Օրուայ խօսք



Սաղմոս 104, 1-23

Հոգի իմ, օրհնիր Տիրոջը, քանիցս մեծ ես, Տեր Աստված իմ. զգեստավորվել ես գեղեցկությամբ ու մեծվայելչությամբ, փաթաթվել ես լույսի պատմուճանի մեջ: Դու տարածում ես երկինքը վրանի նման, ջրերի վրա վեր ես խոյացնում օթևաններդ. ամպերը Քո համար կառք ես դարձնում և պարում ես քամու թևերի վրա. քամիները Քո պատգամաբերներն ես դարձնում, Քո պաշտոնյաները՝ կայծակի բոցերը: Հիմքեր տվեցիր երկրին, որպեսզի հավիտյան անսասան մնա. նրան որպես հագուստ տվեցիր օվկիանոսը, նրա ջրերը ծածկում էին լեռները. հանդիմանեցիր նրանց, փախան, դողացին որոտմանդ ձայնից: Լեռներից անցնելով, իջան հովիտներին, դեպի իրենց սահմանված վայրը. անանցանելի սահման դրեցիր նրանց առաջ, չեն վերադառնա ծածկելու երկիրը: Հորդառատ գետեր ես բխեցնում աղբյուրներից, ընթանում են սարերի միջով. ջուր են տալիս դաշտերի կենդանիներին, վայրի ավանակները հագեցնում են իրենց ծարավը. երկնքի թռչունները սավառնում են վերևում, երգեր են հյուսում տերևների մեջ: Քո օթևաններից ոռոգում ես լեռները, հագեցնում ես երկիրը գործերիդ պտղով. հովիտները բուսականությամբ ես ծածկում հոտերի համար, և դաշտերը, որոնք մշակում է մարդը: Երկրից է մարդը հանում իր սնունդը, գինին, որ ուրախացնում է իր սիրտը, ձեթը, որ փայլեցնում է իր երեսը, հացը, որ ուժ է տալիս մարդու սրտին: Հագենում են Տիրոջ ծառերը, Լիբանանի մայրիները, որ Նա տնկել է. նրանց վրա թռչունները բույն են դնում, կիպարիսների վրա արագիլն ունի իր տունը. եղջերուներին՝ բարձր լեռները, նապաստակներին՝ ժայռերի ապաստանները: Ստեղծեցիր լուսինը՝ տոները ցույց տալու համար, և արևը, որ գիտի մայրամուտի իր ժամը. իջեցնում ես խավարը և գիշեր է, արթնանում են անտառի կենդանիները. դեպի իրենց որսն են մռնչում առյուծի կորյունները, Աստծուց խնդրում են իրենց կերակուրը: Արևը ծագելիս քաշվում են, իրենց որջերում բոլորը հանդարտվում են. դուրս է գալիս մարդը աշխատանքի գնալու համար, իր գործը կատարելու համար մինչև երեկո:



Փիլիպեցիներ 1, 12-21

Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց. նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը։ Ոմանք՝ նախանձից եւ հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ։ Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրախանալ. որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարուի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ՛ մեռնելով. քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։



Երեմիա 1, 1-10

Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես։ Չվախենաս նրանցից, - ասում է Տէրը, - քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։ Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի։ Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»։



Ժողովող 5, 12-19

Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար, բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։ Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։ Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։ Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։ Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։ Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։ Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։



Գաղատացիս 3, 1-14

Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած։ Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում։ Եւ այդքան փորձութիւններ ի զո՞ւր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին։ Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»։ Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են։ Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»։ Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ։ Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»։ Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու»։ Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ՚ապրի։ Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից» ), որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով։



Յովհաննէս 5, 1-18

Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»։ Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»։ Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»։ Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց։ Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում։



Սաղմոս 103, 1-22

Հոգի իմ, օրհնիր Տիրոջը, ներաշխարհ իմ, սրբության Նրա Անունը. հոգի իմ, օրհնիր Տիրոջը, մի՛ մոռացիր Նրա բոլոր պարգևները: Նա է, որ ներում է քո հանցանքները, բժիշկը քո հիվանդությունների, քո կյանքը գերեզմանից փրկողը, որ պատում է քեզ սիրով ու քնքշանքով. Աստված բարիքներով հագեցնում է ծերությանդ օրերը, գալիք աշխարհում նորոգվելու է երիտասարդությունդ: Տերը գործում է արդարությամբ, պաշտպանում է զրկվածների իրավունքը. հայտնում է Մովսեսին Իր ճանապարհները, Իր գործերը՝ Իսրայելի որդիներին: Ողորմած է Տերը և կարեկցող, դանդաղ՝ զայրանալու, և մեծ՝ սիրո մեջ. Իր բարկությունը չի տևում ընդմիշտ, Իր ցասումը չի մնում հավետ. մեր հետ չի վարվում մեր հանցանքների համաձայն, մեզ չի փոխհատուցում մեր մեղքերի չափով: Որքան երկինքը բարձր է երկրից, այնքան հզոր է Իր սերը Իրենից երկնչողների վրա. որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացնում է մեզնից մեր հանցանքները: Ինչպես գորովագութ է հայրը որդիների հանդեպ, այնպես Տերը գորովագութ է Իրենից երկնչողների հանդեպ. Նա ճանաչում է, թե ինչպիսին է մեր բնազդը, հիշում է, որ մենք հողի փոշի ենք: Մարդը. նրա օրերը խոտի պես են, նա ծլում է դաշտի ծաղկի նման. փչում է նրա վրա քամին և այլևս չկա, հետքեր չեն մնացել նրա տեղից: Բայց Տիրոջ սերը հավատացյալների վրա է հավիտյանս հավիտենից, Նրա արդարությունը՝ նրանց որդիների որդիների վրա. նրանց վրա, ովքեր պահում են Իր ուխտը և հիշում են Իր կամքը, այն գործադրելու համար: Տերն Իր գահն ունի երկնքում, Նրա թագավորությունն ամբողջ տիեզերքի վրա է. Նրա հրեշտակներ, օրհնեցեք Տիրոջը, Նրա խոսքի անհաղթ կատարողներ, որ ուշադիր եք Նրա խոսքի ձայնին: Դուք, Նրա բոլոր զորքեր, օրհնեցեք Տիրոջը, դուք, ծառաներ, Նրա կամքը կատարողներ. դուք, Նրա բոլոր գործեր, օրհնեցեք Տիրոջը, Նրա տերության բոլոր վայրերում: Հոգի իմ, օրհնիր Տիրոջը:



Ժողովող 5, 7-11

Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։ Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։ Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։ Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։ Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։



Բարուք 1, 15-22

«Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը երեսի ամօթն է, ինչպէս այս օրերին ամօթը Յուդայի երկրի մարդունն է եւ Երուսաղէմի բնակիչներինը, մեր թագաւորներինը եւ մեր իշխաններինը, մեր քահանաներինը, մեր մարգարէներինն ու մեր հայրերինը՝ Տիրոջ հանդէպ, քանզի անհնազանդ եղանք նրան, ականջ չդրինք մեր Տէր Աստծու ձայնին՝ ընթանալու ըստ այն պատուիրանների, որ Տէրը տուեց մեզ»։ Այն օրից, երբ Տէրը մեր հայրերին հանեց Եգիպտացիների երկրից, մինչեւ այսօր անհնազանդ եղանք մեր Տէր Աստծուն՝ խուսափելով, որ չանսանք նրա ձայնին։ Եւ, ինչպէս այսօր, մեզ պատեցին չարիքն ու այն նզովքը, որ Տէրը դրեց իր ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին հանում էր Եգիպտացիների երկրից՝ մեզ պարգեւելու համար այս երկիրը, որ բխեցնում է կաթ ու մեղր։ Չանսացինք մեր Տէր Աստծու ձայնին, մեզ մօտ ուղարկած մարգարէների բոլոր ասածներին, իւրաքանչիւրս գնացինք ըստ մեր չար սրտի խորհուրդների, պաշտեցինք օտար աստուածներին՝ չարիք գործելով մեր Տէր Աստծու առաջ»։



Գործք Առաքելոց 5, 17-25

Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրին։ Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»։ Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին։ Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու։ Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։ Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի։ Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»։



Գործք Առաքելոց 5, 12-16

Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին։ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր։ Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին։ Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին։



Գործք Առաքելոց 5, 1-11

Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։ Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»։ Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։ Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ։ Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»։ Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»։ Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։ Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։



Յովհաննու Յայտնութիւն 4, 1-11

Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացուած էին. եւ առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։ Եւ իսկոյն Հոգին բռնեց ինձ։ Եւ ահա տեսայ մի աթոռ այնտեղ, երկնքում. եւ աթոռի վրայ նստել էր մէկը՝ յասպիս եւ սարդիոն քարերի տեսքով. եւ քահանաներ աթոռի շուրջ՝ զմրուխտի տեսքով. եւ այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին քսանչորս երէցներ՝ սպիտակ զգեստներ հագած եւ իրենց գլուխների վրայ՝ ոսկէ պսակներ։ Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։ Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջեւից ու յետեւից աչքերով լի։ Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։ Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես եւ որ գալու ես»։ Եւ երբ կենդանիները փառք եւ պատիւ եւ գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին, քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ եւ երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին եւ իրենց պսակները դնում էին աթոռի առաջ ու ասում. «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն»։



Սաղմոս 102, 2-29

Տեր, լսիր իմ աղոթքը, իմ աղաղակը թող հասնի Քեզ. մի՛ թաքցրու ինձնից Քո երեսը, այն օրը, երբ տրտմության մեջ եմ. դեպի ինձ խոնարհեցրու ականջդ, երբ կանչում եմ Քեզ, շուտո՛վ, պատասխանիր ինձ: Ծխի նման անհետանում են իմ օրերը, ոսկորներս այրվում են շիկացած ածուխի նման. սիրտս չորանում է հնձված խոտի պես, մոռանում եմ ուտել իմ հացը. երկարատև հեծեծանքներիս պատճառով մաշկս ոսկորներիս է կպնում: Նմանվում եմ անապատի բվեճին, ինչպես ավերակներում թառած մի բու. գիշերը մնում եմ հսկելու, միայնակ՝ ինչպես ճնճղուկը տանիքի վրա: Թշնամիներս ամբողջ օրը նախատում են ինձ, մոլեգնած՝ անիծում են անձս. մոխիրն է հացը, որ ուտում եմ, արցունքներ եմ խառնում ըմպելիիս: Զայրույթիդ ու բարկությանդ պատճառով, բարձրացրիր ինձ և վար գցեցիր հողին. օրերս նման են ստվերին, որ թեքվում է, և ես թառամում եմ խոտի նման: Բայց Դու, Տեր, թագավորում ես հավետ, հիշատակդ՝ սերնդից սերունդ. Դու ոտքի կկանգնես, Սիոնին գթալով, նրա նկատմամբ ողորմություն գործածելու ժամը հասել է. Քո ծառաների համար թանկագին են նրա քարերը, նրա փոշու հանդեպ սեր են տածում նրանք: Հեթանոսները երկնչելու են Տիրոջ Անունից, Քո փառքից՝ երկրի բոլոր թագավորները. երբ Տերը կվերականգնի Սիոնը, երբ այնտեղ կհայտնվի Իր փառքի մեջ, կընդունի խոնարհի աղոթքը, չարհամարհելով նրա աղաչանքը: Թող սա գրվի գալիք սերնդի համար, և վերստեղծված ժողովուրդը կգովի Տիրոջը. «Սրբության բարձունքից դիտում է Տերը, երկնքից Նա նայում է երկրի վրա. լսելու համար բանտարկյալի հեծեծանքը, ազատելու համար մահվան դատապարտվածներին»: Տիրոջ Անունը մեծարվելու է Սիոնում, գովաբանվելու է ամբողջ Երուսաղեմով մեկ. երբ ի մի են հավաքվելու ժողովուրդներն ու թագավորությունները, և միասին ծառայելու են Տիրոջը: Ճանապարհի ընթացքում նվաղեցրեց իմ ուժը, համառոտեց թիվն իմ օրերի. և ես աղաղակեցի. «Աստվա՜ծ իմ, մի՛ վերցրու ինձ օրերիս կեսին»: Քո տարիները հավիտյանս հավիտենից են, սկզբում հաստատեցիր երկիրը. երկինքը Քո ձեռքերի գործն է, բայց դրանք կանցնեն, Դու կմնաս. մաշվում են հյուսվածքի նման, զգեստների նման Դու կնորոգես դրանք: Կնորոգվեն, բայց Դու կմնաս, Քո տարիներն անվախճան են. ծառաներդ մի օթևան կունենան, նրանց սերունդը կմնա Քո ներկայության:



Ղուկաս 5, 36-39

Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն։ Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։