ պետք է առաջ քաշի) Նրա գոյության գաղափարը, բացատրելու համար այն, ինչը որ ինքը բացահայտում է իր ուսումնասիրությունների ամենախորին կենտրոնում։ Տակավին ճշմարիտ է հնչում 12րդ դարում Աբելարդոսի կողմից արտասանված խոսքը. «Ճշմարտությունը չի կարող հակասել ճշմարտությանը։ Մտքի բացահայտումները պետք է որ համաձայն լինեն Աստվածաշնչի ճշմարտությունների հետ, ապա թե ոչ՝ Աստված, որ տվել է մեզ այդ երկուսը, խաբած կլինի մեզ, դրանցից մեկով կամ մյուսով»։
Եթե Աստված գոյություն չունի, ոչ մի բան իմաստ չունի, ամեն ինչ անիմաստ է։ Աթեիստների վիճակը հիմնվում է մի խաբեության վրա, որն իրենց սկզբնական նախադրյալներից է արդեն հետևում. նախադրյալներ, որոնք իրենք կամենում են հաստատել իրենք իրենց վերաբերյալ։ Իսկ եթե կա մի Աստված, ուրեմն պետք է ճշմարիտ լինի և՛ գիտության, և՛ կրոնի համար։ Եթե այժմ այդպես չի ներկայանում, ուրեմն դրանցից մեկի մեկնողական մոտեցումները (հովվինը կամ գիտնականինը) պետք է որ սխալ լինի։ Ես կարծում եմ, որ Եկեղեցու համար մի պարզորոշ, լուրջ և անմիջական պատասխանատվություն կա՝ հասկանալու և հավատալու գիտության արտակարգ ձեռքբերումներին ու հաստատումներին. նրա հաջողությունները պարզապես չափազանց ակնհայտ ու տեսանելի են և, հետևաբար, չեն կարող անտեսվել։ Նույնքան պարտավորեցնող է գիտնականների համար հասկանալը, որ գիտությունն անընդունակ ու անկարող է – սոսկ մտքի վրա հիմնվող իր մեթոդի սահմանափակության պատճառով – բացատրելու և ըմբռնելու իրականության բոլոր տեսանկյունները։ Եթե աշխարհը պետք է գռեհիկ կերպով հասկացվի մատերիալիստական-ռիդուկցիոնիստական նիհիլիզմի սահմաններում, ուրեմն աշխարհն իմաստ չունի։ Այս իսկ պատճառով, մեծապես խորիմաստ են Պողոս Առաքյալի խոսքերը. «Ինչը որ Աստծո մասին կարելի է իմանալ, հայտնի է նրանց. Աստված Ինքն է հայտնել դա նրանց։ Արդարև, աշխարհի արարումից ի վեր, Նրա անտեսանելի կատարելությունները, այն է՝ Նրա մշտնջենավոր կարողությունն ու աստվածությունը, իմանալի կերպով տեսնվում են Նրա կատարած գործերի մեջ։ Այնպես որ, ամենևին արդարանալ չեն կարող, որովհետև Աստծուն ճանաչելով հանդերձ՝ չփառավորեցին Նրան և գոհություն չմատուցեցին իբրև Աստծո, այլ՝ նանրացան իրենց մտածումներում և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին» (Հռմ 1, 19-21)։ Եվ որքան ավելի խորը կերպով է գիտնականներից յուրաքանչյուրը խորանում իր աշխատանքի մեջ, այնքան ավելի այդ աշխատանքը դառնում է խորաթափանց, նվազ մակերեսային։



Հարց. – Աստղագիտական վերջին բացահայտումներն աստվածաբանական ինչ որ մի նշանակություն ունե՞ն։

Պատասխան. – Չեմ կարծում, թեև Տիեզերքի ընդարձակման բացահայտումը, դրանից բխող հետևությունների հետ միասին, որոնք վերաբերվում են հնարավորությանը, որ աստղագետները բացահայտել են արարչության պահը, աստղագիտական տիեզերաբանությունն իսկապես մոտեցնում է միջնադարյան բնական աստվածաբանության տիպարին, որը փորձում էր գտնել Աստծուն, գտնելով գոյությունների առաջին պատճառը։ Աստղագետները կարող են գտած լինել առաջին հետևանքը, բայց ո՛չ անհրաժեշտորեն, հետևաբար, Անսելմոսի կամ Թովմա Աքվինացու կողմից փնտրված առաջին պատճառը։ Այդուհանդերձ, կան գիտական մի շարք լուրջ պարբերականներ, որոնք քննարկումներ են կատարում այն իրադարձությունների շուրջ, որոնք կատարվել են Մեծ Պայթյունի միջոցով ( – ոչնչի՞ց – ) ի հայտ եկած արարչագործությունից անմիջապես հետո, որով առաջացել են մատերիայի մեզ հայտնի բոլոր տեսակները, և ինչպիսի քանակով։ Այժմ ասվում է, որ վերջապես հասկացել ենք մատերիայի առաջացումը։ Աստղագիտական դիտարկումները թելադրում են նաև փաստը, որ արարչագործության այդ դեպքը, որի նշանն է Տիեզերքի ընդարձակումը, տեղի է ունեցել միայն մի անգամ։ Ընդարձակումը միշտ շարունակվելու է, Տիեզերքը չի փլուզվելու ինքն իր վրա և, հետևաբար, այս տեսակ արարչություն այլևս երբեք տեղի չի ունենալու։ Բայց արարչության ճանաչումը Արարչի ճանաչումը չէ, և աստղագիտական հայտնագործություններից ոչ մեկը մեզ չի ասում, թե ինչո՛ւ է այդ դեպքը տեղի ունեցել։ Իսկապես գերբնական է (այսինքն՝ գոյությունների բնական կարգի ըմբռնումից դուրս է), և, հետևաբար, այս սահմանման համաձայն՝ հրաշք է։ Բայց Աստծո բնությունը չպետք է բացահայտվի գիտության այս հայտնագործությունների մասերից յուրաքանչյուրի ներսում։ Այս իսկ պատճառով, հարկավոր է վերադառնալ Աստվածաշնչին, եթե մեր մարդկային սահմանափակ միտքն իսկապես ուզում է մի պատասխան ստանալ։



Հարց. – Մի մարդ կարո՞ղ է միաժամանակ գիտնակալ լինել և քրիստոնյա։

Պատասխան. – Այո՛։ Ինչպես արդեն ասացի, աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում ու փոխկապակցումներում, ուստի՝ չի կարող սոսկ պատահականության արդյունք լինել։ Անձամբ ես համոզված եմ, որ կյանքի գոյությունն իր օրգանիզմներից յուրաքանչյուրի ներսում տիրող կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է ագուցված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է մարմնի մյուս բոլոր մասերից, որպեսզի աշխատել կարողանա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրն իմանում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը մյուսներից տարբերակվում սաղմնային շրջանում։ Որքան ավելի ենք ուսանում կենսաբանական քիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում միտքը, թե կարող է գոյություն չունենալ ինչ որ մի տեսակի համակարգող սկզբունք, մի ճարտարապետ, նրանց համար, ովքեր հավատում են, կամ մի խորհուրդ, որը պետք է լուծվի (ճիշտ ինչպես «ինչո՞ւ»ն) անորոշ ապագայի ինչ որ մի պահին, նրանց համար, ովքեր իրենք իրենց սահմանում են իբրև ռիդուկցիոնիստներ ու մատերիալիստներ։ Բաղադրյալ բարդությունն ու կարգուկանոնը, որ հնարավոր են դարձնում օրգանիզմների աշխատանքը, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը (այսինքն՝ պատկանում է մի առավել բարձր կարգի), տարեցտարի է՛լ ավելի զարմանահրաշ են դառնում, որքան որ գիտական տվյալները կամաց կամաց ավելի մանրամասն են դառնում։ Այս իսկ պատճառով, բազմաթիվ գիտնականներ այսօր վերստին բացահայտում են հավատքը հենց իրենց գիտական աշխատանքի իսկ շնորհիվ։ Վերջնական համադրմամբ, դա մի հավատք է, որը կարծես թե ավելի է ամրապնդվում՝ որպես մեկնակետ ունենալով «ծրագրի փաստարկը»։ Անձամբ ես չեմ կարծում, որ ռիդուկցիոնիստական փիլիսոփայությունը (թեև հարկավոր է գիտական մեթոդի համար, մի մեթոդ, – կրկնում եմ – որին յուրաքանչյուր գիտնական պետք է տիրապետի և իր ամբողջ ուժով ու բոլոր կարողություններով գործադրի) կարող է ամեն բան բացատրել։ Պասկալի ու Քիերքըգաարդի անցած ուղու ընդմիջով, գոյությունների մեջ նպատակամղվածություն գտնելու անհրաժեշտությունից մղված, մինչև որ կհասնեն մտքի անդունդի եզերքին, գիտնականները կարող են Անսելմոսի նման «հավատալ՝ հասկանալու համար» այն, ինչ տեսնում են, և ո՛չ թե փորձեն «հասկանալ՝ հավատալու համար»։ Եթե մեկը ուժգին կերպով կամենում է հավատքը, ցատկելով վիհից այն կողմ, կարող է դեպի այս կողմ նետել սկզբում մի բարակ թել, որից հետո կարող կլինի քաշելու ավելի ամուր մի պարան, մինչև որ կկառուցի մի կամուրջ, որի վրայով հնարավոր կլինի անցնել անդունդի մի կողմից մյուսը. անդունդ, որ բաժանում է մարդկային կյանքի երկու տեսանկյունները՝ հավատքն ու միտքը։ Հավատքի շնորհիվ է, ուրեմն, որ գիտնականը կարող է քրիստոնյա դառնալ, և հավատացյալ գիտնական մնալ, Աբելարդոսի խոսքերի կերպի համաձայն։ Առանց այս հավատքի չկա նպատակ, իսկ երբ չկա նպատակ, բոլոր պատճառաբանումները, որոնք մինչդեռ ճանաչում են դրա անհրաժեշտությունը, ի վերջո կրկին առաջնորդում են կառուցելու Պասկալի կամուրջը։