Օրուայ խօսք



Հռոմէացիս 7, 18-25

Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։ Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։ Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։ Բայց գոհութիւն Աստծու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին։



Յովհաննէս 6, 1-14

Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ։ Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը։ Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ։ Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»։ Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին։ Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան։ Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»։ Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»։



Սաղմոս 107, 33-43

Նա գետերը անապատի է փոխում, ջրերի աղբյուրները՝ պապակած հողի. արգավանդ երկիրը՝ աղային տարածքի, եթե բնակիչներն այլասերված են դառնում: Բայց նա անապատը վերածում է լճի, չորացած հողերը՝ ջրերի օազիսների. այնտեղ բնակվելու է առաջնորդում քաղցածներին, որպեսզի հյուրընկալ քաղաք կառուցեն: Սերմանում են դաշտեր և տնկում են խաղողի այգիներ, և ապա հավաքում են դրանց պտուղները. օրհնում է նրանց և աճում են բազմաթիվ, և բարգավաճում են նրանց երամակները. նույնիսկ երբ սակավաթիվ են և քչացած՝ ամլության, հոգնության և արհավիրքների պատճառով: Այլ Նա արհամարհանքը թափում է հզորների վրա, անելանելի քաոսի մեջ մոլորեցնում է նրանց. Նա թշվառությունից կրկին ոտքի է կանգնեցնում աղքատին, հոտի նման բազմապատկում է նրա սերունդը: Արդարները տեսնում են և ուրախանում, անարդարության բերանը պապանձվում է. իմաստունը պահպանում է այս բաները, նրանց մեջ հստակ տեսնում է Տիրոջ սերը:



Սաղմոս 107, 10-32

Ուրիշներ բնակվում էին մահվան խավարի մեջ, թշվառության ու շղթաների մեջ բանտարկված. քանի որ ապստամբ էին Աստծո խոսքի դեմ, արհամարհում էին Բարձրյալի ծրագիրը. իրենց սրտի մեջ չարչարանքից ուժասպառ, ընկնում էին և օգնող ոչ ոք չկար: Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը, նրանց ազատում է իրենց վշտերից. նրանց հանում է մահվան խավարի միջից, գետին է գցում նրանց շղթաները: Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար, մարդու հանդեպ գործված հրաշքների համար. որովհետև կոտրում է պղնձե դռները, փշրում է երկաթե փականքները: Ուրիշներ ճզմված էին հանցանքների ներքո, տառապում էին իրենց մեղքերի համար. մերժում էին ամեն տեսակ կերակուր, հասել էին մահվան սեմին: Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը, նրանց ազատում է իրենց վշտերից. Նա առաքում է Իր խոսքը և բժշկում նրանց, նրանց կյանքերն ազատում է գերեզմանից: Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար, մարդու հանդեպ գործված հրաշքների համար. և թող մատուցեն գովաբանության զոհեր, ցնծությամբ թող պատմեն Նրա գործերը: Ուրիշներ նավերի վրա ակոսում էին ծովը, օվկիանոսը, իրենց աշխատանքը կատարելու համար. վկաներ՝ Տիրոջ գործերի, Նրա հրաշքների՝ խոր անդնդի վրա: Նա խոսում էր և հարուցում փոթորիկ, մի քամի, որ բարձրացնում էր կոհակները. բարձրանում էին երկինք և ապա իջնում անդունդ, նրանց կյանքը վրդովված էր փոթորկից. ալեկոծվում էին, տատանվում արբածների նման, ոչնչի չէր ծառայում նրանց վարպետությունը: Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը, նրանց ազատում է իրենց վշտերից. փոթորիկը լռության է վերածում, վերստին հանդարտություն է տալիս ծովի ալիքներին. ուրախանում են՝ դրանք խաղաղ տեսնելով, նրանց առաջնորդում է դեպի փափաքված նավահանգիստը: Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար, մարդու հանդեպ գործված հրաշքների համար. թող մեծարեն Նրան ժողովրդի հավաքում, թող գովեն Նրան տարեցների ժողովում:



Սաղմոս 107, 1-9

Երախտագիտություն մատուցեք Տիրոջը, Նա բարի է, հավիտենական է Իր սերը. սա թող ասեն Տիրոջ կողմից փրկվածները, հարստահարողի ձեռքից ազատագրվածները, բոլոր երկրներից ի մի ժողովվածները, հյուսիսից և ծովից, արևելքից և արևմուտքից: Ոմանք թափառում էին անապատում, անջրդի ճանապարհներում, առանց բնակության հարմար քաղաք գտնելու. քաղցած և ծարավից մահամերձ, նրանց կյանքը նվաղում էր իրենց մեջ: Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը, նրանց ազատում է իրենց վշտերից. նրանց առաջնորդում է ապահով ճանապարհի վրա, դեպի մի քաղաք, ուր կարող են բնակվել: Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար, մարդու հանդեպ գործված հրաշքների համար. որովհետև Նա հագեցնում է ծարավածներին և բարիքներով լիացնում է քաղցածներին:



Գաղատացիս 3, 15-22

Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել։ Արդ, խոստումը Աբրահամի՛ն արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո զաւակին», որ Քրիստոսն է։ Ահա՛ թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատուել էր Աստծու կողմից Քրիստոսով, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրուած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանուի խոստումը։ Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստուած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն։ Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրուեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրուեց միջնորդի միջոցով։ Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէ՛կ է։ Եւ արդ, օրէնքը Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ, եթէ օրէնքը, որ տրուած է, կարո՛ղ լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կը լինէր։ Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին։



Երգ Երգոց 8, 1-14

Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝ մօրս կաթով սնուած, եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ, եւ ոչ ոք չնախատէր ինձ։ Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը, այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով, քեզ ազնիւ գինի տայի խմելու, օշարակ տայի իմ նռնենիներից։ Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ նրա աջը թող գրկի ինձ։ Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։ «Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։ «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ. այնտեղ քո մայրը երկնել է քեզ, այնտեղ քո ծնողը ծնել է քեզ։ Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը մահուան պէս, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։ Առատ ջրերը չեն կարող սէրը մարել, եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն։ Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար, նրան արհամարհելով կ՚արհամարհէին մարդիկ»։ «Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։ Եթէ պարիսպ լինէր նա,վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։ «Ես պարիսպ եմ, եւ իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է գտել»։ Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։ Իմ այգին իմ առջեւն է. հազարը Սողոմոնին, եւ երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։ Հարսն ասում է. «Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, եւ ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։ «Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։



Եբրայեցիս 5, 1-14

Ամէն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծու հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար։ Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորուածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է. դրա համար պէտք է, որ նա, ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար։ Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչուած, ինչպէս որ՝ Ահարոնը։ Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է. Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից։ Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար։ Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։ Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ։ Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի. քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ։



Բարուք 2, 1-10

Տէրը կատարեց իր խօսքերը, որ ասաց մեր մասին, մեր դատաւորների մասին, որոնք դատում էին Իսրայէլին, մեր թագաւորների մասին, մեր իշխանների մասին, Իսրայէլի եւ Յուդայի երկրի մարդկանց մասին, թէ մեզ վրայ բերելու է այնպիսի մեծամեծ չարիքներ, որպիսիք երբեք չեն եղել ողջ երկնքի ներքոյ եւ որպիսիք նա կատարեց Իսրայէլի նկատմամբ՝ ըստ Մովսէսի օրէնքներում գրուած այն խօսքերի, թէ մենք ուտելու ենք մեր որդիների մարմինները, եւ հայրը՝ իր դստեր մարմինը։ Տէրը մեզ ստրուկ դարձրեց այն բոլոր թագաւորներին, որոնք մեր շուրջն էին, դատապարտեց նախատինքին ու աւերածութեանը շրջապատի բոլոր ժողովուրդների, որոնց մէջ ցրեց մեզ. մենք ցած իջանք եւ ոչ թէ բարձրացանք, որովհետեւ մեղանչեցինք մեր Տէր Աստծու առաջ՝ չանսալով նրա ձայնին։ Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը եւ մեր հայրերինը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է։ Այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսեց Տէրը, եկան մեզ վրայ։ Մենք չպաղատեցինք Տիրոջ առաջ, որպէսզի ամէն մէկն իր չար սրտի խորհուրդներից յետ դառնար, եւ չարութիւնը զարթնեց Տիրոջ մէջ, ու նա չարիքներ բերեց մեզ վրայ։ Արդարեւ, Տէրն արդար է իր այն բոլոր գործերում, որ պատուիրել է մեզ, բայց մենք չանսացինք նրա ձայնին՝ հետեւելու այն պատգամներին, որ Տէրը տուեց մեզ։



2 Կորնթացիս 3, 1-11

Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից. այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանցից։ Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ։ Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով. մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը, որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։ Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր, որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի. արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի. քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր. որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։



1 Կորնթացիներ 3, 11-22

Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի. եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. եւ եթէ մէկի գործը այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր։ Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մէջ։ Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք էք։ Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ. որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առաջ. քանզի գրուած է, թէ՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտութեան մէջ։ Եւ դարձեալ, թէ՝ Տէրը գիտէ իմաստունների մտածումները, որ ընդունայն են։ Ուրեմն մարդկանցից ոչ ոք չպարծենայ, որովհետեւ ձերն է ամէն ինչ՝ թէ՛ Պօղոսը, թէ՛ Ապողոսը, թէ՛ Կեփասը, թէ՛ աշխարհ, թէ՛ կեանք, թէ՛ մահ, թէ՛ այն բաները, որ կան, թէ՛ լինելիքները. ամէն ինչ ձերն է. դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը։



Յովհաննէս 5, 30-47

[Յիսուսն ասում է]. «Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»։ «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին։ Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը։ Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք։ Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով։ Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ։ Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել։ Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում։ Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք։ Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում։ Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ։ Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում։ Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք։ Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։ Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»։



Սաղմոս 106, 1-48

Ալելուիա: Երախտագիտություն մատուցեք Տիրոջը, Նա բարի է, հավիտենական է Իր սերը. ո՞վ կարող է պատմել Տիրոջ հրաշքները, հնչեցնել Նրան վայել բոլոր գովասանքները: Երանի՜ նրան, ով վարվում է արդարությամբ, և գործադրում է իրավունքն ամեն ժամանակ. հիշիր ինձ, Տեր, հանուն այն սիրո, որ տածում ես ժողովրդիդ հանդեպ: Այցելիր ինձ և բեր ինձ փրկությունը, թող որ ես տեսնեմ ընտրյալներիդ բարիքը. թող որ ես ցնծամ ժողովրդիդ ցնծությամբ, պարծենամ Քո ժառանգությամբ: Մեր հայրերի հետ մենք մեղանչեցինք, շեղվեցին և ուրացանք. նրանց հետ, երբ Եգիպտոսում էին և չէին հասկանում Քո սքանչելիքները. չէին հիշում Քո սիրո առատությունը, ապստամբելով Կարմիր Ծովի մոտ: Փրկեց նրանց հանուն Իր սիրո, նրանց համար բացահայտեց Իր ուժը. սպառնաց Կարմիր Ծովին և չորացրեց այն, ցամաքի վրայով առաջնորդելու համար նրանց, ալիքների միջով. հարստահարողի ձեռքից փրկեց նրանց, ազատագրելով նրանց թշնամու ձեռքից: Ջրերը ծածկեցին նրանց կեղեքողներին, նրանցից ոչ մեկը չփրկվեց. հայնժամ հավատացին Նրա խոսքին, հնչեցնելով գովքի մի երգ: Բայց ահա, նրանք մոռանում են Նրա գործերը, Նրա ծրագրի հանդեպ հույսի մեջ թերանում են. անապատում այրվում են ցանկություններով, միայնության մեջ փորձում են Աստծուն. Նա կատարում է նրանց պահանջները և հագեցնում է նրանց որկրամոլությունը: [...] Մոռանում են իրենց փրկող Աստծուն, որ հեղինակն է Եգիպտոսում կատարված հրաշքների, Քամի երկրում կատարված սքանչելիքների, Կարմիր ծովի մոտ եղած զարմանալի գործերի: Հայնժամ որոշում է ոչնչացնել նրանց, բայց ոտքի է կանգնում Մովսեսն, Իր ընտրյալը, որ շարունակելով Նրա առջև ոտքի կանգնած մնալ՝ Նրա զայրույթին արգելում է բնաջնջել նրանց: [...] Ծառայության են նվիրվում նրանց կուռքերին, որոնք իրենց համար որոգայթ են դառնում. որպես զոհ են հանձնում սեփական որդիներին և սեփական դուստրերին մատուցում են դևերին: Հասնում են հեղելու անմեղ արյունը, արյունը որդիների ու դուստրերի. նրանց զոհում են Քանանի կուռքերին, և երկիրը պղծվում է արյամբ. այս արարքներով դառնում են անսուրբ, իրենց վարմունքի մեջ պոռնկանում են: Տերը զայրույթից այրվում է Իր ժողովրդի դեմ, զզվում է Իր ժառանգությունից. հանձնում է նրանց հեթանոսների ձեռքը, նրանց թշնամիները դառնում են նրանց տերերը. նրանց հակառակորդները դառնում են նրանց բռնակալները, նրանց ճզմում են իրենց ձեռքի ներքո: [...] Փրկիր մեզ, Տեր, Աստված մեր, ի մի ժողովիր մեզ բոլոր հեթանոսների միջից. երախտագիտություն կմատուցենք սրբության Քո Անվանը, Քեզ գովել կարողանալով կպարծենանք: Օրհնյալ է Տերը, Աստվածն Իսրայելի, ի հավիտենից և ի հավիտյանս հավիտենից: Ամբողջ ժողովուրդը թող ասի. Ամեն: Ալելուիա:



Եբրայեցիս 4, 13-17

Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։ Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը. քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։ Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք։



Եբրայեցիս 4, 1-12

Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի. քանզի աւետուած է, ինչպէս եւ նրանց։ Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հաւատով չլսեցին այն։ Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց. թէեւ նրա գործերը աշխարհի սկզբից կատարուած էին։ Քանզի մի տեղ եօթներորդ օրուայ մասին այսպէս է ասուած. Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ։ Եւ արդ, քանի որ ոմանց արգելուել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետուել էր, չմտան անհնազանդութեան պատճառով, դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում, Այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասուել է աւելի առաջ. Որովհետեւ, եթէ Յեսուն դրանց հանգիստ տուած լինէր, ապա դրանից յետոյ Աստուած ուրիշ օրուայ մասին չէր խօսի։ Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։ Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։