Օրուայ խօսք



Սաղմոս 18, 2-7

Ես սիրում եմ Քեզ, Տէր, զօրութիւն իմ, Տէր, վէմ իմ, պաշտպանութիւն իմ, ազատարար իմ, Աստուած իմ, ժայռ՝ որի վրայ եմ ապաւինում, վահան իմ, փրկութեան իմ ուժ, յենարան իմ. բացականչեցի. «Օրհնեա՜լ է Տէրը», բոլոր թշնամիներիցս փրկուեցի: Մահուան կոհակները պաշարում էին ինձ, քշում տանում էին ինձ կատաղի յորձանքները. դժոխքի շղթաները պատում էին ինձ, մահուան ցանցերի որսն էի դարձել: Տրտմութեանս մէջ կանչեցի. «Տէ՜ր», աղաղակեցի իմ Աստծուն. Իր օթեւանից լսեց իմ ձայնը, Իր ականջներին հասաւ իմ աղաղակը:



Հմմտ. 1 Յովհաննէս 1, 9

Յիսուսի մասին գրուած է. «Եթէ խոստովանենք մեր մեղքերը, Նա կը մաքրի մեզ ամէն անարդարութիւնից»:



Հմմտ. Ղուկաս 15, 7

Երկնքում աւելի մեծ ուրախութիւն է լինելու դարձի եկող մի մեղաւորի համար, քան արդարների, որոնք դարձի գալու կարիք չունեն:



Ելից 4, 11-12

Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին։ Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս։ Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն՝ ինչ պէտք է ասել»։



Հմմտ. Յովհաննէս 8, 11

Յիսուսն ասաց. «Ես նոյնպէս չեմ դատապարտում քեզ, գնա՛ եւ այլեւս մի՛ մեղանչիր»:



Հմմտ. 1 Պետրոս 4, 8

Ձեր միջեւ բոցավառ սէր ունեցէք, որովհետեւ սէրը ծածկում է բազում յանցանքներ:



Մատթէոս 7, 7-11

Խնդրեցէք Աստծուց եւ Նա կը տայ ձեզ, փնտրեցէք եւ կը գտնէք, բախեցէք եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ ով որ ուզի, կը ստանայ, ով որ փնտրի, կը գտնի, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կը տայ նրան։ Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, ովքեր Նրանից խնդրում են։



Հմմտ. Հռոմէացիս 8, 1

Այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, ովքեր Քրիստոս Յիսուսի մէջ են:



Սաղմոս 31, 20-25

Աստուած իմ, որքա՜ն մեծ է Քո սէրը, այն վերապահում ես Քեզնից երկնչողներին, այն բաշխում ես բոլորի առաջ նրանց՝ ովքեր ապաւինում են Քեզ: Թաքցնում ես նրանց դէմքիդ ծածկոյթի ներքոյ, մարդկանց խարդախութիւններից հեռու. պատսպարում ես նրանց վրանիդ ներսում, լեզուների վիճաբանութիւններից հեռու: Օրհնեալ թող լինի Տէրը. Նրա սէրն ինձ համար հրաշքներ է գործում, նաեւ երբ քաղաքը պաշարուած է: Սարսափահար, ասում էի. «Բացառուած եմ Քո ներկայութիւնից». Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը, դէպի Քեզ ուղղուած աղաղակիս ձայնը: Սիրեցէ՛ք Տիրոջը, դուք՝ Իր բոլոր սրբեր, Տէրը պաշտպանում է Իրեն վստահողներին եւ լիաչափ հատուցում է հպարտին: Զօրեղ եղէք, ամրապնդեցէք ձեր սրտերը, դուք բոլորդ, որ յուսացել էք Տիրոջը:



Սաղմոս 31, 10-19

Ողորմիր ինձ, ո՜վ Տէր, նեղութեան մէջ եմ ես. վիշտը սպառում է աչքերս, կոկորդս ու աղիքներս: Կեանքս հանգչում է տրտմութեան մէջ, տարիներս՝ տառապանքի մէջ. պատժից տկարանում է իմ ուժը եւ մաշւում են իմ ոսկորները: Բոլոր հակառակորդներիս ծաղրի առարկան եմ, մինչեւ իսկ՝ ինձ մօտիկների. սարսափ եմ ազդում իմ ծանօթներին, ով տեսնում է ինձ՝ ինձնից խուսափում է. ինչպէս մի մեռեալ, սրտից մոռացուած, դարձել եմ թափուելիք աւելցուկ: Ես լսում եմ ամբոխի զրպարտութիւնները, ահ ու դող՝ չորսբոլորս. խորհուրդ են անում իմ դէմ, համաձայնւում են սպանել ինձ: Բայց ես վստահում եմ Քեզ, Տէր, ասում եմ Քեզ. «Աստուած իմ». իմ օրերը Քո ձեռքում են, թշնամիներից ու հալածիչներից ազատիր ինձ: Ծառայիդ յայտնիր Քո երեսը, փրկիր ինձ սիրոյդ համաձայն. Տէ՜ր, թող ես ամօթով չմնամ, քանի որ դէպի Քեզ աղաղակեցի: Ամօթով թող մնան չարագործները, դժոխքի լռութեան մէջ. թող համր մնան շրթունքները, որոնք բարկութեամբ, արհամարհանքով ու հպարտութեամբ զրպարտում են արդարին:



Սաղմոս 31, 2-9

Քեզ եմ, Տէր, ապաւինում, յաւիտեան ամօթով չմնամ. արդարութեամբդ ազատիր ինձ, լսիր եւ շտապիր ինձ օգնութեան: Իմ համար ապահով վէմ եղիր, ամուր մի վայր, որ փրկում է ինձ. իմ անառիկ ամրոցը Դու ես, Անուամբդ կողմնորոշիր ինձ ու առաջնորդիր: Դուրս հանիր ինձ վրաս նետուած ցանցից, քանի որ Դու ես իմ պատսպարանը. Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին, Դու ինձ փրկում ես, Տէր, հաւատարիմ Աստուած: Ես զազրում եմ կուռքերի ոչնչութիւնը պաշտողներից, եւ ընդհակառակն՝ հաւատում եմ Տիրոջը. ցնծալու եւ ուրախանալու եմ սիրոյդ մէջ: Դու, որ տեսնում ես իմ խոնարհեցումը եւ գիտես կեանքիս նեղութիւնները. չես յանձնի ինձ թշնամուս ձեռքը, բաց ու ընդարձակ վայրերում կ\'առաջնորդես քայլերս:



Մատթէոս 7, 1-5

Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով որ դատէք, նրանով էլ դատուելու էք. եւ ինչ չափով որ չափէք, նրանով էլ չափուելու է ձեր համար։ Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ Կեղծաւոր, նախ հանիր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։



Առակաց 1, 20-22

Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առաջ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։



Հմմտ. Գործք Առաքելոց 7, 59-60

Ստեփանոս Նախավկան աղօթում էր. «Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին եւ այս գործը նրանց համար մեղք մի՛ համարիր»:



Հմմտ. 1 Պետրոս 4, 19

Ով տառապում է Աստծոյ կամքի համաձայն, թող իր կեանքը վստահի հաւատարիմ Արարչին: