– Գրադարան – Mashtoz.org

Աստվածաշնչյան Աստղացույց Նոր Տարվա համար
Յուրաքանչյուր տարվա սկզբին միշտ միևնույն պատմությունն է. հեռուստատեսությամբ, լրագրերում, ձայնասփյուռով տառացիորեն ռմբակոծվում ենք աստղաբաշխական գուշակություններով։ Բայց քանի որ միակ ճշմարիտ մարգարեությունը գտնվում է Աստվածաշնչում, որոշեցինք ձեզ ներկայացնել Աստվածաշնչյան կանխատեսումներն այս նոր տարվա համար։
 
Եթե ծնվել եք Հունվարի 1-ից մինչև Դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ուրեմն գտնվում եք Աստծո շնորհի ազդեցության ներքո, որը «հայտնվեց որպես բոլոր մարդկանց փրկության միջոց» (Տիտոս 2, 11)։
 
ԲԱԽՏ. Առավոտյան աստղը Հիսուս Քրիստոսն է, որովհետև մեր Աստծո գթառատ ողորմության շնորհիվ մեզ ի վերուստ կայցելի արեգակը, որ ծագելու է նրանց վրա, ովքեր նստած են խավարի ու մահվան ստվերների մեջ (Ղուկաս 1, 78-79)։
 
ՍԵՐ. Ձեր երջանկությունը կայանում է Աստծո կողմից սիրված լինելու և փոխադարձաբար Նրան սիրելու մեջ, որովհետև «ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, և ո՛չ էլ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց, Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մեջ» (Հռոմեացիներին 8, 39)։
 
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ. «Տերը պահպանելու է քեզ ամեն չարիքից, պահպանելու է քո կյանքը։ Տերը պահպանելու է քո մուտքն ու ելքը, այժմ և հավիտյան» (Սաղմոս 121, 7-8)։
 
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. «Հաստատ է այս խոսքը. ''Եթե Նրա հետ մահանում ենք, Նրա հետ էլ կապրենք''» (2 Տիմոթեոս 2, 11). «Ոչնչի համար մի՛ մտատանջվեք, այլ՝ որևէ կարիքի մեջ ձեր խնդրանքները ներկայացրեք Աստծուն աղոթքներով, աղաչանքներով ու երախտագիտության մատուցմամբ» (Փիլիպեցիներին 4, 6)։
 
ՓՈՂ. «Իմ Աստվածը կլիացնի ձեր բոլոր կարիքներն ըստ Իր հարստության, մեծաշուք փառքով ի Քրիստոս Հիսուս» (Փիլիպեցիներին 4, 19), «քանի որ սովորել եմ բոլոր իրավիճակներում ինքս ինձ բավական լինել» (Փիլիպեցիներին 4, 11)։
 
ԼՈՒՐԵՐ. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր։ Զգույշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ» (Մատթեոս 24, 6)։ «Մինչ այդ, Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում, ի վկայություն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գա վախճանը» (Մատթեոս 24, 14)։
 
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ. «Բայց մենք գիտենք, որ ամեն բան գործակցում է նրանց բարիքին, ովքեր սիրում են Աստծուն և ովքեր կանչվել են Նրա ծրագրի համաձայն» (Հռոմեացիներին 8, 28)։ «Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ հակառակ կլինի մեզ» (Հռոմեացիներին 8, 31)։
 
Այս ուսուցումները ենթակա չեն ո՛չ լուսնի, ո՛չ աստղերի, ո՛չ էլ մոլորակներից որևէ մեկի ազդեցությանը։ Յուրացրեք դրանք, դրանք դարձրեք ձերը, ամենուր և ամեն պարագայի։
Գնացեք և ապրեցեք Տիրոջ խաղաղությամբ ու բերկրանքով։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։