Օրուայ խօսք



2 Օրինաց 30, 8-14

Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։ Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել, եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ։ Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։ Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք», ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք»։ Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։



Հմմտ. Յովհաննէս 10, 14

Յիսուսն ասում է. «Ես եմ բարի հովիւը, ճանաչում եմ իմ ոչխարներին»:



Ելից 23, 6-9

Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է։ Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից։ Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին։ Մեղաւորին կաշառուելով չարդարացնես։ Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը։ Պանդուխտին մի՛ ճնշիր։



Հմմտ. Յայտնութիւն 7, 17

Եւ Գառը լինելու է նրանց հովիւը, առաջնորդելու է նրանց դէպի կեանքի ջրերի աղբիւրները:



Սաղմոս 22, 23-32

Աստուած իմ, Դու պատասխանեցիր ինձ. Անունդ աւետարանելու եմ եղբայրներիս, հաւաքներում օրհնաբանելու եմ Քեզ: Օրհնեցէք Տիրոջը, Նրա երկիւղածներ, փառաւորեցէք Նրան, Յակոբի ժառանգներ, երկնչէք Նրանից, Իսրայէլի որդիներ: Որովհետեւ Նա չանարգեց, ո՛չ էլ արհամարհեց խոնարհի նուաստացումը. նրանից չթաքցրեց Իր երեսը, երբ Իրեն դիմեց, լսեց նրա ձայնը: Մեծ հաւաքում Դու ներշնչում ես իմ օրհնութիւնը, երկիւղածներիդ առաջ պահպանում եմ երդումները. աղքատներն ուտելու են ու յագենալու, ով փնտռում է Տիրոջը, Նրան գովելու է. «Ձեր սիրտը երբեք թող չվհատուի»: Երկրի բոլոր ծագերն յիշելու են եւ վերադառնալու են Տիրոջ մօտ. Նրա առաջ երկրպագելու են ժողովուրդների բազմաթիւ տոհմերը. Տիրոջն է պատկանում արքայութիւնը, Նա է իշխում ժողովուրդների վրայ: Նրա առաջ երկրպագելու են հողի տակ ննջողները, Նրա առաջ խոնարհուելու են՝ ովքեր իջնում են փոշու մէջ: Իսկ ես ապրելու եմ Նրա համար, Նրան ծառայելու է իմ սերունդը: Գալիք սերնդին պատմուելու է Տիրոջ մասին. աւետարանելու են Նրա արդարութիւնը, ժողովրդին, որ ծնուելու է, ասելու են. «Ահա Տիրոջ գործը»:



Սաղմոս 22, 12-22

Աստուած, հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մօտ է, մէկը չկայ, որ օգնի ինձ. ցուլերի երամակներ շրջապատում են ինձ, պաշարում են ինձ Բասանի անսանձելիները. իմ դէմ բացում են իրենց երախները, առիւծի նման, որն յօշոտում ու մռնչում է: Հեղուած ջրի նման եմ ես, միմեանցից անջատուեցին բոլոր ոսկորներս, սիրտս հալուած մոմի նման է որովայնիս ներսում. կոկորդս չորացաւ խեցու նման, լեզուս քիմքիս է կպել. Դու ինձ մահուան փոշու ես վերածում: Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ, առիւծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ. ձեռքերս ու ոտքերս խոցեցին, կարող եմ հաշուել իմ բոլոր ոսկորները: Նրանք դիտում են ինձ ու զննում, միմեանց միջեւ բաժանում են հագուստներս, իսկ պատմուճանիս վրայ վիճակ են գցում: Բայց Դու, Տէր, մի՛ մնա հեռու, զօրութիւն իմ, շուտով հասիր ինձ օգնութեան. պահիր անձս սրից, կեանքս՝ շան ճիրաններից. փրկիր ինձ առիւծի երախից, գազազած ցուլերի եղջիւրներից:



Սաղմոս 22, 2-11

Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ: Դու հեռու ես մնում իմ փրկութիւնից, ողբաձայն աղաղակիս խօսքերից. Աստուած իմ, ցերեկով կանչում եմ եւ չես պատասխանում, գիշերն էլ ինձ համար հանգիստ չկայ: Եւ սակայն, Դու ես Սուրբը, եւ նախագահում ես Իսրայէլի օրհնութիւններին. Քեզ յուսացին մեր հայրերը, յուսացին եւ Դու փրկեցիր նրանց, դէպի Քեզ աղաղակեցին եւ փրկուեցին, Քեզ վստահելով՝ յուսախաբ չմնացին: Ինչ վերաբերւում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ, ժողովրդից արհամարհուած մարդկային նախատինք, ով տեսնում է ինձ, ծաղրում է, կծում է շրթունքները, շարժում է գլուխը. «Յուսաց Տիրոջը, թող Տէրն էլ ազատի, թող փրկի, եթէ դրան այդքան սիրում է»: Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից, հանգիստ շնորհեցիր մօրս կրծքի վրայ. հազիւ ծնուած՝ Քեզ եմ յանձնուել, մօրս արգանդից՝ Դու ես իմ Աստուածը:



Հմմտ. Յայտնութիւն 1, 7

Ահա գալիս է ամպերի վրայով եւ նրան տեսնելու են նաեւ նրանք՝ ովքեր խոցեցին նրան:



2 Օրինաց 30, 15-20

Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։ Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք, ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք [...] ։ Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը [...] ։



Հմմտ. Եբրայեցիս 2, 9

Մահուան պատճառով, որ կրեց, Յիսուսը պսակուած է փառքով ու պատուով:



Ղուկաս 24, 46

Գրուած է, որ Քրիստոսը պէտք է չարչարուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:



Ելից 23, 1-2

Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Յանձն մի՛ առ անիրաւ վկայ լինել յօգուտ անիրաւի։ Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով։



Յովհաննէս 17, 1

Հայր, փառաւորիր Որդուդ, որպէսզի Որդին փառաւորի Քեզ:



2 Օրինաց 31, 8

Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր։



Հմմտ. Փիլիպպեցիս 2, 8

Յիսուս Քրիստոսը խոնարհեցրեց իր անձը, հնազանդուելով մինչ ի մահ: