Օրուայ խօսք



Սաղմոս 22, 12-22

Աստուած, հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մօտ է, մէկը չկայ, որ օգնի ինձ. ցուլերի երամակներ շրջապատում են ինձ, պաշարում են ինձ Բասանի անսանձելիները. իմ դէմ բացում են իրենց երախները, առիւծի նման, որն յօշոտում ու մռնչում է: Հեղուած ջրի նման եմ ես, միմեանցից անջատուեցին բոլոր ոսկորներս, սիրտս հալուած մոմի նման է որովայնիս ներսում. կոկորդս չորացաւ խեցու նման, լեզուս քիմքիս է կպել. Դու ինձ մահուան փոշու ես վերածում: Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ, առիւծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ. ձեռքերս ու ոտքերս խոցեցին, կարող եմ հաշուել իմ բոլոր ոսկորները: Նրանք դիտում են ինձ ու զննում, միմեանց միջեւ բաժանում են հագուստներս, իսկ պատմուճանիս վրայ վիճակ են գցում: Բայց Դու, Տէր, մի՛ մնա հեռու, զօրութիւն իմ, շուտով հասիր ինձ օգնութեան. պահիր անձս սրից, կեանքս՝ շան ճիրաններից. փրկիր ինձ առիւծի երախից, գազազած ցուլերի եղջիւրներից:



Սաղմոս 22, 2-11

Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ: Դու հեռու ես մնում իմ փրկութիւնից, ողբաձայն աղաղակիս խօսքերից. Աստուած իմ, ցերեկով կանչում եմ եւ չես պատասխանում, գիշերն էլ ինձ համար հանգիստ չկայ: Եւ սակայն, Դու ես Սուրբը, եւ նախագահում ես Իսրայէլի օրհնութիւններին. Քեզ յուսացին մեր հայրերը, յուսացին եւ Դու փրկեցիր նրանց, դէպի Քեզ աղաղակեցին եւ փրկուեցին, Քեզ վստահելով՝ յուսախաբ չմնացին: Ինչ վերաբերւում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ, ժողովրդից արհամարհուած մարդկային նախատինք, ով տեսնում է ինձ, ծաղրում է, կծում է շրթունքները, շարժում է գլուխը. «Յուսաց Տիրոջը, թող Տէրն էլ ազատի, թող փրկի, եթէ դրան այդքան սիրում է»: Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից, հանգիստ շնորհեցիր մօրս կրծքի վրայ. հազիւ ծնուած՝ Քեզ եմ յանձնուել, մօրս արգանդից՝ Դու ես իմ Աստուածը:



Հմմտ. Յայտնութիւն 1, 7

Ահա գալիս է ամպերի վրայով եւ նրան տեսնելու են նաեւ նրանք՝ ովքեր խոցեցին նրան:



2 Օրինաց 30, 15-20

Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։ Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք, ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք [...] ։ Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը [...] ։



Հմմտ. Եբրայեցիս 2, 9

Մահուան պատճառով, որ կրեց, Յիսուսը պսակուած է փառքով ու պատուով:



Ղուկաս 24, 46

Գրուած է, որ Քրիստոսը պէտք է չարչարուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:



Ելից 23, 1-2

Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Յանձն մի՛ առ անիրաւ վկայ լինել յօգուտ անիրաւի։ Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով։



Յովհաննէս 17, 1

Հայր, փառաւորիր Որդուդ, որպէսզի Որդին փառաւորի Քեզ:



2 Օրինաց 31, 8

Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր։



Հմմտ. Փիլիպպեցիս 2, 8

Յիսուս Քրիստոսը խոնարհեցրեց իր անձը, հնազանդուելով մինչ ի մահ:



Սաղմոս 21, 2-14

Տէր, Քո զօրութեամբ ուրախանում է Մեսիա Թագաւորը, Քո պարգեւած փրկութեամբ՝ ցնծում է յոյժ. լսեցիր իր սրտի փափաքը, չմերժեցիր իր շուրթերի խնդրանքը: Առատ օրհնութիւններով ընդառաջ ես ելնում նրան, նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստուած թագ. կեանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տուիր նրան, օրերով երկար, յաւէտ, անվախճան: Պարգեւածդ փրկութեամբ՝ մեծ է նրա փառքը, Դու զգեստաւորում ես նրան փառքով ու մեծվայելչութեամբ. նրան օրհնութիւն ես դարձնում յաւէտ, երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախութեամբ: Տիրոջն է վստահում Մեսիա Թագաւորը, չի սասանուի Բարձրեալի շնորհի օգնութեամբ: Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ, աջդ հասնելու է Քեզ ատողներին. Դէմքիդ յայտնութեան օրը նրանց դնելու ես բոցավառ հնոցի մէջ: Զայրոյթիդ մէջ, Տէր, կը սպառես նրանց, մի լափող կրակ կը սպառի նրանց. երկրի երեսից կþանհետացնես նրանց պտուղը, նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից: Եթէ չարիք նիւթեն Քո դէմ, եթէ դաւադրեն, յաջողութիւն չեն գտնի. որովհետեւ նրանց փախուստի կը մատնես, նրանց դէմ կ\'ուղղես աղեղդ: Ոտքի կանգնիր, Տէր, ամբողջ ուժովդ. մենք օրհնութիւններ ենք երգում Քո զօրութեանը:



2 Օրինաց 32, 1-4

Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։ Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ, որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն, Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։



Հմմտ. 2 Թեսաղոնիկեցիս 2, 8

Տէրն Իր բերանի շնչով կործանելու է ամբարիշտներին, նրանց ոչնչացնելու է Իր գալստեան յայտնութեանը:



Ծննդոց 2, 18

Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի»։



1 Յովհաննէս 5, 11

Աստուած մեզ տուեց յաւիտենական կեանքը եւ այդ կեանքն Իր Որդու մէջ է: