Օրուայ խօսք



Հմմտ. Յովհաննէս 3, 20-21

Ով չարիք է գործում, ատում է լոյսը, իսկ ով գործում է ճշմարտութիւնը, գալիս է դէպի լոյսը:



1 Յովհաննէս 1, 8

Եթէ ասում ենք՝ թէ անմեղ ենք, խաբում ենք ինքներս մեզ եւ ճշմարտութիւնը մեզնում չէ:



Սաղմոս 35, 22-28

Տէր, Դու տեսար, մի՛ լռիր, Տէր իմ, հեռու մի՛ մնայ. արթնացիր, ոտքի կանգնիր դատիս համար, դատավարութեանս համար, Տէր Աստուած իմ: Տէր, դատիր ինձ ըստ Քո արդարութեան, Աստուած իմ, թող չուրախանան իմ դէմ. թող չկարողանան մտածել. «Գոհ ենք», թող չկարողանան ասել. «Յօշոտեցինք նրան»: Թող ամօթահար լինեն եւ շփոթութեան մատնուեն, նրանք՝ ովքեր վայելում են իմ տառապանքը. ամօթով ու արհամարհանքով ծածկուեն, նրանք՝ ովքեր պարծենում են իմ դէմ: Բոլոր նրանք՝ ովքեր արդարութիւն բաղձացին իմ համար, թող ցնծան ու երգեն ուրախութեամբ. միշտ կրկնեն. «Տէրը մեծ է, Նա կամենում է Իր ծառայի խաղաղութիւնը». լեզուս Քո արդարութիւնն է պատմելու, ամէն օր երգելու եմ Քո գովքը:



Սաղմոս 35, 11-21

Ներկայանում են ամբարիշտ վկաներ, հարցնում են ինձ բաներ, որոնք անգիտանում եմ. բարութեան փոխարէն չարիք են հատուցում ինձ, կսկիծով են լցնում իմ կեանքը: Ես, մինչդեռ, երբ նրանք հիւանդ էին, քուրձ հագած՝ ծոմապահութեան մէջ ուժասպառ էի լինում. ներսումս կրկնում էի աղօթքը ինչպէս մտերիմի ու եղբօր համար. տխուր ու վշտահար թափառում էի ինչպէս մէկը, որն ողբալով լալիս է իր մօր համար: Բայց անկմանս համար ուրախանում են եւ համախմբւում, յանկարծակի հարուածում են ինձ ու չարչարում. արհամարհում են ինձ ու հեգնանքով ծաղրում, ատամները կրճտացնում են իմ դէմ: Մինչեւ ե՞րբ ես հեռուից դիտելու, Տէր. կեանքս ազատիր նրանց յարձակումներից, միակ կեանքս՝ մռնչացող առիւծներից: Երախտագիտութիւն կը մատուցեմ Քեզ մեծ հաւաքոյթում, կը գովեմ Քեզ մի բազմաթիւ ժողովրդի մէջ. թող չկարողանան իմ վրայ ծիծաղել թշնամիներն ու դաւաճանները, եւ թող դադարեն աչքով անել նրանք՝ ովքեր ինձ ատում են առանց պատճառի: Երբեք չունեն խաղաղութեան մի խօսք, զրպարտում են երկրի խաղաղասէրներին. նրանց բերանը բաց է իմ դէմ, ասելու համար. «Մենք ինքներս տեսանք»:



Սաղմոս 35, 1-10

Դատիր, Տէր, նրան՝ ով դատում է ինձ, մարտնչիր նրա դէմ՝ ով իմ դէմ մարտնչում է. վերցրու վահանդ ու զրահներդ եւ շուտով հասիր ինձ օգնութեան: Ձեռքդ առ նիզակն ու սուրը՝ ընդդէմ իմ հալածիչների. խօսի՛ր եւ ասա՛ իմ սրտին. «Ես եմ քո փրկութիւնը»: Թող շփոթութեան մատնուեն եւ ամօթահար լինեն նրանք՝ ովքեր դաւադրում են կեանքիս դէմ. ետ նահանջեն ու խոնարհեցուեն նրանք՝ ովքեր չարիք են նիւթում իմ դէմ: Թող լինեն նրանք ինչպէս փոշին քամու առջեւ, Տիրոջ հրեշտակը թող ցիրուցան անի նրանց. նրանց ճանապարհը թող խաւար եւ սահուն լինի, Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց: Առանց պատճառի ցանց նետեցին իմ դէմ, առանց պատճառի փոս փորեցին իմ համար. չսպասուած մի ձախորդութիւն թող անակնկալի մատնի նրանց, թող բռնուեն այն ցանցի մէջ, որ լարել են, եւ ընկնեն այն փոսի մէջ, որ փորել են: Իսկ ես ցնծալու եմ Տիրոջ մէջ, ուրախանալու եմ Նրա պարգեւած փրկութեան համար. բոլոր ոսկորներս հռչակելու են. «Տէր, ո՞վ է Քո նման, Դու ազատում ես աղքատին առաւել հզօրից, աղքատին ու խեղճին՝ բռնաւորից»:



Առակաց 2, 13-15

Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով. ովքեր կ\'ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով։ Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շաւիղները՝ խոտորնակ։



Առակաց 2, 10-12

Երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնն ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից ու նենգախօս մարդուց։



Առակաց 2, 6-9

Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ Նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. Նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին. Նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում Իրենից երկիւղ կրողների ուղին։ Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ\'ուղղես դէպի բարին։



Հմմտ. 1 Պետրոս 4, 14

Երանի՜ ձեզ, եթէ նախատւում էք Քրիստոսի Անուան համար, որովհետեւ Աստծոյ Հոգին հանգչում է ձեր վրայ:



Սաղմոս 34, 12-23

Եկէք, որդիներ, լսեցէք ինձ, ձեզ կ\'ուսուցանեմ Տիրոջ երկիւղը. կա՞յ մէկը, որ փափաքում է կեանքը եւ կամենում է օրեր՝ ճաշակելու համար բարիքը: Լեզուդ հեռու պահիր չարից, շրթունքներդ՝ ստախօսութիւնից. հեռու մնայ չարից եւ գործիր բարին, փնտռիր խաղաղութիւնը եւ նրան հետեւիր: Տիրոջ աչքերը արդարների վրայ են, Նրա ականջներն ուշադիր են նրանց աղաղակին. Տիրոջ դէմքը չարագործների դէմ է, նրանց յիշատակը ջնջելու համար երկրից: Տէրը լսում է Իրեն կանչողներին, նրանց դուրս է հանում իրենց բոլոր նեղութիւններից. Տէրը մօտ է վշտահար սիրտ ունեցողներին եւ փրկում է ճնշուած հոգիներին: Բազմաթիւ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն ամէն անգամ ազատում է նրան. հսկում է նրա բոլոր ոսկորների վրայ, նրանցից մէկն անգամ չի փշրուելու: Չարութիւնը սպանում է ամբարիշտին, պատժուելու է նա՝ ով ատում է արդարին. Տէրն ազատում է Իր ծառաների կեանքը, չի պատժւում նա՝ ով ապաւինում է Նրան:



Սաղմոս 34, 2-11

Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ, ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է. ես փառքս գտնում եմ Տիրոջ մէջ, թող լսեն խոնարհները եւ ուրախ լինեն: Իմ հետ մեծարեցէք Տիրոջը, միասին պանծացնենք Նրա Անունը. փնտռեցի Տիրոջը եւ Նա ինձ պատասխանեց, իմ բոլոր նեղութիւններից ազատեց ինձ: Մօտեցէք Տիրոջը եւ վերցրէք լոյս, անստուեր կը փայլեն ձեր երեսները. աղքատն աղաղակում է, Տէրը լսում է Նրան, իր բոլոր նեղութիւններից ազատում է նրան: Տիրոջ հրեշտակը զինուած պատրաստ է, ազատելու համար նրանց՝ ովքեր Նրանից երկնչում են. ճաշակեցէք եւ տեսէք, որ քաղցր է Տէրը, երանելի է այն մարդը, որ Նրան է ապաւինում: Երկնչէք Տիրոջից, Նրա սրբեր, Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում. հարուստներն աղքատանում են ու քաղցում, ոչ մի բարիք չի պակասում նրան՝ ով Տիրոջն է փնտռում:



Հմմտ. Փիլիպպեցիս 2, 15-16

Աստղերի նման փայլեցէք աշխարհում, հաստատուն միացած մնալով կեանքի խօսքին:



2 Օրինաց 25, 13-16

Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։ Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։ Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ, որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում։



Յովհաննէս 8, 12

Յիսուսն ասում է. «Ով հետեւում է ինձ, խաւարի մէջ չի քայլի, այլ կ\'ունենայ կեանքի լոյսը»:



Մատթէոս 11, 28

Յիսուսն ասում է. «Եկէք ինձ մօտ, յոգնածներ ու ծանրաբեռնուածներ, եւ Ես ձեզ հանգիստ կը տամ»: