Օրուայ խօսք



Մարկոս 8, 27-33

Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»։ Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»։ Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։ Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի։ Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան։ Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»։



Սաղմոս 119, 17-24

Բարի եղիր ծառայիդ հանդեպ և կապրեմ, կպահեմ Քո խոսքը. աչքերիս առջևից հեռացրու քողը, կտեսնեմ և կհայեմ օրենքիդ հրաշալիքները: Պանդուխտ եմ ես երկրի վրա, հրամաններդ ինձնից մի՛ թաքցրու, անձս ամեն վայրկյան մաշվում է վճիռներիդ փափաքով: Դու սպառնում ես հպարտներին ու անիծյալներին, որոնք խուսափում են Քո հրամաններից, հեռացրու ինձնից նախատինքն ու արհամարհանքը, ես հետևում եմ Քո խրատներին: Նույնիսկ եթե հզորները նստում ու զրպարտում են ինձ, ծառադ խորհրդածում է կամքիդ մասին, խրատներդ են իմ վայելքը, ես նրանցից եմ ներշնչվում:



1 Թեսաղոնիկեցիներ 5, 12-18

Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ։ Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք։ Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։



Ղուկաս 8, 9-15

Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։ Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։ Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։ Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։ Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։ Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»։



Սիրաք 8, 15-17

Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից։ Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ. համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։



Եբրայեցիս 12, 1-10

Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք, դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի. յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։ Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։



Մարկոս 8, 22-26

Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։ Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր։ Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»։



Սաղմոս 119, 9-16

Երիտասարդն ինչպե՞ս մաքուր կպահի իր ընթացքը: Քո խոսքին հետևելով: Քեզ փնտրում եմ իմ ամբողջ սրտով, պատվիրաններիցդ մի՛ թող, որ շեղվեմ: Սրտումս պահպանում եմ խոստումդ, որպեսզի Քո դեմ չմեղանչեմ. օրհնյալ ես Դու, Տեր, ուսուցիր ինձ Քո կամքը: Շրթունքներիս պատմել եմ տալիս բերանիդ բոլոր վճիռները, խրատներիդ ճանապարհում ուրախանում եմ ավելի, քան բոլոր հարստություններով պատված: Պատվիրաններիդ շուրջ եմ ուզում մտածել, ճանապարհներիդ մտովին հայել, վայելքս կամքիդ մեջ եմ գտնում, չեմ մոռանում Քո խոսքը:



Առակաց 14, 24-27

Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անմիտների ուղին՝ իրենց չարութիւնը։ Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը։ Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։ Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից։



Տիտոս 1, 1-16

Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի. Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից։ Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ։ Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են. նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել։ Նրանցից մէկը, իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։ Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին։ Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են։ Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք։



Իմաստութիւն Սողոմոնի 14, 12-21

Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից, իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։ Ի սկզբանէ դրանք չեն եղել եւ յաւիտեան էլ չեն մնալու, դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետեւանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։ Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող մի հայր շինել տուեց նրա արձանը եւ արդէն մահացած այդ մարդուն մեծարեց որպէս աստուած եւ իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր եւ ընծաներ մատուցել։ Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը մնաց երկար ժամանակ եւ պահպանուեց որպէս օրէնք, եւ բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։ Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել, նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը եւ կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար, որպէսզի հեռաւորին, իբրեւ մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։ Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը, եւ նա շատ արձաններ կերտեց. քանզի նա, թերեւս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրեւ գեղեցկութիւն։ Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպէս մարդու, այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց. եւ դա էլ դարձաւ կեանքի որոգայթ եւ գայթակղութիւն, որովհետեւ ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած, այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։



Մարկոս 8, 10-21

Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը։ Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»։ Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։ Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։ Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։ Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։ Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։ Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։ «Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։ Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»։



Առակաց 14, 22-23

Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն արարում։ Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը։ Իմաստութիւն է, որ մարդ աշխատում եւ մի բան է աւելացնում, բայց անհոգ դատարկապորտը միշտ կարիքի մէջ պիտի լինի։



1 Թեսաղոնիկեցիներ 5, 1-11

Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։ Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը. որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ։ Գիշերինը չենք, խաւարինը չենք։ Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք. որովհետեւ, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում. իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթո՛ւն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք։ Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք։



Իմաստութիւն Սողոմոնի 14, 1-11

Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը, քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել, սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝ ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։ Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ։ Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի. քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում, եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։ Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը եւ թէ՛ նրա ամբարշտութիւնը, որովհետեւ գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։ Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ։