Օրուայ խօսք



Հմմտ. Հռոմէացիս 8, 1

Այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, ովքեր Քրիստոս Յիսուսի մէջ են:



Սաղմոս 31, 20-25

Աստուած իմ, որքա՜ն մեծ է Քո սէրը, այն վերապահում ես Քեզնից երկնչողներին, այն բաշխում ես բոլորի առաջ նրանց՝ ովքեր ապաւինում են Քեզ: Թաքցնում ես նրանց դէմքիդ ծածկոյթի ներքոյ, մարդկանց խարդախութիւններից հեռու. պատսպարում ես նրանց վրանիդ ներսում, լեզուների վիճաբանութիւններից հեռու: Օրհնեալ թող լինի Տէրը. Նրա սէրն ինձ համար հրաշքներ է գործում, նաեւ երբ քաղաքը պաշարուած է: Սարսափահար, ասում էի. «Բացառուած եմ Քո ներկայութիւնից». Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը, դէպի Քեզ ուղղուած աղաղակիս ձայնը: Սիրեցէ՛ք Տիրոջը, դուք՝ Իր բոլոր սրբեր, Տէրը պաշտպանում է Իրեն վստահողներին եւ լիաչափ հատուցում է հպարտին: Զօրեղ եղէք, ամրապնդեցէք ձեր սրտերը, դուք բոլորդ, որ յուսացել էք Տիրոջը:



Սաղմոս 31, 10-19

Ողորմիր ինձ, ո՜վ Տէր, նեղութեան մէջ եմ ես. վիշտը սպառում է աչքերս, կոկորդս ու աղիքներս: Կեանքս հանգչում է տրտմութեան մէջ, տարիներս՝ տառապանքի մէջ. պատժից տկարանում է իմ ուժը եւ մաշւում են իմ ոսկորները: Բոլոր հակառակորդներիս ծաղրի առարկան եմ, մինչեւ իսկ՝ ինձ մօտիկների. սարսափ եմ ազդում իմ ծանօթներին, ով տեսնում է ինձ՝ ինձնից խուսափում է. ինչպէս մի մեռեալ, սրտից մոռացուած, դարձել եմ թափուելիք աւելցուկ: Ես լսում եմ ամբոխի զրպարտութիւնները, ահ ու դող՝ չորսբոլորս. խորհուրդ են անում իմ դէմ, համաձայնւում են սպանել ինձ: Բայց ես վստահում եմ Քեզ, Տէր, ասում եմ Քեզ. «Աստուած իմ». իմ օրերը Քո ձեռքում են, թշնամիներից ու հալածիչներից ազատիր ինձ: Ծառայիդ յայտնիր Քո երեսը, փրկիր ինձ սիրոյդ համաձայն. Տէ՜ր, թող ես ամօթով չմնամ, քանի որ դէպի Քեզ աղաղակեցի: Ամօթով թող մնան չարագործները, դժոխքի լռութեան մէջ. թող համր մնան շրթունքները, որոնք բարկութեամբ, արհամարհանքով ու հպարտութեամբ զրպարտում են արդարին:



Սաղմոս 31, 2-9

Քեզ եմ, Տէր, ապաւինում, յաւիտեան ամօթով չմնամ. արդարութեամբդ ազատիր ինձ, լսիր եւ շտապիր ինձ օգնութեան: Իմ համար ապահով վէմ եղիր, ամուր մի վայր, որ փրկում է ինձ. իմ անառիկ ամրոցը Դու ես, Անուամբդ կողմնորոշիր ինձ ու առաջնորդիր: Դուրս հանիր ինձ վրաս նետուած ցանցից, քանի որ Դու ես իմ պատսպարանը. Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին, Դու ինձ փրկում ես, Տէր, հաւատարիմ Աստուած: Ես զազրում եմ կուռքերի ոչնչութիւնը պաշտողներից, եւ ընդհակառակն՝ հաւատում եմ Տիրոջը. ցնծալու եւ ուրախանալու եմ սիրոյդ մէջ: Դու, որ տեսնում ես իմ խոնարհեցումը եւ գիտես կեանքիս նեղութիւնները. չես յանձնի ինձ թշնամուս ձեռքը, բաց ու ընդարձակ վայրերում կ\'առաջնորդես քայլերս:



Մատթէոս 7, 1-5

Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով որ դատէք, նրանով էլ դատուելու էք. եւ ինչ չափով որ չափէք, նրանով էլ չափուելու է ձեր համար։ Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ Կեղծաւոր, նախ հանիր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։



Առակաց 1, 20-22

Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առաջ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։



Հմմտ. Գործք Առաքելոց 7, 59-60

Ստեփանոս Նախավկան աղօթում էր. «Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին եւ այս գործը նրանց համար մեղք մի՛ համարիր»:



Հմմտ. 1 Պետրոս 4, 19

Ով տառապում է Աստծոյ կամքի համաձայն, թող իր կեանքը վստահի հաւատարիմ Արարչին:



Սաղմոս 30, 2-13

Մեծարում եմ Քեզ, Տէր, կրկին ոտքի կանգնեցրիր ինձ, չթոյլատրեցիր, որ ցնծան թշնամիներս. երբ դէպի Քեզ աղաղակեցի, Տէր, Դու բժշկեցիր ինձ, Աստուած իմ եւ Տէր. դժոխքից դուրս հանեցիր իմ կեանքը, ինձ կրկին կեանք շնորհեցիր, գերեզման իջածների մէջ: Օրհնութիւններ երգեցէք Տիրոջը, Նրա հաւատացեալներ, երախտագիտութիւն մատուցէք՝ յիշելով Իր սուրբ Անունը. Նրա բարկութիւնը մի պահ է տեւում, Նրա սէրը տեւում է ամբողջ կեանքով մէկ. եթէ երեկոյեան հիւր է եկել վիշտը, առաւօտեան պոռթկում է ուրախութիւնը: Ասում էի բարօրութեանս օրերում. «Ոչինչ ինձ չի սասանի», որովհետեւ բարեացակամութեանդ համաձայն, Տէր, լեռան նման հաստատուն էիր դարձրել ինձ. բայց երբ թաքցրիր ինձնից երեսդ, սարսափը տիրեց ինձ: Դէպի Քեզ աղաղակեցի, Տէր, իմ Տիրոջից խնդրեցի ողորմութիւն. «Քո համար ի՞նչ օգուտ ունի իմ մահը, եթէ ես իջնեմ փոսի մէջ. մի՞թէ փոշին կարող է շնորհակալ լինել Քեզ, մի՞թէ կարող է պատմել հաւատարմութիւնդ. ունկն դիր, Տէր, ողորմիր ինձ, Տէր, օգնութեան հասիր ինձ»: Դու իմ ողբը պարի փոխեցիր, սուգի զգեստս՝ տօնական հանդերձանքի. այս իսկ պատճառով, ներաշխարհս լուռ չի մնում եւ երգում է Քեզ, Տէր Աստուած իմ, յաւիտեան շնորհակալ եմ լինելու Քեզնից:



Հմմտ. Յովհաննէս 20, 20

Յարութիւնից յետոյ «Յիսուսը նրանց ցոյց տուեց իր ձեռքերն ու կողը, եւ աշակերտներն ուրախացան՝ տեսնելով Տիրոջը»:



2 Օրինաց 27, 15-25

Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հայրական կամ մայրական կողմից իր քրոջ հետ։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար։ [...] Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում։



Հմմտ. Յովհաննէս 16, 20

Յիսուսն ասում է. «Դուք արտասուելու էք, մինչ աշխարհն ուրախանալու է. բայց ձեր վիշտը փոխուելու է ցնծութեան»:



Յովհաննէս 11, 25

Յիսուսն ասում է. «Նա՝ ով հաւատում է ինձ, նոյնիսկ եթէ մահանայ՝ կ\'ապրի»:



Ղեւտացւոց 19, 1-3

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. \'\'Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից\'\'»։



Հմմտ. 1 Պետրոս 5, 10

Աստուած Ինքը, կարճատեւ տառապանքից յետոյ կը հաստատի ձեզ, կը զօրացնի եւ անսասան կը դարձնի ձեզ: