Օրուայ խօսք



Ղուկաս 6, 12-19

Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով։ Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։



Սիրաք 5, 1-17

Յոյսդ քո ունեցուածքի վրայ մի՛ դիր եւ մի՛ ասա, թէ դա բաւական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին եւ քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստութեամբ, մի՛ եղիր յանձնապաստան եւ մի՛ ասա, թէ՝ «Իմ ունեցուածքը շատ է»։ Մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ կը յաղթի ինձ» եւ մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ չարութիւն կ՚անի ինձ», որովհետեւ Տէրը քեզանից վրէժխնդիր կը լինի։ Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղաւ ինձ»։ Տէրը համբերատար է քո դարձի եւ քաւութեան համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրայ մեղքեր աւելացնելով։ Մի՛ ասա՝ «Տիրոջ գթութիւնը շատ է, նա իմ բազում մեղքերը կը քաւի», քանզի ողորմութիւնն ու բարկութիւնը նրանից է, եւ մեղաւորների վրայ է իջնում նրա զայրոյթը։ Որդեա՛կ, մի՛ յապաղիր քո մեղքերից դառնալ դէպի Տէրը, որպէսզի մեղքերիդ մէջ չմեռնես։ Յոյսդ մի՛ դիր անարդար գանձերի վրայ, որովհետեւ դրանք քեզ չեն օգնի բարկութեան օրը։ Մի՛ ենթարկուիր ամէն հողմի եւ մի՛ գնա ամէն շաւղով, քանզի դրանք մեղաւորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստութեան մէջ, եւ քո խօսքը թող մէ՛կ լինի։ Լսելու մէջ փութկո՛տ եղիր եւ պատասխան խօսքի մէջ՝ համբերո՛ղ։ Եթէ քո մէջ իմաստութիւն կայ, պատասխա՛ն տուր մերձաւորիդ, իսկ եթէ ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրայ լինի։ Փառքն ու անարգանքը խօսքի մէջ է, եւ մարդու կործանումն՝ իր լեզուի վրայ։ Մի՛ ունեցիր բանսարկուի համբաւ եւ քո լեզուով չարիք մի՛ նիւթիր. որովհետեւ գողի վրայից անպակաս է ամօթը, երկերեսանու վրայից՝ չար պարսաւանքը։ Մի՛ եղիր անխոհեմ ո՛չ մեծ եւ ո՛չ փոքր բաների մէջ։



1 Կորնթացիներ 3, 1-10

Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ։ Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք։ Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում։ Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք։ Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։ Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի. որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք։ Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է. սակայն իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում. որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։



2 Թեսաղոնիկեցիներ 3, 1-10

Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզ համար, որպէսզի Տիրոջ խօսքը առաջ գնայ եւ փառաւորուի ամէն տեղ, ինչպէս որ ձեզ մօտ է, որպէսզի փրկուենք անօրէններից եւ անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հաւատ ունեն։ Բայց հաւատարիմ է Տէրը. նա կը զօրացնի ձեզ ու կը պահի չարից։ Վստահ ենք Տիրոջով ձեր վրայ, թէ, ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կ՚անէք։ Եւ Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծու սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։ Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից. որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչա՜փ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք՝ ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. ոչ թէ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանուէք. քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատուիրում ձեզ. թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։



Ղուկաս 6, 6-11

Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր։ Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կը բժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն։ Եւ նա գիտէր նրանց մտածումները։ Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ Նա վեր կացաւ կանգնեց։ Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրը ի՞նչ բան է օրինաւոր անել՝ բարի՞ գործ անել, թէ՞՝ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»։ Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքը առողջացաւ միւսի նման։ Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ի՛նչ անեն Յիսուսին։



Ղուկաս 6, 1-5

Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում։ Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»։ Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբա՛թ օրուայ տէրն է»։



Սաղմոս 104, 24-35

Քանիցս բազմաթիվ են գործերդ, Տեր, դրանք բոլորն էլ արել ես իմաստությամբ. Քո արարածներով լի է երկիրը: Ահա ծովը, ընդարձակ ու խոր, ուր անթիվ զեռում են կենդանիներ վիթխարի ու փոքրագույն. վերևում ընթանում են նավերը, Լևիաթանը, որ ստեղծեցիր, այնտեղ է խաղում: Եվ բոլորը Քեզ են ապավինում, որ Դու ժամանակին կերակրես իրենց. Դու պարգևում ես այն, նրանք վերցնում են, բացում ես ձեռքդ, հագենում են բարիքներով: Թաքցնում ես երեսդ, սարսափում են, ետ ես վերցնում նրանց շունչը, մահանում են և վերադառնում են հողի փոշուն. առաքում ես Հոգիդ, ստեղծվում են, և նորոգում ես երկրի երեսը: Տիրոջ փառքը թող լինի հավետ, թող Տերն ուրախ լինի Իր գործերով. Նա դիտում է երկիրը, որն իսկույն դողում է, հպվում է լեռներին, որոնք իսկույն բոցավառվում են: Երգելու եմ Տիրոջը քանի դեռ ապրում եմ, շարականներ եմ ասելու իմ Աստծուն քանի դեռ գոյություն ունեմ. երգս թող հաճելի լինի Նրան, որովհետև Տիրոջ մեջ է իմ բերկրանքը: Մեղավորներն անհետանալու են երկրից, հետք չի մնալու ամբարիշտներից: Հոգի իմ, օրհնիր Տիրոջը: Ալելուիա:



Սաղմոս 104, 1-23

Հոգի իմ, օրհնիր Տիրոջը, քանիցս մեծ ես, Տեր Աստված իմ. զգեստավորվել ես գեղեցկությամբ ու մեծվայելչությամբ, փաթաթվել ես լույսի պատմուճանի մեջ: Դու տարածում ես երկինքը վրանի նման, ջրերի վրա վեր ես խոյացնում օթևաններդ. ամպերը Քո համար կառք ես դարձնում և պարում ես քամու թևերի վրա. քամիները Քո պատգամաբերներն ես դարձնում, Քո պաշտոնյաները՝ կայծակի բոցերը: Հիմքեր տվեցիր երկրին, որպեսզի հավիտյան անսասան մնա. նրան որպես հագուստ տվեցիր օվկիանոսը, նրա ջրերը ծածկում էին լեռները. հանդիմանեցիր նրանց, փախան, դողացին որոտմանդ ձայնից: Լեռներից անցնելով, իջան հովիտներին, դեպի իրենց սահմանված վայրը. անանցանելի սահման դրեցիր նրանց առաջ, չեն վերադառնա ծածկելու երկիրը: Հորդառատ գետեր ես բխեցնում աղբյուրներից, ընթանում են սարերի միջով. ջուր են տալիս դաշտերի կենդանիներին, վայրի ավանակները հագեցնում են իրենց ծարավը. երկնքի թռչունները սավառնում են վերևում, երգեր են հյուսում տերևների մեջ: Քո օթևաններից ոռոգում ես լեռները, հագեցնում ես երկիրը գործերիդ պտղով. հովիտները բուսականությամբ ես ծածկում հոտերի համար, և դաշտերը, որոնք մշակում է մարդը: Երկրից է մարդը հանում իր սնունդը, գինին, որ ուրախացնում է իր սիրտը, ձեթը, որ փայլեցնում է իր երեսը, հացը, որ ուժ է տալիս մարդու սրտին: Հագենում են Տիրոջ ծառերը, Լիբանանի մայրիները, որ Նա տնկել է. նրանց վրա թռչունները բույն են դնում, կիպարիսների վրա արագիլն ունի իր տունը. եղջերուներին՝ բարձր լեռները, նապաստակներին՝ ժայռերի ապաստանները: Ստեղծեցիր լուսինը՝ տոները ցույց տալու համար, և արևը, որ գիտի մայրամուտի իր ժամը. իջեցնում ես խավարը և գիշեր է, արթնանում են անտառի կենդանիները. դեպի իրենց որսն են մռնչում առյուծի կորյունները, Աստծուց խնդրում են իրենց կերակուրը: Արևը ծագելիս քաշվում են, իրենց որջերում բոլորը հանդարտվում են. դուրս է գալիս մարդը աշխատանքի գնալու համար, իր գործը կատարելու համար մինչև երեկո:



Փիլիպեցիներ 1, 12-21

Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց. նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը։ Ոմանք՝ նախանձից եւ հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ։ Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրախանալ. որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարուի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ՛ մեռնելով. քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։



Երեմիա 1, 1-10

Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես։ Չվախենաս նրանցից, - ասում է Տէրը, - քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։ Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի։ Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»։



Ժողովող 5, 12-19

Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար, բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։ Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։ Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։ Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։ Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։ Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։ Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։



Գաղատացիս 3, 1-14

Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած։ Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում։ Եւ այդքան փորձութիւններ ի զո՞ւր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին։ Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»։ Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են։ Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»։ Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ։ Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»։ Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու»։ Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ՚ապրի։ Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից» ), որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով։



Յովհաննէս 5, 1-18

Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»։ Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»։ Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»։ Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց։ Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում։



Սաղմոս 103, 1-22

Հոգի իմ, օրհնիր Տիրոջը, ներաշխարհ իմ, սրբության Նրա Անունը. հոգի իմ, օրհնիր Տիրոջը, մի՛ մոռացիր Նրա բոլոր պարգևները: Նա է, որ ներում է քո հանցանքները, բժիշկը քո հիվանդությունների, քո կյանքը գերեզմանից փրկողը, որ պատում է քեզ սիրով ու քնքշանքով. Աստված բարիքներով հագեցնում է ծերությանդ օրերը, գալիք աշխարհում նորոգվելու է երիտասարդությունդ: Տերը գործում է արդարությամբ, պաշտպանում է զրկվածների իրավունքը. հայտնում է Մովսեսին Իր ճանապարհները, Իր գործերը՝ Իսրայելի որդիներին: Ողորմած է Տերը և կարեկցող, դանդաղ՝ զայրանալու, և մեծ՝ սիրո մեջ. Իր բարկությունը չի տևում ընդմիշտ, Իր ցասումը չի մնում հավետ. մեր հետ չի վարվում մեր հանցանքների համաձայն, մեզ չի փոխհատուցում մեր մեղքերի չափով: Որքան երկինքը բարձր է երկրից, այնքան հզոր է Իր սերը Իրենից երկնչողների վրա. որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացնում է մեզնից մեր հանցանքները: Ինչպես գորովագութ է հայրը որդիների հանդեպ, այնպես Տերը գորովագութ է Իրենից երկնչողների հանդեպ. Նա ճանաչում է, թե ինչպիսին է մեր բնազդը, հիշում է, որ մենք հողի փոշի ենք: Մարդը. նրա օրերը խոտի պես են, նա ծլում է դաշտի ծաղկի նման. փչում է նրա վրա քամին և այլևս չկա, հետքեր չեն մնացել նրա տեղից: Բայց Տիրոջ սերը հավատացյալների վրա է հավիտյանս հավիտենից, Նրա արդարությունը՝ նրանց որդիների որդիների վրա. նրանց վրա, ովքեր պահում են Իր ուխտը և հիշում են Իր կամքը, այն գործադրելու համար: Տերն Իր գահն ունի երկնքում, Նրա թագավորությունն ամբողջ տիեզերքի վրա է. Նրա հրեշտակներ, օրհնեցեք Տիրոջը, Նրա խոսքի անհաղթ կատարողներ, որ ուշադիր եք Նրա խոսքի ձայնին: Դուք, Նրա բոլոր զորքեր, օրհնեցեք Տիրոջը, դուք, ծառաներ, Նրա կամքը կատարողներ. դուք, Նրա բոլոր գործեր, օրհնեցեք Տիրոջը, Նրա տերության բոլոր վայրերում: Հոգի իմ, օրհնիր Տիրոջը:



Ժողովող 5, 7-11

Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։ Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։ Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։ Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։ Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։