Օրուայ խօսք



Սաղմոս 37, 12-26

Չարագործը դաւեր է նիւթում արդարի դէմ, նրա դէմ կրճտացնում է ատամները. բայց Տէրը ծիծաղում է նրա վրայ, արդէն տեսնում է նրա օրուայ հասնելը: Չարագործները պատեանից հանում են սուրը եւ լարում աղեղը, գետին տապալելու համար աղքատին ու խեղճին, հարուածելու համար նրան՝ ով հետեւում է ուղիղ ճանապարհին. բայց նրանց սուրը մտնելու է իրենց իսկ սիրտը, նրանց աղեղները փշրուելու են: Աւելի լաւ է արդարի ունեցած քիչը, քան ամբարիշտների մեծ հարստութիւնը. որովհետեւ կոտրուելու են չարագործների բազուկները, բայց Տէրը թիկունք է կանգնում հաւատացեալներին: Տէրը ճանաչում է բարիների օրերը, որպէս պարգեւ ունենալու են յաւիտենական ժառանգութիւն. նեղութեան ժամանակ չեն ամաչի, կը յագենան քաղցի օրերին: Չարագործները, մինչդեռ, մահանալու են, որովհետեւ Տիրոջ թշնամիներն են. վերջանալու են դաշտերի խոտի նման, ծխի նման բոլորը մէկ անհետանալու են: Չարագործը պարտք է վերցնում ու չի վերադարձնում, բայց արդարը ողորմում է եւ բաժին հանում. օրհնեալները ժառանգելու են երկիրը, անիծեալները բնաջինջ են լինելու: Տէրն առաջնորդում է մարդու քայլերը, դարձնում է հաստատուն եւ սիրով հետեւում է նրա ընթացքին. եթէ ընկնում է, ընկած չի մնում, Տէրն Իր ձեռքով բարձրացնում է նրան: Երիտասարդ էի ես, իսկ այժմ՝ տարեց, արդարներից մէկին երբեք չեմ տեսել լքուած, ո՛չ էլ նրա որդիներին՝ հաց մուրալիս. իր ունեցածից ամէն օր սիրով բաժին է հանում, այս իսկ պատճառով՝ նրա սերունդը օրհնուած է:



Սաղմոս 37, 1-11

Մի՛ զայրացիր ամբարիշտներին տեսնելով, չարագործներին մի՛ նախանձիր. խոտի նման շուտով թառամում են, չորանում են դաշտի խոտի նման: Հաւատք ունեցիր Տիրոջ հանդէպ եւ բարիք գործիր, բնակուիր երկրում եւ հաւատարմութիւնը թող լինի քո սնունդը. Տիրոջ մէջ փնտռիր ուրախութիւնդ, կը կատարի սրտիդ փափաքները: Ընթացքդ կողմնորոշիր դէպի Տէրը, վստահիր Նրան եւ Նա կը գործի. արշալոյսի նման ծագել կը տայ արդարութիւնդ, կէսօրուայ նման փայլել կը տայ արդարութիւնդ: Լռութիւն պահպանիր Տիրոջ ներկայութեանը, եւ Նրանում հաստատիր քո յոյսը. մի՛ զայրացիր նրանց համար՝ ովքեր հասնում են յաջողութեան, մարդու համար, որ դիմում է խաբէութիւնների: Հրաժարուիր զայրոյթից, լքիր կատաղութիւնը, մի՛ բարկացիր. չարիք կը գործես. արմատախիլ է արուելու՝ ով գործում է չարիք, ժառանգելու է երկիրը նա՝ ով յուսացել է Տիրոջը: Եւս մի քիչ եւ չարագործն անհետանալու է, փնտռելու ես նրան եւ ահա՝ այլեւս չկայ. հեզերը ժառանգելու են երկիրը եւ վայելելու են անսահմանափակ խաղաղութիւն:



Մատթէոս 25, 34

Յիսուսն ասում է. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալներ, ժառանգեցէք ձեր համար պատրաստուած արքայութիւնը»:



Սաղմոս 36, 6-13

Սէրդ տարածւում է մինչեւ երկինք, հաւատարմութիւնդ՝ մինչեւ ամպերը, Տէր. արդարութիւնդ նման է ամենաբարձր լեռներին, իրաւունքդ խոր անդունդ է. մարդուն եւ կենդանիներին Դու ես փրկում, Տէր: Ո՜վ Աստուած, քանի՜ցս թանկարժէք է Քո սէրը, թեւերիդ հովանու ներքոյ են ապաւինում մարդիկ. յագենում են տանդ խնջոյքին, նրանց արբեցնում ես վայելքներիդ յորձանքով: Քեզնում է կեանքի աղբիւրը, Քո լոյսի մէջ մենք տեսնում ենք լոյսը. սէրդ պարգեւիր նրան՝ ով ճանաչում է Քեզ, արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին: Հպարտի ոտքը թող չհասնի ինձ, թող չսարսափեցնի ինձ չարագործի ձեռքը. ահա, անօրէնութիւն գործողներն ընկնում են, տապալուելով՝ ոտքի կանգնել այլեւս չեն կարող:



Յովհաննէս 18, 36

Յիսուսի մասին գրուած է. «Քանի դեռ ունէք լոյսը, հաւատացէք լոյսին, դառնալու համար լոյսի որդիներ»:



Ղեւտացւոց 18, 6-30

Որեւէ մէկն իր արիւնակից հարազատին թող չմօտենայ նրա ամօթոյքը բանալու նպատակով, որովհետեւ ես եմ Տէրը։ Քո հօր ամօթոյքը կամ քո մօր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մայրն է։ [...] Քո հօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո հօր ամօթոյքն է։ [...] Քրոջդ ամօթոյքը չբանաս։ Քո որդու աղջկայ ամօթոյքը կամ քո աղջիկ թոռան ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո՛ ամօթոյքն է։ Քո հօր կնոջ դստեր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա նոյն հօրից ծնուած քո քոյրն է։ [...] Քո հօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո արիւնակից հարազատն է։ Քո մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մօր արիւնակից հարազատն է։ Քո հօրեղբօր ամօթոյքը չբանաս եւ նրա կնոջը չմերձենաս, որովհետեւ նա քո ազգականն է։ Քո հարսի ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո որդու կինն է [...] ։ Նրա որդու աղջկայ կամ աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը, որովհետեւ նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։ Քո եղբօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նրա ամօթոյքը քո եղբօրն է պատկանում։ Նրա կնոջ եւ դստեր ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ եւ նրա աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը. նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։ Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է [...] ։ Դաշտանի մէջ գտնուող կնոջ ամօթոյքը բանալով՝ նրա հետ չպառկես։ Քո ընկերոջ կնոջ հետ մի՛ պառկիր, որպէսզի նրա հետ չպղծուես։ Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը։ Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակուես՝ պղծուելով նրա հետ։ Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրութեամբ. դա գարշելի է։ Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ։ Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։ Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդուխտը չպէտք է կատարի այդ բոլոր պղծութիւնները, որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց։ Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից։ Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից։ Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որ ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ մի՛ պղծուէք դրանցով, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը։



Յայտնութիւն 21, 6

Յիսուսն ասում է. «Նրան՝ ով ծարաւի է, ես ձրիօրէն կը տամ կեանքի աղբիւրի ջուրը»:



Հմմտ. Յովհաննէս 1, 4

Աստծոյ Որդու մէջ է կեանքը, իսկ կեանքը մարդկանց լոյսն է:



Ղեւտացւոց 19, 4-5

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցէք»։



Հմմտ. Յովհաննէս 3, 20-21

Ով չարիք է գործում, ատում է լոյսը, իսկ ով գործում է ճշմարտութիւնը, գալիս է դէպի լոյսը:



1 Յովհաննէս 1, 8

Եթէ ասում ենք՝ թէ անմեղ ենք, խաբում ենք ինքներս մեզ եւ ճշմարտութիւնը մեզնում չէ:



Սաղմոս 35, 22-28

Տէր, Դու տեսար, մի՛ լռիր, Տէր իմ, հեռու մի՛ մնայ. արթնացիր, ոտքի կանգնիր դատիս համար, դատավարութեանս համար, Տէր Աստուած իմ: Տէր, դատիր ինձ ըստ Քո արդարութեան, Աստուած իմ, թող չուրախանան իմ դէմ. թող չկարողանան մտածել. «Գոհ ենք», թող չկարողանան ասել. «Յօշոտեցինք նրան»: Թող ամօթահար լինեն եւ շփոթութեան մատնուեն, նրանք՝ ովքեր վայելում են իմ տառապանքը. ամօթով ու արհամարհանքով ծածկուեն, նրանք՝ ովքեր պարծենում են իմ դէմ: Բոլոր նրանք՝ ովքեր արդարութիւն բաղձացին իմ համար, թող ցնծան ու երգեն ուրախութեամբ. միշտ կրկնեն. «Տէրը մեծ է, Նա կամենում է Իր ծառայի խաղաղութիւնը». լեզուս Քո արդարութիւնն է պատմելու, ամէն օր երգելու եմ Քո գովքը:



Սաղմոս 35, 11-21

Ներկայանում են ամբարիշտ վկաներ, հարցնում են ինձ բաներ, որոնք անգիտանում եմ. բարութեան փոխարէն չարիք են հատուցում ինձ, կսկիծով են լցնում իմ կեանքը: Ես, մինչդեռ, երբ նրանք հիւանդ էին, քուրձ հագած՝ ծոմապահութեան մէջ ուժասպառ էի լինում. ներսումս կրկնում էի աղօթքը ինչպէս մտերիմի ու եղբօր համար. տխուր ու վշտահար թափառում էի ինչպէս մէկը, որն ողբալով լալիս է իր մօր համար: Բայց անկմանս համար ուրախանում են եւ համախմբւում, յանկարծակի հարուածում են ինձ ու չարչարում. արհամարհում են ինձ ու հեգնանքով ծաղրում, ատամները կրճտացնում են իմ դէմ: Մինչեւ ե՞րբ ես հեռուից դիտելու, Տէր. կեանքս ազատիր նրանց յարձակումներից, միակ կեանքս՝ մռնչացող առիւծներից: Երախտագիտութիւն կը մատուցեմ Քեզ մեծ հաւաքոյթում, կը գովեմ Քեզ մի բազմաթիւ ժողովրդի մէջ. թող չկարողանան իմ վրայ ծիծաղել թշնամիներն ու դաւաճանները, եւ թող դադարեն աչքով անել նրանք՝ ովքեր ինձ ատում են առանց պատճառի: Երբեք չունեն խաղաղութեան մի խօսք, զրպարտում են երկրի խաղաղասէրներին. նրանց բերանը բաց է իմ դէմ, ասելու համար. «Մենք ինքներս տեսանք»:



Սաղմոս 35, 1-10

Դատիր, Տէր, նրան՝ ով դատում է ինձ, մարտնչիր նրա դէմ՝ ով իմ դէմ մարտնչում է. վերցրու վահանդ ու զրահներդ եւ շուտով հասիր ինձ օգնութեան: Ձեռքդ առ նիզակն ու սուրը՝ ընդդէմ իմ հալածիչների. խօսի՛ր եւ ասա՛ իմ սրտին. «Ես եմ քո փրկութիւնը»: Թող շփոթութեան մատնուեն եւ ամօթահար լինեն նրանք՝ ովքեր դաւադրում են կեանքիս դէմ. ետ նահանջեն ու խոնարհեցուեն նրանք՝ ովքեր չարիք են նիւթում իմ դէմ: Թող լինեն նրանք ինչպէս փոշին քամու առջեւ, Տիրոջ հրեշտակը թող ցիրուցան անի նրանց. նրանց ճանապարհը թող խաւար եւ սահուն լինի, Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց: Առանց պատճառի ցանց նետեցին իմ դէմ, առանց պատճառի փոս փորեցին իմ համար. չսպասուած մի ձախորդութիւն թող անակնկալի մատնի նրանց, թող բռնուեն այն ցանցի մէջ, որ լարել են, եւ ընկնեն այն փոսի մէջ, որ փորել են: Իսկ ես ցնծալու եմ Տիրոջ մէջ, ուրախանալու եմ Նրա պարգեւած փրկութեան համար. բոլոր ոսկորներս հռչակելու են. «Տէր, ո՞վ է Քո նման, Դու ազատում ես աղքատին առաւել հզօրից, աղքատին ու խեղճին՝ բռնաւորից»:



Առակաց 2, 13-15

Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով. ովքեր կ\'ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով։ Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շաւիղները՝ խոտորնակ։