ԻՆՉԻ՞ Է ՀԱՎԱՏՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԵՎ ԻՆՉԻ՞ Է ՀԱՎԱՏՈՒՄ ԱԹԵԻԶՄԸ

 

 

 

 

 

 

 

 

 

Քրիստոնյան. - Աստծո զավակ եմ: Նա ի հավիտենից կամեցել է իմ ծնունդը:
Աթեիստը. - Պատահականության ծնունդ եմ:

Ք. - Աստված իմ Հայրն է: Ես Իր սիրո պտուղն եմ:
Ա. - Տիեզերքում որբ եմ: Տիեզերքն ինքն էլ որբ է:

Ք. - Կյանքիս ամեն մի պահը հավիտենական իմաստ ու արժեք ունի:
Ա. - Գոյությունս անիմաստ է: Մահով ամեն բան վերջանում է:

Ք. - Աստծո պատկերով եմ ու նմանությամբ:
Ա. - Որակական տարբերություն չկա իմ ու անասունների միջև:

Ք. - Աստված՝ իմ Հայրը, գերագույն Սերն է, Իմաստությունը, Բարությունը, Գեղեցկությունը, Արդարությունը:
Ա. - Միակ արժեք ունեցողը փողն է, էրոտիկ սեքսը, հաճույքները, տիրելը, իշխելը, սեփական եսը հաստատելը:

Ք. - Մարմնովս մասնակցում եմ նյութին, իսկ անմահ հոգիս անդադար ձգտում է Աստծո կատարելություններին:
Ա. - Եղած-չեղածը մոտ հիսուն լիտր ջրի ու մի քանի տասնյակ կիլոգրամ հանքային աղերի ու տարրերի կույտ եմ:

Ք. - Բանական էակ եմ, օժտված՝ ազատությամբ, ունեմ արժանապատվություն և ընտրությանս պատասխանատուն եմ:
Ա. - Ես ի՞նչ, ամեն բանի պատասխանատուն հորմոնների քիմիական ռեակցիաներն են:

Ք. - Տառապանքը մեղքի հետևանքն է, շնորհի ու բարու բացակայությունն է:
Ա. - Ինչպես որ անիմաստ է գոյությունը, նույնպես և անիմաստ է տառապանքը:

Ք. - Քրիստոսի օրինակին հետևելով, մեծ ու փոքր յուրաքանչյուր տառապանք կարող եմ հավիտենական սիրո առիթի վերածել:
Ա. - Երբ ես ինքս եմ տառապում, միայնակ եմ ու անզոր: Երբ ուրիշն է տառապում, դա ինձ չի վերաբերվում:

Ք. - Վերջին խոսքը ո՛չ տառապանքինն է, ո՛չ էլ մահվանը: Քրիստոսն իմ համար մեռավ ու հարություն առավ: Իր ամենազոր կարողությամբ, իմ մարմինն էլ սահմանում է հարության:
Ա. - Չկա ոչ մի գերբնական կյանք կամ անդենական գոյություն: Մահը վերջակետ է դնում այս աբսուրդ գոյությանը: Մարմինս պարզապես փտելու է գերեզմանում:

Ք. - Ազատությունս բացարձակ է: Աստված ինձ առաջարկում է ապրել Իր հետ: Ես կարող եմ ընդունել կամ մերժել Իր առաջարկը:
Ա. - Ի՞նչ է ազատությունը: Ծնվել ու ապրել եմ հորմոնների քմահաճույքով, իսկ մահով վերանալու եմ:

Ք. - Հոգիս ու մարմինս միասին՝ Աստծո սուրբ տաճարն եմ: Հավիտյան ապրելու եմ Աստծո հետ, վայելելով Իր անսահման երանությունն ու բերկրանքը:
Ա. - Ես ինքս եմ իմ աստվածը, քանի դեռ գոյություն ունեմ: Կքաղեմ այս կյանքի ծաղիկները որքան որ կկարողանամ: Մնացած ամեն ինչի վրա՝ թքած:

ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է: ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ ԲԱԶՄԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳԱՀԻՆ:
ԱԹԵԻԶՄԸ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՄԵՐԺՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ: ԻՐԱԿԱՆՈՒՄ, ՍԱԿԱՅՆ, ՍՏՈՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ: