Օրուայ խօսք



Հմմտ. Յայտնութիւն 1, 18

Յիսուսն ասում է. «Ես մեռած էի, բայց այժմ ապրում եմ յաւէտ, եւ ունեմ մահուան եւ դժոխքի բանալիները»:



Սաղմոս 29, 1-11

Մատուցէք Տիրոջը, Աստծոյ որդիներ, մատուցէք Տիրոջը փառք եւ զօրութիւն. մատուցէք Տիրոջն Իր Անուան փառքը, երկրպագեցէք Տիրոջն Իր Սրբութեան վայրում: Տիրոջ ձայնը ջրերի վրայ է, փառքի Աստուածը որոտաց, Տէրը, հեղեղային ջրերի վրայ: Տիրոջ ձայնը հզօր է, Տիրոջ ձայնը փառաւոր է, Տիրոջ ձայնը փշրում է մայրիները: Տէրը փշրում է Լիբանանի մայրիները, Հորթի նման ցատկոտել է տալիս Լիբանանին, երիտասարդ գոմէշի նման՝ Սիրիոնին: Տիրոջ ձայնը առաքում է կրակի լեզուներ, Տիրոջ ձայնը դղրդացնում է անապատը, Տէրը ցնցում է անապատը Քադէսի: Տիրոջ ձայնը սասանում է կաղնիները, մերկացնում է մինչեւ իսկ ծաւալուն անտառները. Նրա օթեւանում ամէն բան աղաղակում է. «Փա՜ռք»: Տէրն իշխում է փոթորիկին, Տէրը բազմում է Թագաւոր ընդմիշտ. Տէրը զօրութիւն է տալիս Իր ժողովրդին, Տէրն օրհնում է Իր ժողովրդին խաղաղութեամբ:



Մատթէոս 6, 25-34

Ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ ո՛չ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ էք հագնելու։ Չէ՞ որ կեանքն աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը։ Նայեցէք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով մէկ կանգուն աւելացնել իր հասակի վրայ։ Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգ անում։ Նայեցէք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փաջքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։ Իսկ եթէ դաշտի խոտին, որն այսօր կայ, իսկ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատներ։ Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք, ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, քանի որ հեթանոսներն են այդ բաները որոնում։ Քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցէք Աստծոյ Արքայութիւնը եւ Նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ կը տայ աւելիով։ Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար։



Սաղմոս 19, 2-7

Երկինքը պատմում է Աստծոյ փառքը, հաստատութիւնը հռչակում է Նրա ձեռքերի գործը. օրը օրուան փոխանցում է նրա պատգամը, գիշերը գիշերուան աւանդում է նրա գիտութիւնը: Առանց՝ որ խօսեն, առանց՝ որ արտասանեն, առանց՝ որ հնչի նրանց ձայնը, նրանց պատգամը տարածւում է երկրով մէկ, նրանց խօսքը՝ մինչեւ աշխարհի ծայրերը: Այնտեղ վրան դրեց արեւի համար, որը դուրս է գալիս՝ ինչպէս փեսան առագաստից, պայծառատեսք քաջ մարտիկ, որն անցնում է իր ճանապարհը երկնքի մի ծայրից ծագելով, հասնելու համար միւս ծայրին, մինչ ոչ ոք չի կարող խուսափել իր ջերմութիւնից:



Հմմտ. Յովհաննէս 12, 50

Ես գիտեմ, որ Հօր պատուիրանը յաւիտենական կեանք է:



Հմմտ. Հռոմէացիս 8, 2

Կեանք տուող Հոգու օրէնքը ազատեց քեզ մեղքի օրէնքից:



Հմմտ. Մատթէոս 11, 25

Հոգեւոր իմաստութիւնը Աստուած թաքցրեց աշխարհի իմաստուններից եւ յայտնեց մանուկներին:



Առակաց 1, 18-19

Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ Դա՛ է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։



Սաղմոս 28, 6-9

Թող օրհնեալ լինի Տէրը, լսեց իմ աղաչանքի ձայնը. Տէրն իմ ուժն է ու իմ պաշտպանութիւնը, սիրտս Նրան է վստահում. օգնեց ինձ, ցնծում է սիրտս, եւ ես երգովս շնորհակալութիւն եմ Նրան յայտնում: Տէրն Իր ժողովրդի զօրութիւնն է, փրկութեան ապաստան՝ Իր Մեսիայի համար. փրկիր Քո ժողովուրդը, օրհնիր Քո ժառանգութիւնը, հովուիր եւ թիկունք կանգնիր նրան յաւիտեան:



Սաղմոս 28, 1-5

Դէպի Քեզ եմ աղաղակում, Տէր, վէմ իմ, մի՛ լռիր ինձ հետ. որովհետեւ եթէ Դու լուռ մնաս, փոսի մէջ կ\'իջնեմ ես: Լսիր իմ աղաչանքի ձայնը, երբ կանչում եմ Քեզ, երբ ձեռքերս բարձրացնում եմ դէպի Քո սուրբ Տաճարը: Դուրս մի՛ նետիր ինձ ամբարիշտների հետ, չարագործների հետ միասին. նրանք ասում են «խաղաղութի՜ւն» իրենց մերձաւորին, բայց չարութեամբ՝ իրենց սրտերից ներս: Հատուցիր նրանց ըստ իրենց գործերի, իրենց չարասիրտ վարքի համաձայն. հատուցիր նրանց ըստ իրենց ձեռքերի գործի, տո՛ւր նրանց վարձը: Չեն հասկանում Տիրոջ միջամտութիւնները, գործերը Նրա ձեռքերի. բայց Նա կործանելու է նրանց մինչեւ երկիր, նրանց այլեւս երբեք ոտքի չի կանգնեցնելու:



Առակաց 1, 8-11

Լսի՛ր, որդեակ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ Որդեակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, եւ հաւանութիւն չտաս նրանց մտքերին։



Հմմտ. Յայտնութիւն 22, 12

Յիսուսն ասում է. «Ես գալիս եմ շուտով, բերելով իմ վարձատրութիւնը, հատուցելու համար իւրաքանչիւրին ըստ իր գործերի»:



Հմմտ. Մատթէոս 16, 27

Յիսուսի մասին գրուած է. «Մարդու Որդին շուտով գալու է փառքով եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ իր գործերի»:



Սաղմոս 27, 7-14

Տէր, լսիր իմ ձայնը. ես աղաղակում եմ ողորմիր ինձ, պատասխանիր, սիրտս ինձ կրկնում է Քո հրաւէրը. «Փնտռեցէք իմ երեսը». Քո երեսն եմ, Տէր, ես փնտռում. ինձնից մի՛ թաքցրու Քո երեսը: Զայրոյթիդ մէջ մի՛ մերժիր ծառայիդ, Դու ես իմ օգնականը. մի՛ թող ինձ, մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստուած, փրկութիւն իմ. եթէ հայրս ու մայրս լքեն ինձ, Տէրը կ\'ընդունի ինձ: Ցոյց տուր ինձ Քո ճանապարհը, Տէր, եւ առաջնորդիր ինձ արդար ճանապարհով. մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ցանկութիւններին, անարդար վկաներ դուրս ելան իմ դէմ, անարդարութիւնը ստեց ինքն իրեն: Ես հաւատում եմ, որ տեսնելու եմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում. յուսա՛ Տիրոջը, ուժեղ եղիր, ամրապնդիր սիրտդ, յուսա՛ Տիրոջը:



Սաղմոս 27, 1-6

Տէրն իմ լոյսն է եւ իմ փրկութիւնը, ումի՞ց պիտի վախենամ. Տէրն իմ կեանքի զօրութիւնն է, ումի՞ց պիտի սարսափ զգամ: Եթէ չարագործներն հարձակուեն իմ դէմ, յօշոտելու համար մարմինս, թշնամիներն ու հակառակորդներն իրենք իսկ կը սայթաքեն ու կ\'ընկնեն: Եթէ իմ դէմ պատերազմի պատրաստուի մի բանակ, իմ սիրտը չի վախենում. եթէ իմ դէմ սկսուի մի ճակատամարտ, այդ ժամանակ նոյնպէս՝ ես վստահ եմ: Միայն մի բան խնդրեցի Տիրոջից, միայն այս բանն եմ ես փափաքում. բնակուել Տիրոջ տանը կեանքիս բոլոր օրերում, տեսնել Տիրոջ գեղեցկութիւնը եւ փնտռել Նրա ներկայութիւնը: Իր օթեւանում ապաստան է շնորհում ինձ չար օրերում. Իր վրանի գաղտնարաններում թաքցնում է ինձ, բարձրացնում է ինձ ժայռի վրայ: Իսկ այժմ, Նա կրկին բարձրացնում է իմ գլուխը թշնամիների վրայ, որոնք պաշարում են ինձ. գնալու եմ Իր վրանում մատուցելու ցնծութեան զոհը, օրհնութեան մեղեդիներով երգելու եմ Տիրոջը: