Օրուայ խօսք



Մատթէոս 8, 2

Տէր Յիսուս, եթէ կամենաս, կարող ես բժշկել ինձ:



2 Օրինաց 7, 12-15

Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին։ Նա կը սիրի, կ\'օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ\'օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին։ Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։ Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։



Ղուկաս 18, 9-14

Այս առակն էլ Յիսուսը պատմեց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին. «Երկու մարդ տաճար ելան աղօթելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. \'\'Աստուած իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից\'\'։ Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ համարձակւում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. \'\'Աստուած, ներիր ինձ՝ մեղաւորիս\'\'։ Ասում եմ ձեզ, որ սա՛ իր տուն վերադարձաւ արդարացած, ո՛չ թէ՝ միւսը. որովհետեւ ով բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»։



Սաղմոս 50, 1-23

Խօսում է Տէրը, Աստուածն աստուածների, համախմբուելու է կանչում երկիրն արեւելքից մինչեւ արեւմուտք: Սիոնից – կատարեալ գեղեցկութի՜ւն – Աստուած փայլում է, մեր Աստուածը գալիս է եւ չի լռում. լափող կրակ է Նրան նախորդում, Նրան շրջապատում է մի սաստիկ մրրիկ. ի վերուստ կանչում է երկինքն ու երկիրը, դատաստանի մտնելու համար Իր ժողովրդի դէմ: «Իմ առջեւ հաւաքեցէք Իմ հաւատացեալներին, որոնք զոհի մատուցմամբ կնքեցին Իմ դաշինքը»: Երկինքը հռչակում է Նրա արդարութիւնը, այո՛, Աստուած Ինքն է դատաւորը: «Լսիր, ժողովուրդ Իմ, կամենում եմ խօսել, վկայելու եմ քո դէմ, Իսրայէլ. Ես եմ Աստուած, քո Աստուածը: Չեմ յանդիմանում քեզ զոհերիդ համար, քո ողջակէզները միշտ Իմ առջեւ են: Չեմ վերցնելու քո տան հորթուկները, ո՛չ էլ այծերը քո փարախների: Դաշտի կենդանիներն Իմն են, հազարաւոր հօտեր ունեմ լեռների վրայ. ճանաչում եմ սարերի բոլոր թռչուններին, հովիտների գազաններն Իմն են: Եթէ քաղցած լինէի, քեզ չէի ասի, Իմն է աշխարհն ու իր լիութիւնը. մի՞թէ Ես հորթի միս եմ ուտում, մի՞թէ խմում եմ այծերի արիւնը: Երախտագիտութեան զոհ մատուցիր Աստծուն, Բարձրեալի առաջ կատարիր խոստումներդ. կանչիր ինձ տրտմութեան օրը, կ\'ազատեմ քեզ եւ դու կը փառաբանես ինձ»: Բայց ամբարշտին Աստուած ասում է. «Ինչո՞ւ ես դու կրկնում Իմ պատուիրանները եւ շուրթերիդ վրայ պահում Իմ դաշինքը. բայց յետոյ ատում ես կանոնապահութիւնը եւ թիկունքիդ ետեւն ես նետում Իմ խօսքերը: Եթէ գող ես տեսնում, վազում ես նրա հետ, պոռնկացողների հետ է քո ընկերութիւնը. չարիքին ես յանձնում քո բերանը, լեզուդ զուգաւորւում է կեղծիքի հետ: Երբ նստում ես, վարկաբեկում ես եղբօրդ եւ արհամարհում ես քո մօր որդիներին. եթէ դու այսպէս ես վարւում, մի՞թէ պէտք է լռեմ, մի՞թէ կարծում ես՝ թէ Ես էլ քո նման եմ. ահա՛ քեզ ուղղուած Իմ մեղադրանքն ու դատապարտութիւնը: Թող սա հասկանայ՝ ով մոռանում է Աստծուն, այլապէս՝ կը հարուածեմ առանց փրկութեան ելք թողնելու. ով երախտագիտութեան զոհ է մատուցում, Ինձ փառաբանում է, ով ընթանում է արդարութեան ճանապարհով, նրան ցոյց կը տամ Աստծոյ փրկութիւնը»:



Հմմտ. Յայտնութիւն 3, 3

Յիսուսն ասում է Եկեղեցուն. «Յիշիր այն՝ ինչ լսեցիր եւ դարձի եկ. եթէ արթուն չես, կը գամ ինչպէս գող»:



Հմմտ. Գործք Առաքելոց 17, 31

Աստուած հաստատել է մի օր, որում արդարութեամբ դատելու է աշխարհը:



2 Օրինաց 26, 16-19

Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք ձեր ամբողջ հոգով ու էութեամբ։ Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք Իր ճանապարհով, կը պահպանէք Իր օրէնքներն ու կանոնները՝ կը լսէք Իր ասածը։ Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես Իր սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես Իր բոլոր պատուիրանները եւ բոլոր ազգերից բարձր լինես։ Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ Իր խոստման լինես քո Տէր Աստծոյ սուրբ ժողովուրդը։



Հմմտ. Յակոբոս 4, 11

Ով վարկաբեկում կամ դատում է եղբօրը, վարկաբեկում եւ դատում է Օրէնքը:



Մատթէոս 12, 7

Յիսուսն ասում է. «Եթէ միայն հասկացած լինէիք՝ թէ ի՜նչ է նշանակում. \'\'Ողորմութիւն եմ ուզում եւ ո՛չ թէ զոհ\'\'»:



Ղեւտացւոց 19, 15

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր»։



Հմմտ. Մարկոս 12, 33

Սիրել Աստծուն եւ սիրել մերձաւորին. սա աւելին արժէ՝ քան բոլոր ողջակէզներն ու զոհերը:



Հմմտ. Գաղատացիս 5, 14

Ամբողջ Օրէնքն իր լիութեամբ ամփոփուած է այս մէկ խօսքի մէջ. Պիտի սիրես:



Սաղմոս 49, 2-21

Լսեցէք սա, ժողովուրդներ բոլոր, լսեցէք, աշխարհի բնակիչներ, Ադամի որդիներ, մահկանացու մարդիկ, հարուստներ եւ աղքատներ ի միասին: Բերանս արտասանում է իմաստութիւն, սիրտս գործադրում է կշռադատութիւն. ականջս ուշադիր է ասացուածքներին, տաւիղի վրայ ներկայացնում եմ իմ առակը: Ինչո՞ւ պիտի վախենամ տրտմութեան օրերում, երբ անօրէնների չարութիւնը շրջապատում է ինձ. յոյսները դրել են իրենց հարստութիւնների վրայ, պարծենում են մեծամեծ ունեցուածքներով: Ազատագրե՞լ, ազատագրե՞լ սեփական եղբօրը, մարդկանցից ոչ ոք չի կարող դա անել. Աստծուն հնարաւոր չէ վճարել փրկութիւնը, կեանքն ազատագրման գին չունի, միշտ անբաւարար է՝ յաւիտեան ապրելու համար: Մի՞թէ կարող է ապրել անվախճան, ընդմիշտ, առանց տեսնելու գերեզմանը, մինչ տեսնում ենք մահը նաեւ իմաստունների. մեռնում են յիմարներն ու պակասամիտները, ուրիշներին թողնելով իրենց հարստութիւնները: Գերեզմանները նրանց տներն են յաւիտեան, նրանց բնակավայրը՝ սերնդէ սերունդ, թէեւ իրենց անուններով էին կոչում երկիրները: Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում, անասունների նման է, որ մեռնում են: Ահա վախճանը նրա, ով վստահում է ինքն իրեն, ճակատագիրը նրա, ով սիրում է լսել սեփական ձայնը. երամակների նման ուղարկւում են դժոխք, մահն է լինելու նրանց հովիւը: Նրանց վրայ տիրելու են արդարները, նրանց կերպարանքն անհետանալու է դժոխքում՝ իրենց բնակավայրում. բայց Աստուած կ\'ազատի իմ կեանքը, ինձ կը խլի դժոխքի ձեռքից: Մի՛ վախեցիր, եթէ մարդ հարստանում է, եթէ աճում բազմանում է նրա տան ճոխութիւնը. երբ մեռնում է, ոչինչ չի տանում իր հետ, իր յոգնութիւնը չի իջնում իր հետ: Իր կեանքի ընթացքում օրհնում էր ինքն իրեն, նրան գովում էին անարգել վերընթացի համար. այժմ հասնում է իր հայրերի սերնդին, որոնք այլեւս երբեք չեն տեսնում լոյսը: Մարդը բարօրութեան մէջ չի հասկանում, անասունների նման է, որ մեռնում են:



Հմմտ. Մատթէոս 16, 26

Ի՞նչ օգուտ ունի մարդուն ամբողջ աշխարհը շահելը: Ի՞նչ կը տայ մարդն իր կեանքի փոխարէն:



Հմմտ. Ղուկաս 12, 15

Նոյնիսկ եթէ մէկը առատութեան մէջ է, իր կեանքը կախում չունի իր ունեցուածքներից: