
Առակ Լուցկու և Մոմի մասին
«Այսօր կվառեմ քեզ», ասաց Լուցկին։
Մոմը, սարսափած, պատասխանեց.
«Ո՜չ։ ... Եթե վառես ինձ, ես հալվելով կսպառվեմ։ Իմ օրերը կավարտվեն»։
Լուցկին լուռ մնաց մի պահ, ապա հարցրեց.
«Իրո՞ք ցանկանում ես ամբողջ կյանքդ այսպես անցկացնել։ Սառը, չոր, ... առանց երբևէ փայլելու»։
«Բայց ... ինձ վառելը ցավ կպատճառի, և ... կսպառի ինձ», շշնջաց Մոմը։
«Այո՛, կցավացնի։ Եվ այո՛, քիչ առ քիչ կմարես», պատասխանեց Լուցկին։ «Բայց հենց սրա՛ համար է, որ ծնվել ենք։ Ես` կրակը կպցնելու, իսկ դու` լույս տալու համար։ Իմ բոցը փոքրիկ է, տկար, կարճատև, ... բայց եթե այն կիսեմ քո հետ, եթե այն քեզ փոխանցեմ, իրականացրած կլինեմ իմ գոյության նպատակը, իսկ դու կսկսես իրականացնել քոնը»։
Մոմը նայեց նրան հուզված։ Եվ ճի՛շտ այն պահին, երբ Լուցկին մարելու վրա էր, մեղմիկ ձայնով ասաց. «Խնդրում եմ, ... վառի՜ր ինձ ... »։
Եվ այսպես ծնվեց լույսը։ Փայլուն, ջերմ, կենդանի։ Դարձավ սենյակը լուսավորող բոցը, որովհետև Մոմը վերջապես հասկացել էր, որ իր ճշմարիտ արժեքը անաղարտ մնալու մեջ չէր կայանում, այլ` նվիրվելու, և նվիրվելով` լույս դառնալու։
Երբեմն – հաճա՛խ – լույս լինելը ցավացնում է, բայց այդ ցավը փոխակերպում է ամեն բան։ Որովհետև տալ քո լավագույնը` նշանակում է նաև սեփականազրկվել քո մի մասից։
Եվ թերևս հե՛նց սա է սիրո իմաստը. այրել քեզնից մի քիչ` դարձնելու համար շուրջդ նվազ մութ, նվազ ցուրտ, նվազ խավար, և ընդհակառակը` առավել լուսավոր, առավել ջերմ, առավել ապահով։
Սիրելը, զգացմունք լինելուց ավելի, գործ է, ինքնանվիրում։