Օրուայ խօսք



Սաղմոս 21, 2-14

Տէր, Քո զօրութեամբ ուրախանում է Մեսիա Թագաւորը, Քո պարգեւած փրկութեամբ՝ ցնծում է յոյժ. լսեցիր իր սրտի փափաքը, չմերժեցիր իր շուրթերի խնդրանքը: Առատ օրհնութիւններով ընդառաջ ես ելնում նրան, նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստուած թագ. կեանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տուիր նրան, օրերով երկար, յաւէտ, անվախճան: Պարգեւածդ փրկութեամբ՝ մեծ է նրա փառքը, Դու զգեստաւորում ես նրան փառքով ու մեծվայելչութեամբ. նրան օրհնութիւն ես դարձնում յաւէտ, երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախութեամբ: Տիրոջն է վստահում Մեսիա Թագաւորը, չի սասանուի Բարձրեալի շնորհի օգնութեամբ: Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ, աջդ հասնելու է Քեզ ատողներին. Դէմքիդ յայտնութեան օրը նրանց դնելու ես բոցավառ հնոցի մէջ: Զայրոյթիդ մէջ, Տէր, կը սպառես նրանց, մի լափող կրակ կը սպառի նրանց. երկրի երեսից կþանհետացնես նրանց պտուղը, նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից: Եթէ չարիք նիւթեն Քո դէմ, եթէ դաւադրեն, յաջողութիւն չեն գտնի. որովհետեւ նրանց փախուստի կը մատնես, նրանց դէմ կ\'ուղղես աղեղդ: Ոտքի կանգնիր, Տէր, ամբողջ ուժովդ. մենք օրհնութիւններ ենք երգում Քո զօրութեանը:



2 Օրինաց 32, 1-4

Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։ Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ, որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն, Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։



Հմմտ. 2 Թեսաղոնիկեցիս 2, 8

Տէրն Իր բերանի շնչով կործանելու է ամբարիշտներին, նրանց ոչնչացնելու է Իր գալստեան յայտնութեանը:



Ծննդոց 2, 18

Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի»։



1 Յովհաննէս 5, 11

Աստուած մեզ տուեց յաւիտենական կեանքը եւ այդ կեանքն Իր Որդու մէջ է:



Յեսու 1, 9

Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս։



Հմմտ. Եփեսացիս 1, 3

Աստուած օրհնեց մեզ երկնքում հոգեւոր բոլոր օրհնութիւններով ի Քրիստոս:



Ծննդոց 1, 26-28.31

Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ Եւ Աստուած մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծոյ պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ Եւ Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ բարի է։



Հմմտ. Հռոմէացիս 9, 5

Քրիստոս Ինքն է ամէն ինչի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած։



Սաղմոս 20, 2-10

Տրտմութեան օրը թող լսի քեզ Տէրը, թող քեզ պաշտպանի Յակոբի Աստծոյ Անունը. թող քեզ օգնութիւն ուղարկի Իր Սրբավայրից, Սիոնից քեզ թիկունք կանգնի: Թող Նա յիշի քո բոլոր ընծաները,մատուցածդ զոհը Նրան հաճելի լինի. թող շնորհի քեզ սրտիդ համաձայն, իրենց աւարտին հասցնի քո բոլոր ծրագրերը: Մենք ցնծալու ենք քո յաղթանակի համար, մեծարելով մեր Աստծոյ Անունը. թող Տէրն ամբողջովին իրագործի քո բոլոր խնդրանքները: Այժմ ես գիտեմ, որ Տէրը փրկութիւնը տալու է Իր Մեսիային. պատասխանելու է նրան Իր Սրբութեան երկնքից, Իր աջի զօրութեամբ, որ փրկում է: Ոմանք իրենց յոյսը դնում են ռազմակառքերի, ուրիշներ՝ ձիերի վրայ, մենք կանչում ենք Տիրոջ՝ մեր Աստծոյ Անունը. նրանք կքւում են եւ ընկնում, մենք ոտքի ենք մնում եւ հաստատուն ենք: Տէ՜ր, փրկի՛ր: Մեզ կը պատասխանի Մեսիա Թագաւորը, այն օրը, երբ մենք կը դիմենք Իրեն: