Օրուայ խօսք



Մատթէոս 7, 24-29

Յիսուսն ասում է. «Ով որ լսում է իմ խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ հարուածեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած։ Իսկ ով որ լսում է իմ խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որն իր տունը կառուցեց աւազի վրայ. անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ հարուածեցին տանը, եւ այն փլուեց. եւ նրա կործանումը մեծ եղաւ»։ Երբ Յիսուսն այս խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր Նրա վարդապետութեան վրայ. որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի, եւ ո՛չ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։



Սաղմոս 54, 3-9

Փրկիր ինձ, ո՜վ Աստուած, Քո Անուան համար, զօրութեամբդ՝ արդարութիւն արա ինձ. ո՜վ Աստուած, լսիր իմ աղօթքը, ուշադիր եղիր բերանիս խօսքերին: Կռապաշտներ են ոտքի ելել իմ դէմ, բռնաւորներ դաւում են իմ կեանքը, ոչնչով հաշուի չեն առնում Աստծուն: Բայց ահա Աստուած իմ օգնականն է, Տէրը պաշտպանում է ինձ. չարիքը թող թափուի թշնամիներիս գլխին, հաւատարմութեամբդ՝ ցիրուցան արա նրանց: Ամբողջ սրտով զոհ պիտի մատուցեմ Քեզ, Տէր, գովելու եմ Անունդ, որ բարի է. Տէրն ազատեց ինձ նեղութիւններից, իմ աչքերը տեսան հակառակորդին:



Մատթէոս 7, 21-23

Յիսուսն ասում է. «Ո՛չ ամէն ոք, որ ինձ \'\'Տէ՜ր, Տէ՜ր\'\' է ասում, կը մտնի երկնքի արքայութիւն, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ ասելու են. \'\'Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք, եւ քո անունով դեւեր հանեցինք, եւ քո անունով բազում զօրաւոր գործեր կատարեցինք\'\'։ Եւ այն ժամանակ ես նրանց ասելու եմ. \'\'Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռու կացէք ինձնից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում\'\'»։



2 Օրինաց 7, 7-8

Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ո՛չ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։



1 Պետրոս 2, 19

Ով ճանաչում է Աստծուն, նրա համար շնորհ է վշտեր կրելը, անարդարցիօրէն տառապելով:



Ղեւտացւոց 19, 16-19

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Քո հոգում եղբօրդ չատես։ Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես։ Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։ Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը։ Պիտի պահպանէք իմ այս օրէնքները»։



2 Տիմոթէոս 4, 18

Տէրն ինձ կ\'ազատի բոլոր չարիքներից եւ կը փրկի Իր երկնային արքայութեան համար:



2 Օրինաց 4, 1-2.5-8

Լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ։ Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է ձեզ։ Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից։ Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։ [...] Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու այն։ Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրէնքները՝ պիտի ասեն. «Ահա՛ւասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ»։ Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել։ Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ։



Հռոմէացիս 16, 20

Խաղաղութեան Աստուածը շուտով կը ճզմի սատանային ձեր ոտքերի ներքոյ:



Սաղմոս 53, 2-6

Անմիտն ասում է իր սրտում. «Աստուած գոյութիւն չունի». այլասերուած են եւ պղծութիւններ են գործում, չկայ մէկը, որ բարիք գործի: Բայց Աստուած դիտում է երկնքից, զննում է մարդկանց. տեսնելու համար՝ թէ կա՞յ մի իմաստուն, կա՞յ արդեօք Աստծուն փնտռող մէկը: Բոլորն էլ շեղուել են ճանապարհից, ապականութեան մէջ միացած. չկայ մէկը, որ բարիք գործի, եւ ոչ իսկ մէկը: Գիտակցութիւն չունե՞ն չարագործները, որ լափում են իմ ժողովուրդը. սա է հացը, որ ուտում են, Աստծուն չհաւատալով: Բայց ահա, սարսափը պատելու է նրանց, առանց վախենալու պատճառ ունենալու. Աստուած ցրելու է քո վրայ յարձակուողների ոսկորները, դու ծիծաղելու ես. «Աստուած նրանց յաղթեց»:



Մատթէոս 13, 49

Աշխարհի վերջում, գալու են հրեշտակները եւ բաժանելու են չարերին արդարներից:



Սաղմոս 52, 3-11

Ինչո՞ւ ես չարիքով պարծենում, ո՜վ բռնաւոր, չարութեանդ մէջ. ածելիի նման սրուած լեզուդ ոճիրներ է հրամայում, ո՜վ ստախօս: Դու չարիքը նախընտրում ես բարիքին, կեղծիքը՝ արդարութեանը. դու սիրում ես ամէն խօսք, որ քանդում է, ո՜վ զրպարտող լեզու: Բայց ահա Աստուած կը կործանի քեզ, որջիցդ դուրս կը հանի, հիմքերդ խախտելու համար. արմատախիլ կ\'անի քեզ ողջերի երկրից, կ\'ոչնչացնի քեզ ընդմիշտ: Արդարները, տեսնելով, երկնչելու են, եւ ծիծաղելու են քո վրայ. «Ահա մարդը, որն իրեն ապաւէն չընտրեց Աստծուն, այլ վստահում էր իր մեծ հարստութեանը, փքւում էր ոճիրի մէջ»: Ես, մինչդեռ, մշտադալար ձիթենու նման, Աստծոյ տանը, անձս վստահում եմ Աստծոյ սիրոյն, այժմ եւ յաւիտեան: Կամենում եմ յաւիտեանս երախտագիտութիւն յայտնել Քեզ, Աստուած, բոլոր գործերիդ համար. յուսացել եմ Անուանդ, որովհետեւ բարի է, հաւատացեալներիդ առաջ:



Մատթէոս 7, 15-20

Զգոյշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ Իրենց գործերից կը ճանաչէք նրանց. մի՞թէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղուի։ Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ո՛չ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։ Ուրեմն, իրենց գործերից կը ճանաչէք նրանց։



2 Օրինաց 11, 26-28

Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ։ Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես ցոյց տուեցի ձեզ, գնաք պաշտէք ձեզ անծանօթ օտար աստուածներ։



Ղուկաս 18, 15-17

Մանուկներին էլ մօտեցնում էին Յիսուսին, որպէսզի հպուէր նրանց. երբ աշակերտները դա տեսան, սաստեցին բերողներին։ Բայց Յիսուսը մանուկներին իր մօտ կանչելով, ասաց. «Թոյլ տուէք այդ մանուկներին, որ իմ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծոյ Արքայութիւնը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծոյ Արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»։