Օրուայ խօսք



Եբրայեցիս 1, 8

Յիսուսի մասին գրուած է. «Քո աթոռն, ո՜վ Աստուած, յաւիտեանս յաւիտենից է»:



Սաղմոս 44, 2-27

Ո՜վ Աստուած, մեր ականջները լսեցին, մեր հայրերը պատմեցին մեզ գործերը, որոնք Դու կատարեցիր նրանց օրոք, հին ժամանակներում: Քո ձեռքով գահընկէց արեցիր հեթանոսներին, եւ նրանք կարողացան բնակուել այնտեղ. ետ մղեցիր բազմաթիւ ժողովուրդներ, եւ նրանք կարողացան տարածուել: Նրանց սուրը չէ, որ գրաւեց երկիրը, նրանց բազուկը չէ, որ փրկեց նրանց. այլ Դու Ինքդ էիր, Քո բազկով ու Քո աջով, Քո Դէմքի լոյսով, որովհետեւ սիրում էիր նրանց: Դու ես իմ Թագաւորը, ո՜վ Աստուած, Դու վճռում ես Յակոբի փրկութիւնը. Քո հետ կը յաղթենք հակառակորդներին, Քո Անունով կը ջախջախենք յարձակուողներին: Զէնքերին չէ, որ յուսացել եմ, սուրս չի կարող ինձ փրկութիւն պարգեւել. միայն Դու կը փրկես մեզ մեր հարստահարիչներից եւ ամօթով կը պատես մեր թշնամիներին. ամէն ժամանակ Աստուած մեր օրհնութիւնն է, անդադար փառաբանում ենք Քո Անունը: Բայց այժմ մերժում ես մեզ ու խոնարհեցնում, ճակատամարտի դուրս չես գալիս մեր զօրքերի հետ. փախստական ես դարձնում մեզ հակառակորդի առջեւ, մեր ունեցուածքներն յափշտակում են մեր թշնամիները: Գառների նման մեզ յանձնում ես սպանդի, ցրում ես մեզ հեթանոսների մէջ. Դու ոչինչ գնով վաճառում ես Քո ժողովուրդը, այդպիսի գնով Դու ոչինչ չես շահում: Մեզ ենթարկում ես մեր հարեւանների ծաղրանքին, սահմանակիցների հեգնանքին ու նախատինքին. առակ ես դարձնում մեզ հեթանոսների համար, օտարականները թափ են տալիս գլուխները: Ամբողջ օրն առջեւս նախատինք է, ամօթը ծածկում է երեսս, լսելով նրան՝ ով նախատում ու հայհոյում է, տեսնելով թշնամուն, որ վրէժխնդրութիւն է տենչում: Այս ամէնը թափուեց մեր գլխին, բայց մենք Քեզ չէինք մոռացել, Քո Ուխտը մենք չէինք խախտել: Մեր սիրտը ետ չէր դարձել, մեր քայլերը չէին շեղուել Քո արահետներից. բայց այժմ Դու նետում ես մեզ բորենիների մէջ, մահուան ստուերով ծածկում ես մեզ: Եթէ մոռացած լինէինք մեր Աստծոյ Անունը, եթէ մեր ձեռքերը ուղղած լինէինք մի օտար աստծոյ. մի՞թէ Աստուած չէր բացայայտի դա, Նա՝ որ ճանաչում է սրտի գաղտնիքները. բայց Քո համար է, որ սպանւում ենք ամէն օր, սպանդի սահմանուած գառներ են համարում մեզ: Արթնացի՛ր, Տէր, ինչո՞ւ ես ննջում, ոտքի կանգնիր, մեզ մի՛ մերժիր ընդմիշտ. ինչո՞ւ ես թաքցնում Քո դէմքը, մոռանում մեզ, որ խոնարհեցուած ենք ու հարստահարուած: Ընկել ենք գետին, բերաններս լցուել են փոշով, մեր որովայնը կցուել է հողին. ոտքի կանգնիր, հասիր մեզ օգնութեան, ազատիր մեզ յանուն Քո սիրոյ:



Հմմտ. Հռոմէացիս 7, 4

Մահուան ենթարկուեցիք ընդմէջ Քրիստոսի մարմնի, պատկանելու համար Նրան՝ ով յարութիւն է առել մեռելներից:



Ղեւտացւոց 19, 14

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Համրին մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը»։



Ղուկաս 21, 17-18

Բոլորի կողմից ատուելու էք իմ Անուան պատճառով, բայց ձեր գլխի մազերից մէկն անգամ չի կորչելու:



Հմմտ. Հռոմէացիս 8, 37

Բոլոր փորձութիւններում առաւել քան յաղթական ենք, շնորհիւ Նրա՝ ով սիրեց մեզ:



Սաղմոս 43, 1-5

Դատիր ինձ, ո՜վ Աստուած, պաշտպանիր դատս ընդդէմ անհաւատ ժողովրդի. խաբեբայ մարդուց ազատիր ինձ, նրանից՝ ով դաւաճանում է: Դու ես, ո՜վ Աստուած, իմ ապաւէնը, ինչո՞ւ ես մերժում ինձ. ինչո՞ւ եմ տրտում քայլում թշնամուց չարչարուած: Առաքիր Քո լոյսն ու ճշմարտութիւնը, նրանք թող առաջնորդեն ինձ. կ\'առաջնորդեն ինձ դէպի Սրբութեանդ լեռը, դէպի Քո օթեւանները: Եւ կը գամ Աստծոյ խորանի առաջ, իմ ուրախութեան Աստծոյ դիմաց. Քո համար կ\'երգեմ իմ տաւիղով, ո՜վ Աստուած, Աստուած իմ: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ դէմքը փրկութիւն է:



Հմմտ. Յովհաննէս 12, 46

Յիսուսն ասում է. «Որպէս լոյս եմ եկել աշխարհ, որպէսզի ով հաւատայ ինձ՝ խաւարի մէջ չմնայ»:



Հմմտ. Գործք Առաքելոց 14, 22

Բազում նեղութիւնների միջով է հարկաւոր անցնել՝ Աստծոյ արքայութիւն մտնելու համար:



Սաղմոս 42, 2-12

Ինչպէս եղջերուն փափաքում է ջրի վտակներին, այնպէս էլ հոգիս փափաքում է Քեզ, ո՜վ Աստուած: Հոգիս ծարաւի է Աստծուն, կենդանի Աստծուն, ե՞րբ եմ գալու՝ տեսնելու Աստծոյ Դէմքը: Օր ու գիշեր ուրիշ հաց չունեմ, արցունքներից բացի, մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ. «Ո՞ւր է քո Աստուածը»: Մտաբերում եմ անցեալ ժամանակները, յուզուելու աստիճան. երբ դռներից ներս էի մտնում մինչեւ Աստծոյ տունը, տօնակատար ամբոխի ուրախ երգերով եւ շնորհակալութեան տաղերով շրջապատուած: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ Դէմքը փրկութիւն է: Հոգիս ինձնում խռովուած է եւ յիշում եմ Քեզ, Յորդանանի երկրից ու Հերմոնից, իմ խոնարհ փոքրիկ բլրակից: Անդունդը կանչում է անդունդին, ջրվէժների շառաչով. բոլոր յորձանքներդ ու ալիքներդ խուժում, ողողում են անձս: Տէրը պարգեւում է ինձ Իր շնորհը օրուայ ընթացքում. գիշերը աղօթքս երգում է Նրան, իմ կեանքի Աստուածն է: Ասում եմ Աստծուն. «Վէմ իմ, ինչո՞ւ ես ինձ մոռանում, ինչո՞ւ եմ թշնամուց չարչարուած ես տրտում քայլում»: Մահացու վիրաւոր եմ մինչեւ ոսկորներս, հակառակորդներս նախատում են ինձ, մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թէ. «Ո՞ւր է քո Աստուածը»: Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովուած. յուսա՛ Աստծուն, դեռ կը կարողանամ օրհնել Նրան. Աստծոյ դէմքը փրկութիւն է:



Հմմտ. 2 Կորնթացիս 5, 7

Մենք ընթանում ենք հաւատքի մէջ, եւ ո՛չ տակաւին՝ տեսութեան:



Հմմտ. Յայտնութիւն 22, 17

Յիսուսն ասում է. «Ով ծարաւի է, թող գայ, ձրիօրէն վերցնի կեանքի ջուրը»:



Ղեւտացւոց 19, 9-10

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք։ Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։



Հմմտ. Յովհաննէս 7, 37-38

Յիսուսն ասում է. «Ով ծարաւի է, թող գայ իմ մօտ եւ խմի. կենդանի ջրերի գետեր կը բխեն նրանում»:



2 Կորնթացիս 5, 6

Քանի դեռ ապրում ենք այս մարմնում, աքսորի մէջ ենք, Տիրոջից հեռու: