Օրուայ խօսք



Սաղմոս 33, 12-22

Երանի՜ այն ժողովրդին, որի Աստուածը Տէրն է, այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպէս ժառանգութիւն. երկնային բարձունքներից Տէրը դիտում է, Նա տեսնում է բոլոր մարդկանց: Իր բնակութեան վայրից նա զննում է երկրի բոլոր բնակիչներին. Նա Ինքն է կաղապարել իւրաքանչիւրի սիրտը եւ հասկանում է նրանց բոլոր արարքները: Թագաւորի փրկութիւնը իր մեծ զօրքի մէջ չէ, հսկան չի ազատւում իր մեծ զօրութեամբ. յաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է, բանակը չի կարող փրկութիւն պարգեւել: Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրայ են, նրանց վրայ՝ ովքեր յուսացել են Իր սիրոյն. նրանց կեանքն ազատելու համար մահից եւ ապրել տալու համար քաղցի օրերին: Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը, Նա՛ է մեր օգնութիւնն ու մեր վահանը. Նրանում է ուրախանում մեր սիրտը, մենք հաւատում ենք Նրա սրբութեան Անուանը. թող մեզ ընկերանայ Քո սէրը, Տէր, որովհետեւ Քեզ ենք մենք յուսացել:



Սաղմոս 33, 1-11

Ցնծացէք, արդարներ, ի Տէր, ուղղամիտների համար քաղցր է օրհնութիւնը. երախտագիտութիւն մատուցէք Տիրոջը քնարի վրայ, տասնալարեան տաւիղով նուագեցէք Նրա համար. մի նոր երգ երգեցէք Նրան, նուագեցէք եւ երգեցէք արուեստով ու գեղեցկութեամբ: Տիրոջ խօսքը ճշմարիտ է, հաւատարմութեան մէջ են Նրա բոլոր գործերը. Նա սիրում է արդարութիւնն ու իրաւունքը, Տիրոջ սիրով լի է երկիրը: Տիրոջ խօսքով ստեղծուեց հաստատութիւնը, Նրա բերանի շնչով՝ տիեզերքը. ծովերի ջրերը Նա հաւաքում է կուժի մէջ, ամուր փականքների տակ է դնում անդունդները: Թող ամբողջ երկիրը երկնչի Տիրոջից, աշխարհի բնակիչները դողան Նրա առաջ. որովհետեւ Նա խօսում է, եւ ահա՝ ամէն բան ստեղծուած է, Նա հրամայում է, եւ ահա՝ ամէն բան գոյութիւն ունի: Տէրը ջնջում է հեթանոսների մտածումները, կործանում է ժողովուրդների ծրագրերը. բայց Տիրոջ կամքն իրականանում է միշտ, սերնդէ սերունդ՝ Նրա սրտի ծրագրերը:



Հմմտ. Կողոսացիս 1, 12

Ուրախութեամբ երախտագիտութիւն յայտնենք Հօրը, որ պարգեւեց մեզ մասնակցել սրբերի ժառանգութեանը:



Հմմտ. 1 Պետրոս 2, 9

Քրիստոնեաների մասին գրուած է. «Դուք այն ժողովուրդն էք, որին Աստուած ընտրել է՝ աւետարանելու համար Իր հրաշագործ արարքները»:



Առակաց 1, 28-33

Ասում է Աստծոյ Իմաստութիւնը. «Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու, քանի որ ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ Այսուհետեւ նրանք կ\'ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ Իսկ նա, ով ինձ լսի, կ\'ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից»։



Սաղմոս 32, 8-11

«Ես կրթում եմ քեզ եւ մատնանշում եմ հետեւելիք ճանապարհը, խորհուրդ կը տամ քեզ, հսկելով քո վրայ. մի՛ եղիր ձիու եւ ջորու նման, որոնք կշռադատութիւն չունեն. նրանց կատաղութիւնը զսպւում է միմիայն սանձով ու երասանակով»: Բազմաթիւ են տանջանքները, որ սպասւում են չարագործին, մինչդեռ Տիրոջ սէրը շրջապատում է հաւատացեալին. ուրախացէք Տիրոջ մէջ եւ ցնծացէք, ո՜վ արդարներ, սրտով ուղիղներ, աղաղակեցէք ուրախութեամբ:



Սաղմոս 32, 1-7

Երանի՜ այն մարդուն, որն արձակում ստացաւ մեղքից, ներում գտաւ անօրէնութիւնից. երանի՜ այն մարդուն, որին Տէրը յանցանք չվերագրեց եւ նրա հոգում կեղծիք չկայ: Ես լռում էի եւ սպառւում էին իմ ոսկորները ամբողջ օրը հեծեծալով. ձեռքդ ծանրանում էր իմ վրայ գիշեր ու ցերեկ, այրող պապակի փոխուեց ամբողջ կենսունակութիւնս: Յայնժամ խոստովանեցի իմ մեղքը, չթաքցրի իմ յանցանքը, ասացի. «Կը խոստովանեմ ինքս իմ դէմ վիրաւորանքները, որ հասցրել եմ Տիրոջը». եւ Դու կրեցիր իմ մեղքի յանցանքը: Սրա համար էլ հաւատացեալներից իւրաքանչիւրը Քեզ է աղօթում տրտմութեան ժամին. նոյնիսկ եթէ ջրհեղեղի յորձանքներն արձակուեն, չեն կարող հասնել նրան: Դու իմ համար ապաստան ես, ազատում ես ինձ տրտմութիւնից, ազատագրութեան երգերով ես շրջապատում ինձ:



Հմմտ. Եփեսացիս 6, 11

Զգեստաւորուեցէք Աստծոյ զրահներով, որպէսզի կարողանաք դիմադրել սատանայի խաբէութիւններին:



Հմմտ. Հռոմէացիս 1, 5

Ստացել ենք առաքելական պարգեւը, բոլոր հեթանոսներին հաւատքի հնազանդութեան կանչելու համար:



Հմմտ. Ղուկաս 1, 69

Աստուած Դաւթի՝ Իր ծառայի տանը փրկութեան մի ուժ յարուցեց մեր համար:



Սաղմոս 18, 47-51

Կեցցէ՛ Տէրը, օրհնեալ է իմ վէմը, թող յաղթանակի փրկութեանս Աստուածը. Աստուած, որ առնում է իմ վրէժը, ժողովուրդներին ենթարկում է իմ իշխանութեանը: Դու փրկում ես ինձ կատաղի թշնամիներից, ինձ յաղթանակ ես շնորհում ընդդէմ հակառակորդներիս, բռնութիւն սիրող մարդուց ազատում ես ինձ: Սրա համար գոհութիւն եմ մատուցում Քեզ հեթանոսների մէջ: Օրհնութիւններ եմ երգում Քո Անուանը, Տէր, որովհետեւ աւելացնում ես փրկութիւնը Քո թագաւորին. Մեսիային պարգեւում ես Քո սէրը, Դաւթին եւ նրա սերնդին ընդմիշտ:



Սաղմոս 18, 36-46

Դու տալիս ես ինձ փրկութեան Քո վահանը, Քո աջով՝ յենարան ես ինձ. խոնարհուելով՝ Դու ինձ բարձրացնում ես: Հարթում ես ճանապարհը քայլերիս ներքոյ, կրունկներս վստահ են շարժւում. հետապնդում եմ թշնամիներիս եւ հասնում եմ նրանց, ետ չեմ վերադառնում առանց նրանց ոչնչացնելու. հարուածում եմ նրանց, այլեւս չեն կարող ոտքի կանգնել եւ ընկնում են ոտքերիս ներքոյ: Դու զգեստաւորում ես ինձ զօրութեամբ՝ պայքարի համար, իմ առջեւ կորացնում ես յարձակուողներին. թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս, ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին: Նրանք կանչում են, բայց փրկիչ չկայ, Տէրը նրանց պատասխան չի տալիս. նրանց փոշու նման ցրում եմ հողմին, փողոցների ցեխի նման կոխկրտում եմ նրանց: Դու ազատում ես ինձ իմ ապստամբ ժողովրդից, կարգում ես գլուխ հեթանոսների. մի ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ: Ձայնս լսելիս՝ իսկոյն հնազանդւում են, այս օտարերկրացիները ենթարկւում են ինձ. երկիւղով լի օտարերկրացիներ, ահա նրանք, դուրս են գալիս իրենց թաքստոցներից:



Սաղմոս 18, 31-35

Ամբիծ է Աստծոյ ճանապարհը, փորձուած է Տիրոջ խոստումը. Նա վահանն է նրա՝ ով ապաւինում է Իրեն: Ո՞վ է Աստուած, Տիրոջից բացի, ո՞վ է ամրութեան խարիսխ, մեր Աստծուց բացի. Աստուած է, որ գօտեպնդում է ինձ ուժով, ամբիծ է դարձնում իմ ճանապարհը: Եղջերուի ճարպկութեամբ է ինձ ընթանալ տալիս, բարձունքների վրայ հաստատում է ինձ ապահով. ձեռքերս պատերազմի է վարժեցնում, բազուկներս՝ պղնձէ աղեղ լարելու:



Հմմտ. Մատթէոս 8, 11

Շատերը կը գան արեւելքից ու արեւմուտքից եւ ընթրիքի կը նստեն երկնքի արքայութիւնում:



1 Տիմոթէոս 4, 10

Մենք յոգնում եւ պայքարում ենք, որովհետեւ մեր յոյսը կենդանի Աստծոյ վրայ է: