Օրուայ խօսք



Առակաց 14, 10-13

Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում։ Ամբարիշտների տները պիտի կործանուեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։ Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում։ Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի։



1 Պետրոս 2, 18-26

Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին։ Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջուէք եւ համբերէք։ Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ. որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք։ Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։



Առակաց 14, 5-9

Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։ Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։ Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են։ Խելացի մարդու իմաստութիւնը երեւում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից։ Անօրէնների տները պիտի դատապարտուեն արդարութեան կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։



Մարկոս 7, 24-30

Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ։ Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը։ Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի։ Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»։ Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»։ Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»։ Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ։



Գործք Առաքելոց 8, 14-25

Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»։ Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»։ Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին։



Առակաց 14, 3-4

Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։



Յովհաննու Յայտնութիւն 16, 1-12

Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք երկրի վրայ»։ Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։ Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։ Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան։ Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց. որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տուեց նրանց, մի բան, որին արժանի էին»։ Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո՛, Տէ՛ր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։ Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ։ Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրուեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, եւ սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։ Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։ Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից։ Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արեւելքի թագաւորին։



Առակաց 14, 1-2

Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։



Հռոմէացիս 11, 12-23

Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքեալ եմ, փառաւորում եմ իմ պաշտօնը, որպէսզի թերեւս նախանձ գցեմ նրանց մէջ, որոնք իմ մարմնից են, եւ փրկեմ նրանցից ոմանց. որովհետեւ, եթէ նրանց մերժուելը հաշտութիւն է աշխարհին, ապա ի՞նչ է լինելու ընդունուելը, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից։ Իսկ եթէ երախայրիքը սուրբ է, սուրբ է եւ զանգուածը. եւ եթէ արմատը սուրբ է, սուրբ են նաեւ ճիւղերը։ Եթէ ճիւղերից մի քանիսը կտրուեցին, եւ դու, որ մի վայրի ձիթենի էիր, պատուաստուեցիր նրանց վրայ եւ հաղորդակից եղար արմատին եւ ձիթենու պարարտութեանը, մի պարծեցի՛ր այդ ճիւղերի դէմ։ Իսկ եթէ պարծենաս, իմացի՛ր, որ ոչ թէ դու ես արմատը վեր բռնում. այլ արմատը՝ քեզ։ Իսկ արդ, կ՚ասես. «Ճիւղերը կոտորուեցին, որ ես պատուաստուեմ»։ Շա՛տ բարի։ Իրենց անհաւատութեան պատճառով կոտորուեցին, իսկ դու հաւատով հաստատ մնացիր։ Մի՛ հպարտացիր, այլ վախեցիր, որովհետեւ, եթէ Աստուած բուն ճիւղերին չխնայեց, գուցէ երբեք քեզ էլ չխնայի։ Արդ, տե՛ս Աստծու բարութիւնը եւ խստութիւնը. խստութիւն՝ կործանուածների հանդէպ եւ Աստծու բարութիւն՝ քո հանդէպ, եթէ մնաս նոյն բարութեան մէջ. ապա թէ ոչ դու էլ կը կտրուես, կը նետուես։ Իսկ նրանք, որ նոյն անհաւատութեան մէջ չեն մնայ, կը պատուաստուեն. որովհետեւ Աստուած կարո՛ղ է վերստին պատուաստել նրանց. քանի որ, եթէ դու ի բնէ վայրի ձիթենուց կտրուեցիր եւ, քո բնութեանը հակառակ, բարի ձիթենու վրայ պատուաստուեցիր, որչա՜փ եւս առաւել նրանք, որ բուն իսկ ճիւղերն են, կը պատուաստուեն իրենց ձիթենու վրայ։



Առակաց 13, 24-25

Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։ Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում։



Մարկոս 7, 1-23

Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից։ Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են։ Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում։ Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ։ Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։ Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»։ Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»։ Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք. որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»։ Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց։ Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»։ Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն։ Ով ականջներ ունի լսելու, թող լսի»։ Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին։ Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»։ Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»։



Իմաստութիւն Սողոմոնի 13, 10-19

Թշուառական են նաեւ այն մարդիկ, եւ մեռեալ իրերի վրայ է նրանց յոյսը, ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին եւ արծաթը, արուեստի ճարտար կերտուածքները, կենդանիների նմանութիւնները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։ Եւ եթէ որեւէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետօրէն քերել է նրա ողջ կեղեւը եւ կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ եւ պիտանի մի անօթ, իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար եւ յագեցել, կամ անպէտք, խոտելի եւ ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ եւ իմաստուն խելամտութեամբ ձեւաւորել՝ նմանեցրել մարդու կերպարանքին կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն, կրով ծեփել եւ կարմիր սնգոյրով ներկել այն, կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը, եւ նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝ դրել պատի մօտ եւ ամրացրել երկաթով, զգուշանալով, որ չկործանուի, որովհետեւ գիտէր, թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է եւ կարօտ օգնութեան։ Այնուամենայնիւ ամուսնութեան, որդիների եւ ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին, աղաչում է եւ չի ամաչում, իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին, իր կեանքի համար աղերսում է այդ մեռեալին, աղօթում է այդ անկարին, որ թեւ ու թիկունք լինի իրեն. եւ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդութեան, հարստութեան եւ գործերի յաջողութեան համար է խնդրում, եւ նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով եւ արգասաւորութիւն։



1 Պետրոս 2, 12-17

Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը։ Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում. որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը։ Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ։



Առակաց 13, 21-23

Չարիքները հալածում են մեղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստութիւնը արդարները պիտի ստանան։ Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը, բայց անիրաւները շուտով պիտի կործանուեն։



Մարկոս 6, 46-57

Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր։ Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու։ Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ։ Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ։ Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին։ Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»։ Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց։ Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը։ Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան։ Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին։ Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է։ Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին։