Օրուայ խօսք



Մատթէոս 16, 18

Առաքեալների հաւատքի մասին Յիսուսն ասում է. «Այս ժայռի վրայ կը կառուցեմ իմ Եկեղեցին եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան»:



Առակաց 3, 3-5

Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ Տիրոջ ու մարդկանց առաջ խորհիր բարու մասին։ Ամբողջ սրտով յոյսդ դիր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր իմաստութեամբդ։



Սաղմոս 47, 2-10

Ծափահարեցէք, ժողովուրդներ բոլոր, աղաղակեցէք առ Աստուած ուրախութեան ձայնով. որովհետեւ Տէրը Բարձրեալն է, Ահարկուն, ամբողջ երկրի մեծ Թագաւորը: Ժողովուրդներին ենթարկում է մեզ, հեթանոսներին՝ մեր ոտքերի ներքոյ. Մեր համար ընտրում է մեր ժառանգութիւնը, Յակոբի պանծանքը, որին Նա սիրում է: Համբառնում է Աստուած աղաղակների ուղեկցութեամբ, Տէրը՝ եղջիւրի հնչմամբ. սաղմոս ասացէք մեր Աստծոյ համար, սաղմոս ասացէք, սաղմոս ասացէք մեր Թագաւորի համար, սաղմոս ասացէք: Աստուած ամբողջ երկրի Թագաւորն է, սաղմոս ասացէք Նրան իմաստութեամբ. Աստուած թագաւորում է բոլոր հեթանոսների վրայ, Աստուած բազմում է սրբութեան Իր գահի վրայ: Ժողովուրդների գլխաւորները հաւաքւում են, ահա՛ Աբրահամի Աստծոյ ժողովուրդը. Աստծուն է պատկանում երկրի իշխանութիւնը, Նա Բարձրեալն է բոլորի վրայ:



Յայտնութիւն 5, 13

Հայր Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի մասին գրուած է. «Նրան, որ նստում է գահի վրայ, եւ Գառանը գովք, պատիւ, փառք եւ իշխանութիւն»:



Ղեւտացւոց 19, 11-13

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի։ Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծոյ անունը մի՛ պղծէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր։ Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քոյ մօտ չմնայ»։



Հմմտ. Եփեսացիս 4, 6

Միայն մէկ Աստուած, բոլորի Հայրը, գերիվեր է բոլորից եւ բոլորի մէջ է:



Յովհաննէս 20, 17

Յիսուսն ասում է. «Համբառնում եմ իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստծոյ մօտ եւ ձեր Աստծոյ մօտ»:



Սաղմոս 46, 2-12

Աստուած մեր համար ապաւէն է եւ ուժ, տրտմութեան ժամանակ միշտ մօտիկ օգնութիւն. այս իսկ պատճառով, չենք վախենում, եթէ երկիրը խռովւում է, եթէ լեռները փլուզւում են մինչեւ ծովի անդունդները. նոյնիսկ եթէ նրա ջրերն ուռչում են ու յորդում, եթէ փոթորկի ժամանակ դողում են լեռները: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը: Մի գետ իր վտակներով ուրախացնում է Աստծոյ քաղաքը, Բարձրեալի սուրբ բնակավայրը. Աստուած նրանում է, չի կարող սասանուել, Աստուած կ\'օգնի նրան առաւօտից մինչեւ առաւօտ. եթէ հեթանոսները խռովւում են եւ թագաւորութիւնները սասանւում, Նրա ձայնը հնչում է եւ երկիրը վրդովւում: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը: Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, Նա է, որ զարմանքով լցնում է երկիրը. դադարեցնում է պատերազմները մինչեւ աշխարհի ծայրերը, նետերն ու աղեղները կոտրում եւ այրում է վահանները. «Կանգ առէք եւ իմացէք, որ ես եմ Աստուած, բարձրեալ՝ հեթանոսների մէջ, բարձրեալ՝ երկրի վրայ»: Զօրութիւնների Տէրը միշտ մեր հետ է, մեր ապաւէնն է Յակոբի Աստուածը:



Մատթէոս 28, 20

Յիսուսն ասում է. «Ահա ես ձեր հետ եմ ամէն օր, մինչեւ աշխարհի վախճանը»:



Հմմտ. Եփեսացիս 2, 14

Քրիստոս Յիսուսը մեր խաղաղութիւնն է, Նա՝ որ երկուսին միայն մէկ դարձրեց:



Սաղմոս 45, 2-18

Սրտիցս բխում են գեղեցկութեան խօսքեր, Մեսիա Թագաւորի առաջ երգում եմ իմ բանաստեղծութիւնը. լեզուս նման է արագ գրագրի գրչին: «Մարդկանց որդիների մէջ ամենագեղեցիկն ես Դու, Քո շրթունքներից հեղւում է շնորհ, որովհետեւ Աստուած յաւիտեան օրհնեց Քեզ: Ո՜վ հզօր, գօտեպնդուիր սրով, փառքով ու վայելչութեամբ յառաջացիր ու յաղթանակիր, նժոյգիդ հեծիր՝ ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան համար: Քո աջը սովորեցնի քեզ հրաշալի գործեր, Քո առաջ, նետերիդ հարուածներով, ընկնեն հեթանոսները, Մեսիա Թագաւորի թշնամիները, սրտից խոցուած: Քո գահը, ո՜վ Աստուած, տեւում է ընդմիշտ, յաւիտեան, արքայութեանդ գաւազանը արդարութեան գաւազան է, Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում՝ անօրէնութիւնը: Այս իսկ պատճառով օծեց քեզ, Աստուած, Քո Աստուածը, բերկրանքի օծմամբ նախընտրեց Քեզ Քո ընկերներից, զգեստներդ ամբողջ միւռոն, ալոէ ու կասիայ են բուրում: Փղոսկրեայ պալատներում ուրախացնում են Քեզ համերգները, նախասիրեալներիդ մէջ կան թագաւորների դստրեր. Քո աջին կանգնած է Կինը, Օֆիրի ոսկիներով զարդարուած»: «Լսիր, ո՜վ դուստր, նայիր եւ ականջ դիր. մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը, որովհետեւ Մեսիա Թագաւորը ցանկացել է քո գեղեցկութիւնը: Նա է քո Տէրը, ո՜վ դուստր Տիւրոսի, երկրպագիր Նրան եւ ժողովրդի մեծամեծները ընծաներով կը խնդրեն քո ժպիտը»: Ահա, թագաւորի դուստրը մտնում է իր փառքի մէջ, ոսկեհիւս կտաւներով հանդերձաւորուած. այլեւս պատրաստ՝ առաջնորդւում է Մեսիա Թագաւորի առաջ: Իր կոյս ընկերուհիներն իր ետեւից շքախումբ են կազմում, երգով եւ ուրախութեամբ ընկերանում են նրան մինչեւ Քո մօտ, տօնակատարութեամբ մտնում են արքայական յարկից ներս: «Հայրերիդ փոխարէն կը լինեն քեզ որդիներ, նրանց իշխաններ կը կարգես ամբողջ երկրի վրայ. սերնդէ սերունդ յիշել կը տամ անունդ, ժողովուրդներն յաւիտեանս յաւիտենից օրհնելու են քեզ»:



Հմմտ. Եփեսացիս 5, 25.27

Քրիստոսը սիրեց Եկեղեցուն եւ նրա համար նուիրեց Իր Անձը, որպէսզի Իր առջեւ կանգնեցնի ամբողջովին փառքով պատուած:



Հմմտ. Յայտնութիւն 19, 7-8

Յաւիտենական կեանքի մասին գրուած է. «Ահա, հասել է Գառան հարսանիքի օրը. Նրա հարսը պատրաստ է, փառահեղ զգեստներ հագած»:



2 Օրինաց 22, 5

Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը։



2 Կորնթացիս 11, 2

Քրիստոնեաների մասին գրուած է. «Նշանեցի ձեզ մէկ միակ փեսայի, ներկայացնելու համար ձեզ Քրիստոսին որպէս անարատ կոյսեր»: